Տավարաբուծության տապալումը-3. Համառությունը լավ բանի չի հանգեցնում
«168 Ժամն» իր նախորդ համարներում անդրադարձել էր «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրին», որի շրջանակներում Եվրոպայից ներկրվող երինջները հայ ֆերմերների «գլխին պատուհաս են դարձել»: Մենք ներկայացրել էինք հանրապետության խոշոր ֆերմերների տեսակետները, ովքեր մասնակցել էին ծրագրին և կարճ ժամանակամիջոցում զրկվել թանկարժեք կենդանիների
զգալի մասից:
Փոքր ու միջին ֆերմերների հետ մեր հանդիպումները չփոխեցին ծրագրի վերաբերյալ ձևավորված մռայլ պատկերը: Սյունիքի մարզի ֆերմեր Ատոմ Առաքելյանը 2010թ. ձեռք էր բերել 33 երինջ, որոնցից 13-ն արդեն անկել են: Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ երինջները ստանալուց 3 օր անց սատկել է առաջինը, 2 օրից` ևս 2-ը, և այդպես շարունակ: Ֆերմերն ահազանգել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հանձնաժողով են ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար և խորհուրդ են տվել անալիզներ ուղարկել Գորիսում և Երևանում գտնվող լաբորատորիաներ:
«Ախտորոշել են արյան վարակիչ մի հիվանդություն, որ Սյունիքում կամ Բռնակոթում երբեք չի եղել: Իսկ Վրաստանում կար, գուցե ճանապարհին է վարակվել, կամ այլ մի տեղ: Նախարարությունից ասեցին, թե` ձեր մոտ է հիվանդացել, բայց 10 օրում հնարավոր չի, որ անասունը հիվանդանա ու սատկի: Էդպես 1 տարում 13 գլուխը ոչնչացավ, ու գոնե 1 լումա էլ փոխհատուցում չտվին: Էսօր էլ դատարաններով պարտադրված եմ, այդ գումարները վճարում եմ»,- ասաց Ա.Առաքելյանը:
Ֆերմերը նախարարությունից խնդրել է վճարումների ժամկետը երկարաձգել, բայց մերժում է ստացել. «Էլ բան չունենք վաճառելու, որ տանք իրենց»: Ա.Առաքելյանը երինջների համար արդեն վճարել է մոտ 11 մլն դրամ, շուտով պետք է վճարի ևս 10 մլն, իսկ հաջորդ տարի` 20 մլն դրամ, դրան հավելած նաև որոշ քանակի տույժերը` վճարումներն ուշացնելու համար: «Մինչև էդ կարգին տնտեսություն ունեի, հիմա վերջանում է, վերացնելու եմ: Պիտի վաճառեմ կենդանիները, որ պարտքը փակեմ»,- նշեց Առաքելյանն ու նկատեց, որ, եթե տավարաբուծության այդ ծրագիրը նույն ձևով պետք է շարունակեն, ապա ժողովուրդը մեղք է. «Ես դժգոհ եմ ծրագրից, անասունների կաթնատվությունը վատ չի, բայց եթե մեր տեղական անասուններին նույն չափով կերակրես, էդքան կաթ կտան»:
Կոտայքի մարզի ֆերմեր Արտյոմ Խաչատրյանն անցած տարի պետական ծրագրով գնել էր 30 երինջ, բայց նույն տարում էլ «ազատվել» է դրանցից:
«Առաջին կովի ծնելուց հետո բոլորը վաճառել եմ ու էլ չգիտեմ, թե դրանցից քանիսն են կենդանի մնացել: Դրանց պահելու համար տիտանական աշխատանք է պահանջվում, հայ գյուղացու կուլտուրայի մեջ չկա մսուրային անասուն պահելը: Եվրոպական տեխնոլոգիաներով եթե պահես, արտադրանքի ինքնարժեքն էլ է բարձր լինում ու համարժեք է մեր տեղական կովերի տված մթերքի ինքնարժեքին: Սա փորձանք է գյուղացու համար, ավելի լավ է չբերեն ու չհրապուրեն մարդկանց»,- ասաց Ա.Խաչատրյանը: Նրա կարծիքով` առավել արդյունավետ կլիներ, եթե երինջների փոխարեն` հորթեր բերվեին, որոնք ավելի հեշտ կընտելանային տեղի պայմաններին, ծրագիրն էլ ավելի էժան ու շահավետ կլիներ:
Կոտայքի մարզի Ալափարս գյուղի ֆերմեր Դավիթ Ղարիբյանը թեև շատ չդժգոհեց ծրագրից, բայց նրա մոտ էլ իրավիճակը լարված է: Այս տարվա ապրիլին վերցված 33 երինջներից 3-ն են անկել, բայց մյուս կենդանիները դեռ չեն ադապտացվել: «Էնպես չի, որ իմ ուզածն է, բայց շատ վատ չի վիճակը: Անկած անասունը ոչ մի խնդիր չի ունեցել, ուղղակի նորմալ կեր չեն կերել, նիհարել, սատկել են»,- հայտնեց Դ. Ղարիբյանը: Ընդ որում` Գյուղատնտեսության նախարարության մասնագետները չեն կարողացել պարզել, թե ինչու են կենդանիները սատկել, թեև երինջները պահվում են մսուրային պայմաններում:
Չնայած այս տխուր պատկերին, Գյուղնախարարությունը չի ուզում ընդունել ծրագրի անարդյունավետ լինելը և մտադիր է այն շարունակել: Ավելին` մեր հրապարակումներից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն 9 էջանոց պարզաբանում է ուղարկել մեզ, որում որպես կենդանիների անկման պատճառ` նշում է դրանց պահելու վատ պայմանները, նաև ֆերմերներին մեղադրում է նրանում, որ մորթված կենդանիները նույնպես որպես անկում են ներկայացնում:
«Բնականաբար, անասնաբուծությունը պարունակում է որոշակի ռիսկեր, և երկրագնդի վրա չկա տավարաբուծությամբ զբաղվող որևէ մեկ տնտեսավարող սուբյեկտ, որի ֆերմայում չարձանագրվեն կենդանիների անկման դեպքեր: Ռիսկերն էլ ավելի են մեծանում կենդանիների ներկրման դեպքում (առավել ևս` տևական փոխադրումների ընթացքում): Անգամ այդ պարագայում փորձառու սելեկցիոներները դիմում են բարձրարժեք տոհմային կենդանիների ներկրմանը և այդ գործընթացն արդարացված են համարում, եթե անգամ պահպանվում է կենդանիների մեկ երրորդը, քանզի դրանցից ստացված սերունդը հանդիսանում է այն գենոֆոնդը, որի վրա էլ հիմնվում է հետագա տոհմասելեկցիոն գործընթացը: Այնուամենայնիվ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետամուտ է եղել մանրազնին ընտրասերման միջոցով ընտրել և ներկրել առավել ամուր համակազմվածքով կենդանիներ, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել հետագա ելքերը»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա նաև պնդում է, որ հանրապետությունում ներկրված տոհմային երինջների միջին տարեկան ելքը չի գերազանցել նույնիսկ 10%-ը, թեև ֆերմերներն այլ բան են ասում: Հիշեցնենք նաև, որ նախարարությունն «Արզնի» ընկերության ղեկավարությանը խնդրել էր կենդանիների անկման թիվը պակաս ցույց տալ: Բնականաբար, եթե նախարարությունն աշխատում է` ինչպես Ազգային վիճակագրական ծառայությունը` թվերը հարմարեցնում է իրեն, ապա արդյունքը, բնականաբար, պետք է դրական լինի: Ա.Հովհաննիսյանի պարզաբանման մեջ մի ուշագրավ կետ կա: Մենք հրապարակել էինք նաև ֆերմերների դժգոհությունն այն առումով, որ ծրագրի շրջանակներում պետական կառույցը նախընտրում է երինջների ներկրումը շարունակել Եվրոպայից` անտեսելով ՀՀ-ում նույն կովերից ստացված սերունդները, որոնք արդեն տեղայնացման խնդիր չունեն, և դրանց անկելու վտանգ չկա: Հայ ֆերմերներից երինջներ չգնելը Հովհաննիսյանը պատճառաբանում էր նրանով, որ դրանց համար ֆերմերները պահանջում են այնքան գումար, որքան արժե Եվրոպայից բերված կենդանին: Չնայած այստեղ էլ պաշտոնյաների ու ֆերմերների պնդումները տարբերվում են, քանի որ մեր զրուցակից ֆերմերները պատրաստակամություն էին հայտնել երինջները վաճառել ինքնարժեքով` 850 հազար դրամով:
Այժմ, Հովհաննիսյանի գրությունից պարզվում է, որ Գյուղնախարարության ներկայացմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է 2011 թվականի մայիսի 5-ի N 555-Ն որոշումը, որի հավելվածի 5-րդ կետը սահմանում է, որ ներկրված երինջների դիմաց կատարված վճարումներից գանձապետական հատուկ հաշվի վրա կուտակված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել նաև «նախկինում ներկրված կենդանիների վերարտադրության արդյունքում ՀՀ-ում ստացված սերնդից լավագույն կենդանիների գնման և տարաժամկետ վճարման պայմանով գյուղացիական տնտեսություններին տոհմային երինջների հատկացման համար»: Թե ինչու այս որոշման առկայության պայմաններում նախարարության ներկայացուցիչներն ու ֆերմերները չեն կարողացել համաձայնության գալ, հասկանալի չէ: Ամեն դեպքում, ֆերմերները մեզ հետ զրույցներում կրկին տեսակետ հայտնեցին, որ եվրոպացի ֆերմերները որոշակի փոխհատուցում են տրամադրում` իրենց երինջներն ընտրելու համար:
ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանը «168 Ժամի» հետ զրույցում նույնպես տարակուսանք հայտնեց, թե ինչու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի ցանկանում աջակցել հայ ֆերմերներին` նրանցից գնելով տոհմային երինջները, փոխարենը` աջակցում է եվրոպացի ֆերմերին. «Ֆերմերներն ասում են` մեզ տվեք այնքան, ինչքան վճարել եք Եվրոպայում` 800-900 հազար դրամ: Կարող են այստեղից ձեռք բերել այնքան, որքան առաջարկ կա, մնացած պահանջարկը լրացնեն Եվրոպայից ներկրվածով: Այն ֆերմերները, որ այսօր առաջարկում են գնել իրենց երինջները, իրենք պարտք են պետությանն ու ուզում են գոնե վերահաշվարկ անել:
Բայց եթե չեն ուզում տեղական արտադրողին խթանել, այլ խթանում են արտասահմանցի ֆերմերներին, անհասկանալի է»: «Ես չէի համարի, որ սա հաջողված ծրագիր է, կարելի էր ավելի մատչելի և արդյունավետ ծրագիր իրականացնել: Այդ թանկարժեք կենդանիները բերել այստեղ ու սատկացնել` այնքան էլ արդյունավետ չէ: Մենք չունենք նման հնարավորություն, գիտեք` մեր գյուղատնտեսությունն ինչ վիճակում է: Մեր ֆերմերները հայտնվել են փաստի առաջ»,- հավելեց պատգամավորը:
«168 ԺԱՄ»