Վիկտոր Սողոմոնյան. Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ կհայտարարի դրա մասին

2rd.am-ի հարցազրույցը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ

– Պարոն Սողոմոնյան, վերջին տարիներին էլեկտրոնային և տպագիր մամուլում այս կամ այն ձևով գրեթե ամեն օր արծարծվում է նախագահ Քոչարյանի անունը, սա նորություն չէ: Բայց անցած մի քանի օրերին մեկը մյուսի ետևից նրան առնչվող ակնհայտ բացասական երանգավորմամբ  մի քանի հոդվածներ ու նյութեր հրապարակվեցին: Արդյո՞ք Ձեզ չի զարմացնում այս հանգամանքը, հատկապես հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես անցած հինգ տարիներին, այնպես էլ այսօր քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում: Ինչո՞վ եք պայմանավորում այս փաստը:

– Առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքական դաշտում և ԶԼՄ-ներում նախագահ Քոչարյանի հանդեպ գրեթե երբեք չդադարող հետաքրքրությունը զարմացնել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա պաշտոնավարման արդյունքներն ու ցուցանիշերը մինչ օրս ավելի շուտ և ավելի շատ արդիական քաղաքական գործոններ են, քան լոկ պատմություն: Սա ընդհանուր առմամբ: Իսկ թե ինչով է պայմանավորված առանձին թերթերի և կայքերի վերջին օրերին արձանագրված այդ «սև» ուշադրությունը՝ կարող եմ միայն ենթադրել: Կարծում եմ, դրա համար պատճառ է հանդիսացել վերջերս ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել, իսկ Սերժ Սարգսյանինը` ոչ:

Ըստ էության, Զուրաբյանն իր կարծիքն է հայտնել մի կոնկրետ հարցի մասին, և դա, բնականաբար, իր րավունքն է: Ի դեպ, մեզ համար դա անակնկալ էր, որովետև սովոր չենք ՀԱԿ-ից դրական գնահատականներ լսել: Եթե հիշում եք, ես նույնիսկ հրաժարվել էի մեկնաբանել նրա հայտարարությունը: Բայց մեր մամուլում այդ իրադարձությունից հետո մի անհավանկան ներկայցման մեկնարկ տրվեց, որին հետևելիս զարմանքի բազում պահեր եմ ապրել. իսկական փոթորիկ մի բաժակ ջրում: Մի շարք կայքերում և թերթերում վերլուծականների տարափ սկսվեց: Լրագրողներն ու քաղաքագետները սկսեցին գոյություն չունեցող, երևակայական թիմեր ու դաշինքներ ձևավորել և նույնիսկ մատնանշեցին նրանց՝ իշխանության դեմ միասնական պայքարի ձևերն ու մարտավարությունը:

Կարդացեք նաև

Մի շարք այլ կայքեր ու թերթեր սկսեցին պայքարել այդ նոր “միավորման” դեմ, ընդ որում, միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու անհայտ տեղեկությունների հիման վրա կենտրոնական դերերում տեսնելով առաջին և երկրորդ նախագահներին: Հետո այս խառնաշփոթում տարբեր համատեքստերով հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու Սամվել Ալեքսանյանի անունները, գործը հասավ “դաշինքների” բախման հետևանքով հնարավոր աշխարհաքաղաքական ցնցումներին, տարածաշրջանային վայրիվերումներին և այլ դժբախտություն-ների:

Այս ամենը գուցեև ընդամենը զվարճանքի առարկա լիներ, մեկ էլ, իհարկե, զարմանքի, որովետև օրեցօր մամուլից էինք տեղեկանում, թե իրականում ինչ գործընթացներ ենք նախաձեռնել ու ինչ անհնար դաշինքներում հայտնվել: Բայց, ցավոք, այս ամենը մամուլի էջերում հետզհետե /արդեն շուրջ երկու շաբաթ/ ձեռք է բերում հիմնական քաղաքական գործընթացի հավակնություն, ինչն ինքնին որպես երևույթ առավել տարօրինակ է, հատկապես այսօր, երբ Հայաստանում ամենևին էլ նախընտրական շրջան չէ: Գուցե հիասթափեցնեմ շատերին, բայց պետք է հայտարարեմ հետևյալը. այս իրարանցումն արհեստածին է, այն չունի որևէ իրական հիմք, ոչ էլ որևէ առընչություն ունի մեզ հետ: Թերևս, սա հակընդդեմ հայացքներ ունեցոք լրատվամիջոցների՝ մեկ ընթացիկ հայտարարությունից արհեստական քաղաքական գործընթաց ձևավորելու դասական օրինակ է:

Մի խոսքով, կարծում եմ սա է Ձեր նշած հրապարակումների ի հայտ գալու պատճառը:

Ինչ վերաբերում է վերը նշված գործընթացի հետ կապ չունեցող այլ սակավաթիվ հրապարակումներին, այսպես կոչված “կոմպրոմատին”, ապա թերևս նկատել եք, որ վերջերս մենք հազվագյուտ ենք արձագանքում դրանց: Միայն այն ժամանակ, երբ որևէ հոդված ակնհայտ վիրավորանք ու զրպարտանք է պարունակում Ռոբերտ Քոչարյանի կամ իր ընտանիքի անդամների հասցեին:

Ինչո՞ւ:

– Չենք տեսնում դրա իմաստը: Եթե փորձեք վերլուծել վերջին տարիներին հրապարակում եղած այդ «կոմպրոմատային» փաթեթի բովանդակությունը, ապա կտեսնեք, որ այն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի, նենգափոխության ու ամենապրիմիտիվ ստի վրա: Ունեմ բոլոր հիմքերը կարծելու, որ մեր հանրությունն արդեն վաղուց հասկացել է դա: Նախագահ Քոչարյանին կամ նրա ընտանիքին վարկաբեկող որևէ փաստի բացակայության պայմաններում պատվիրատուները, սովորաբար, սահմանափակվում են ամենաէժան հնարքներով, որոնց կարող են հավատալ թերևս միայն անհույս հիմարները: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ այդ պատվիրատուներին պատկանող (կամ նրանց ազդեցության տակ գտնվող) լրատվամիջոցները աղաղակում են ինչ-որ թալանված միլիարդների, սեփական գործարանների ու բուժհիմնարկների, գնված կղզիների, գերշահութաբեր բիզնեսների ու էլ Աստված գիտի, թե ինչի մասին, բայց այդպես էլ որևէ կոնկրետ փաստ մատնանշել չեն կարողանում: Պարզապես չկա նման որևէ մի փաստ և բոլորս էլ ստիպված ենք ընդունել սա: Հետևաբար, ամեն հերթական կամ հիմնավորապես ծեծված կեղծիքին արձագանքելու իմաստը չենք տեսնում: Իսկ ահա, երբ մամուլում ի հայտ է գալիս փաստի հավակնություն ունեցող վիրավորանք կամ զրպարտանք, ապա մենք հերքման պահանջով նախ դիմում ենք լրատվամիջոցին, իսկ վերջինիս չհամաձայնվելու դեպքում՝ դատարան: Արդյունքում լրատվամիջոցը ստիպված է լինում մեծ տուգանք վճարել, ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից ու համապատասխան հերքում տպագրել:

Մամուլում շատ են շրջանառվում նաև մոտ ապագայում նախագահ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:

– Այդ լուրերը շրջանառության մեջ են ավելի քան հինգ տարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից սկսած: Միայն մեկ բան կարող եմ վստահորեն ասել. եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ, իրեն բնորոշ պարզ ու շիտակ ձևով կհայտարարի դրա մասին: Պետք չէ դավադրություններ, խարդավանքներ ու գաղտնի գործընթացներ փնտրել այստեղ, անիմաստ զբաղմունք է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս