«Երևան ջուրը» սպառողներին այսուհետ պետք է տեղեկացնի՝ զգուշացեք մեր ընկերությունից (լուսանկարներ)
Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 45 փողոցի բնակիչները երեկ դիմել են «168 Ժամ» թերթին՝ ահազանգելով «Երևան ջուր» ընկերության հերթական ապօրինության մասին: Նշյալ հասցեի շուրջ 36 ընտանիք, արդեն 25 օր է՝ ոչ միայն ջրազրկվել են, այլև ապրում են խիստ վտանգավոր պայմաններում, որտեղ մանկահասակ երեխաների հետ կարող են անկանխատեսելի դեպքեր արձանագրվել:
Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչներն այցելելով նշյալ հասցեի բնակիչներին՝ առաջարկել են ջրաչափերը բնակարանների տարածքից տեղափոխել բակային տարածք, որին զուգահեռ` նաև խոստացել են խմելու ջրի խողովակաշարը փոխելուց հետո ջրի որակը նույնպես բարձրացնել: Հատկապես, որ բնակիչները մշտապես ահազանգել են ջրի աղտոտվածության մասին: «Իրենք ասացին, որ խողովակների գումարը մենք պիտի վճարենք, իսկ մյուս՝ ամբողջ ծավալի աշխատանքներն իրենք կկատարեն: Հաջորդ օրն առավոտյան արթնացանք, տեսանք` ամբողջ բակը քարուքանդ են արել, խորը փորել են, որպեսզի, իբր, խողովակաշարերը փոխեն»,- պատմում են զայրացած բնակիչները, ովքեր ստիպված են տևական ժամանակ երեխաներին տանը պահել, որպեսզի ողբերգություն տեղի չունենա, քանի որ քանդման աշխատանքների արդյունքում անգամ քայլելու տարածք գոյություն չունի:
Ինչևէ, արագ կերպով քանդման աշխատանքները կատարելուց հետո «Երևան ջուր» ընկերության աշխատակիցներն այլևս չեն երևացել, որի արդյունքում` տեղի բնակիչները 20 օրից ավելի զրկվել են խմելու ջրից և այդ մասին ահազանգել են բոլոր պետական կառույցներին, թեժ գծերին:
«Ո՞նց կարելի ա էսպես ապրել, դուռը բացում ենք, ու` հսկայական, խորը փոս: Ինչքա՞ն կարող ենք երեխաներին բակ չթողնել, որ մի բան չպատահի: Կամ ինչպե՞ս կարելի է սպառողների հետ էսպես վարվել: Մեկ ամիս եթե ջրի վարձը չվճարենք՝ մեզ կխեղդեն, բայց տեսեք, թե ինչպե՞ս են վարվում ՀՀ շարքային քաղաքացիների հետ: Դիմում ենք իրենց, ասում են՝ բանվորներն աշխատում են: Բայց ո՞նց են աշխատում, եթե քանդելուց հետո չեն երևացել: Էսպիսի խաբերություն ո՞նց կարելի ա հանդուրժել: Դիմում ենք թաղապետարան, իրենք կապվում են «Երևան ջրի» հետ, նրանք ասում են՝ բանվորներն աշխատում են, նման սուտ ինչպե՞ս կարելի ա հանդուրժել: Թաղապետարանից գալիս-նայում ու հեռանում են: Այսինքն՝ «Երևան ջուրը» կարող է էսքան ընտանիքի զրկել ջրից, սահմանափակել տեղաշարժվելու մեր իավունքը և թքած ունենալ իր բաժանորդների վրա: Քաղաքապետարան ենք դիմում, ասում են՝ դա «Երևան ջրի» պարտականությունն է, մենք գործ չունենք: Լավ, ի վերջո, մեր իրավունքն ո՞վ պետք է պաշտպանի»,- վրդովված պատմում էին բնակիչներն՝ ընդգծելով, որ բազմաթիվ բողոքներին արձագանքելով` երեկ «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները կրկին այցելել են տարածք և այս անգամ էլ կասկածի տակ են դրել սպառողների խմելու ջրի անվտանգության կանոնների պահպանման հարցը:
Բանն այն է, որ ընկերության աշխատակիցները երեկ արդեն խմելու ջրի խողովակաշարը տեղադրել են կոյուղագծի խողովակաշարից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Ընդ որում, կոյուղագիծը բավականին մաշված է և տեղ-տեղ արդեն ջրի շիթեր է արձակում: «Հասկանո՞ւմ եք, նրանք թքած ունեն մարդու կյանքի վրա: Մենք պնդեցինք, որպեսզի խողովակաշարի տակ ավազ անեն, ապահովեն խմելու ջրի և կոյուղաջրերի իրար խառնվելու անվտանգությունը:
Անզեն աչքով, նույնիսկ բանից անտեղյակ մարդը հասկանում է, որ ընկերության աշխատակիցները գլխառադ են անում, ստեղծում են մի իրավիճակ, որի արդյունքում հայտնվելու ենք համաճարակային վտանգների մեջ: Անտեսելով մեր դժգոհություններն` այդ խողովակաշարը տեղադրելուց հետո հեռացան՝ առանց ամրացնելու, փոսերը լցնելու և ջրով ապահովելու»,- մեզ հետ զրույցում հավաստիացրին բնակիչները, որոնց արձագանքելով` մենք այցելեցինք նշյալ հասցե և համոզվեցինք, որ «Երևան ջուր» ընկերությունը պարզապես ոտնահարում է ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները և տարածքում ստեղծել է խիստ վտանգավոր իրավիճակ:
Ավելին՝ անգամ նախնական խոստումը, թե այդ ամենը ջրաչափերը բակային տարածք տեղափոխելուց զատ` արվում է ջրի որակն ապահովելու նպատակով, մեծ սուտ է, քանի որ կոյուղաջրի հետ միացված խմելու ջրի խողովակաշարից սպասարկվողը նույն ժանգոտ, դեղին ջուրն է: Բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ընկերության աշխատակիցներն այդքանով իրենց աշխատանքները համարում են ավարտված և հեռացել են` առանց շինարարական աշխատանքներ կատարելու՝ տարածքն անբարեկարգ վիճակում թողնելով: Վերջիններս ենթադրում են, որ նրանք բնակիչներից ակնկալում են գումարների հավաքագրում, որի արդյունքում` հնարավոր է` շարունակեն աշխատանքները: Մինչդեռ, տարածքը քանդելուց բացի, այս թաղամասում ստեղծվել է խիստ վտանգավոր իրավիճակ՝ կոյուղագծի և խմելու ջրի խողովակաշարի շինանյութերով ամրացման շերտի բացակայության պայմաններում, և չի բացառվում, որ առաջիկայում տեղում համաճարակային նշաններ ի հայտ գան:
Այնուամենայնիվ, ականատես լինելով Շիրակի 45 հասցեում քանդման աշխատանքների արդյունքում տիրող իրավիճակին և արձագանքելով բնակիչների արդարացի վրդովմունքին` մենք փորձեցինք կապ հաստատել «Երևան ջուր» ընկերության հետ: Ընկերության օպերատորը թեև խոստացավ իրենց մասնագետների հետ մեզ կապել, այդուհանդերձ, այդպես էլ չարձագանքեցին:
Վերջին անգամ ընկերության Շենգավիթի տարածքային բաժնից էլ հնչել է մի պատասխան, համաձայն որի՝ իրենք տեղյակ չեն այդ հասցեում տիրող իրավիճակից և քանդման աշխատանքներն իրենք չեն սկսել, սա` այն դեպքում, երբ ըստ բնակիչների՝ աշխատանքներն իրականացրել են ընկերության համազգեստով մարդիկ: Բնակիչների բողոքներին ի պատասխան` «Երևան ջրից» ուղղորդում են դիմել Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանից՝ թաղապետարան, այնտեղից էլ` կրկին «Երևան ջուր»:
Երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այդ հասցե, սակայն բնակիչներին տեղեկացրել են, որ իրենք այդ աշխատանքների հետ ոչ մի կապ չունեն:
Մենք նաև կապվեցինք Շենգավիթ վարչական շրջանի Կոմունալ բաժնի պետ պրն Հայրապետյանի հետ, ով ի պատասխան` ասաց.
«Այդ խնդրին ծանոթ եմ, որովհետև բնակիչները մեզ նույնպես տեղեկացրել են: Բանն այն է, որ սահմանված կարգ գոյություն ունի, համաձայն որի՝ խմելու ջրի խողովակաշարը պետք է լինի կոյուղագծից վերև»: Մենք տեղեկացրինք, որ տարածքում եղել ենք և ականատես ենք եղել, թե ինչպես են խիստ մաշված կոյուղագծերի շիթերը լցվում խմելու ջրի խողովակաշարի վրա: Բացի այդ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞ւ քանդման աշխատանքներից հետո 25 օր շարունակ բնակիչների դժգոհություններին լուծում չի տրվում: Վերջինս` տեղեկացնելով, որ ինքն այդ համակարգում նոր է նշանակվել, խոստացավ համայնքի ղեկավարի տեղակալի հետ զրուցել և մանրամասն տեղեկատվություն հաղորդել: Նա նաև հավաստիացրեց, որ մասնագետներ կուղարկի այդ տարածքի խնդիրն ուսումնասիրելու համար:
Հետագայում մեզ հետ կապ հաստատեց նույն բաժնի մասնագետը՝ տեղեկացնելով, որ, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, և ինքն իրավասու չէ «Երևան ջրի» փոխարեն պատասխանել: Խնդիրն այն է, որ, թեև թաղապետարանի մասնագետը փորձում է ՀՀ քաղաքացու շահը պաշտպանել, այդուհանդերձ, հիշեցնում է, որ ոչինչ անել չեն կարող նման խոշոր ընկերությանն ինչ-որ բան պարտադրելու համար: Այսքանից հետո մնում է հուսալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացու շահը պաշտպանող որևէ կառույց, այնուամենայնիվ, կգտնվի:
Մենք կշարունակենք հետևել այս քաղաքացիների խնդրին և կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել «Երևան ջուր» ընկերության` ՀՀ քաղաքացու, իր իսկ սպառողի իրավունքների ոտնահարման փաստերը:
«168 ԺԱՄ»