Բաժիններ՝

Կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 5.1 մլրդ դրամ:
«Մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաև` 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա: Այս ճշգրտված բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում 2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը:
Երրորդ, հասկանալի է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, և մենք պետք է նրանց համար ստեղծենք այդ անցումը կատարելու ավելի սահուն, հարմարավետ հնարավորություններ: Այս ամենը հաշվի առնելով մենք ըստ էության հարկային եկամտի ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 մլրդ դրամով և արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ: Բնականաբար, մենք պետք է նաև բավարար չափի ռեզերվներ կուտակենք, որպեսզի 2014 թվականի բյուջեն կատարման առումով լինի առավել հուսալի: Դա նշանակում է, որ մենք նաև ծախսային մասերում կատարում ենք որոշակի ճշգրտումներ:
2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով. այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ:
Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ, մասնավորապես, ավելացրինք դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերը, որպեսզի կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքում կարողանանք բարձր պահել և դրանով իսկ նույնպես նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Սրանք են հիմնական փոփոխությունները, որ մենք նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարել ենք», – եզրափակել է վարչապետը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին: Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս