Դուք Ձեր իմաստուն խորհուրդներով մեզ շատ եք անհրաժեշտ. Տարոն Մարգարյանը` տարեցներին
Սիրելի տատիկներ և պապիկներ,
1991 թվականից, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ, հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, պարզ ասած՝ որպես ձեր տոն: Կասկածից վեր է, որ տարեց մարդկանց նկատմամբ ունեցած հարգանքով ու պատկառանքով մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ է առանձնացել: Ու հենց այդ վերաբերմունքով էլ ապացուցել է, որ մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մեզ բնավ պարտադիր չէ ունենալ առանձնահատուկ օր: Դուք միշտ էլ եղել ու լինելու եք մեր առանձնակի ուշադրության ու հարգանքի կրողը: Տանը, թե դրսում, ընտանիքում, թե որևէ այլ միջավայրում, ձեր խոսքը միշտ էլ կարևոր ու վճռորոշ է եղել մեզանում: Առանձնահատուկ այդ հարգանքն ու մեծարանքը տարիների ձեր վաստակն է, տարիներ, որոնց ընթացքում հավաքվել, ի մի են բերվել համամարդկային իմաստնությունն ու արժեքները ու, բյուրեղանալով, փոխանցվել սերնդեսերունդ:
Այսօր, տարիքային առանձնահատկություններից ելնելով, դուք, սիրելիներս, ունեք սոցիալական և հոգեբանական բազմաթիվ կարիքներ ու, այս առումով, կրկնապատկվում է ձեր հանդեպ ուշադրության և հոգածության կարիքը: Ու հատկապես մեր՝ երիտասարդներիս առաջնահերթ խնդիրներից է, ձեր նկատմամբ բավարար հոգածության ապահովումը, քանզի յուրաքանչյուր նոր սերունդ, իր ձեռքբերումներով ու հաջողություններով, խոշոր հաշվով հենց ձեզ՝ մեր ավագ սերնդին է պարտական, ձեր տված դաստիարակությանն ու իմաստուն խորհուրդներին:
Իմ շատ սիրելի տատիկներ և պապիկներ, առիթն օգտագործելով՝ ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ դուք մշտապես Երևանի քաղքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք, և մենք անում ու այսուհետ էլ անելու ենք հնարավորը, որ ձեզ համար ապահովենք անհոգ ծերություն:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ ուզում եմ արևշատություն և հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք մաղթել ձեզ:
Համոզված եղեք, որ դուք՝ ձեր իմաստուն խորհուրդներով ու բարի խոսքով, մեզ անչափ շատ եք հարկավոր:
Երևանի քաղաքապետ