Բաժիններ՝

Վահե Յան. Այս ֆիլմը հրաշալի միջոց էր Ռուսաստանում բարձրաձայն ասելու` ով է հայը

Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանում տեղի ունեցավ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

Եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, Առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով: Համալիրի ճարտարապետն Արտակ Ղուլյանն է:

Եկեղեցական համալիրի մասին ամբողջական տեղեկություններ է հաղորդում ռեժիսոր Վահե Յանի «Հավատքի վկաներ» ֆիլմը, որը ցուցադրվեց համալիրի բացման արարողության ժամանակ:

168.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը պատմում է ֆիլմի ստեղծման ու ցուցադրման մասին:

Կարդացեք նաև

– Վահե, Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողության ժամանակ ցուցադրվեց Ձեր ֆիլմը: Կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց, որ ցուցադրվեց:

­­

– ­­­­­­­­­«Հավատքի վկաներ» ֆիլմը նախատեսված էր եկեղեցական համալիրի բացման արարողության ժամանակ ցուցադրելու համար, որպեսզի բոլոր ներկա գտնվող հյուրերն ավելի հստակ պատկերացում կազմեին Հայաստանի, հայի, հայի հավատքի մասին: Հաճախ, երբ իմանում են, որ հայ եմ, այստեղ ինձ հարցնում են. «Իսկ դուք՝ հայերդ, քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման»: Սկզբում զայրանում, փրփրում էի այդ հարցից, մինչև ընդհուպ վիրավորում էի զրուցակցիս: Այս ֆիլմը հրաշալի միջոց էր Ռուսաստանի մայրաքաղաքում  բարձրաձայն ասել, թե ով է հայը, ինչի համար շնորհակալ եմ Ռուսաստանի և նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին` նման պատասխանատու գործն ինձ վստահելու համար: Ինձ համար, ինչպես նաև իմ թիմի համար (մոնտաժի ռեժիսոր Արա Մկրտչյան, անիմատոր Տիգրան Բոջուկյան) մեծագույն բերկրանք էր հայրենիքից հեռու լինելով` ծառայել մեր հայրենիքին` էլ ավելի ամրապնդելով մեր առաքելական քրիստոնեական արմատները:

– Իսկ ֆիլմը ե՞րբ եք նկարել, ինչքա՞ն ժամանակում: Ինչո՞վ էր պայմանավորված վերնագրի ընտրությունը:

– Ֆիլմի վրա սկսել ենք աշխատել հունիս ամսից: Մոնտաժային աշխատանքն ու պոստ-մշակումը վերջացրեցինք ֆիլմի ցուցադրությունից երկու օր առաջ: Պատճառն, իհարկե, նկարահանումների չպլանավորված գրաֆիկն էր, քանի որ եկեղեցական համալիրում մինչև վերջին օրն անգամ ընթանում էին շինարարական աշխատանքներ: Եզրաս Սրբազանի առաջարկությամբ էլ ֆիլմն անվանվեց «Հավատքի վկաներ»:

Vahee

– Ֆիլմում խոսք է գնում հայ-ռուսական հոգևոր բարեկամության մասին, հետաքրքիր է` ինչպե՞ս ֆիլմն ընդունվեց այդտեղ:

– Ֆիլմն ընդունվեց ոգևորությամբ, իհարկե, բայց հավատացեք ինձ, այդ օրն իսկապես ֆանտաստիկ հոգևոր մթնոլորտ էր տիրում եկեղեցական համալիրում, և զգացողություններն այնքան վառ էին ինձ համար, որ շատ դժվարությամբ կկարողանամ առանձնացնել ֆիլմի ցուցադրությունն ու խոսել միայն դրա մասին:

– Քանի որ անձամբ ներկա եք եղել համալիրի բացմանը` կուզենայի իմանալ նաև Ձեր կարծիքը համալիրի մասին:

– Համալիրն՝ իր ոճով, գունային և ճարտարապետական լուծումներով, տարբերվում է մոսկովյան կոլորիտից և ընդհանուր գեղեցիկ ներդաշնակության մեջ է մտնում նրա հետ: Կարծում եմ` ցանկացած հայորդի կջերմանա՝ ոտք դնելով այնտեղ: Այդ իսկ պատճառով հայ ժողովրդի պատմության բոլոր բեկումնային էջերը ֆիլմում պատմվում են եկեղեցական համալիրի միջոցով, իսկ ավելի կոնկրետ` զարդաքանդակների միջոցով, որոնք զարդարում են Մայր տաճարը:

– Վահե, ի՞նչ եք կարծում՝ հավատքը այսօր մեզանում չի՞ պակասել, չնայած շարունակաբար նոր եկեղեցիներ են կառուցվում:

– Այսօր մեծ մարտահրավերների առաջ է կանգնած մեր հավատքը, Հայ Առաքելական եկեղեցին, չեմ կարծում, որ մեզանում պակասել է հավատքը: Այդպես են ուզում ցույց տալ և ներկայացնել… Ոչ, չի պակասել: Եվ, ի վերջո, ցանկացած եկեղեցի կառուցվում է աղոթքի պահանջից, իսկ աղոթքի պահանջը մեր մեջ աննկարագրելի մեծ է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս