Բաժիններ՝

Աշխարհի ամենանորարար ընկերություններից մեկը շեշտակիորեն ընդլայնում իր գործունեությունը Հայաստանում

«Ֆորբս» ամսագրի տվյալներով, ներկայում VMware ընկերությանը ներառված է աշխարհի առավել նորարարական ընկերությունների եռյակի մեջ: Ընկերության ավելի քան 5 մլն հաճախորդների և 55.000 արտադրանք տարածող և իրացնող գործընկերներից են համաշխարհային Apple, Dell, IBM, Siemens, Intel, Hitachi, HP և այլ խոշոր ընկերություններ: Նախորդ տարվա տվյալներով` ընկերության տարեկան եկամուտը կազմում է 4,61 մլրդ դոլար, ակտիվները` 8.09 մլրդ, իսկ կապիտալը` 4,63 մլրդ դոլար:

VMware ամերիկյան ծրագրային ապահովման այս ընկերությունը ծրագրում է շեշտակիորեն ընդլայնել իր գործունեության ոլորտները Հայաստանում և մի քանի անգամ ավելացնել աշխատակիցների թիվը: (Նշենք, որ այժմ ընկերության հայաստանյան գրասենյակում աշխատում են 60 որակավորված ծրագրավորող):

Թե ինչո՞ւ է ընկերությունը պատրաստվում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում` 168.am-ը փորձել է պարզել ընկերության գործադիր փոխնախագահ Ռագու Ռագուրամից, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:

– Պարոն Ռագուրամ, ինչո՞ւ որոշեցիք, ընկերության գործունեությունն ընդլայնել Հայաստանում, ինչո՞վ է այդ ամենը պայմանավորված:

Կարդացեք նաև

– Մեր ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականից, սակայն, ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Մենք մշակում ենք նորարարական ծրագրերի լայն տեսականի, մասնավորապես` հիպերվիզորներ, ցանցային և անվտանգության համակարգեր, սերվերների և անհատական համակարգիչների ծրագրային ապահովում: Բացի այդ` մշակում և տրամադրում ենք ամպային համակարգերի և վիրտուալիզացիայի ծրագրային ապահովում ու ծառայություններ, և այլն: Մեր ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ, իսկ այժմ պատրաստվում ենք պարզապես ընդլայնել Հայաստանում մեր գործունեության ոլորտները: Հենց այդ աշխատանքներն ու մեր հետագա գործունեության ուղղությունները հստակեցնելու համար էլ ես այժմ գտնվում եմ Հայաստանում, քանի որ իրականում այստեղ ստացված արդյունքները բավականին գոհացուցիչ են, հատկապես ծրագրային ապահովման մասով:

VMware-ի հայաստանայն թիմը մեծ մասնակցություն ունի ընկերության հիմնական արտադրանքներից մեկի` Կառավարման ծրագրերի փաթեթի (VMware Management Product suits) մշակման մեջ:

Կարծես մեր հարևան երկրներում ընկերությունը ներկայացված չէ, այնպես չէ՞:

– Ճիշտ նկատեցիք, մենք ներկայացված ենք միայն Հայաստանում: Այս առումով այստեղ մեզ համար կարևոր են կադրերն ու մասնագետները, ընդհանրապես մարդկային ներուժն ու պոտենցիալը, որ գոյություն ունի Հայաստանում: Մինչ այժմ Հայաստանում մեր ներդրումների ծավալները փոքր են եղել, սակայն այստեղ առկա մարդկային ռեսուրսն է նաև այն պատճառներից կարևորագույնը, որ մեր ընկերությունն առաջիկա տարիների ընթացքում ցանկանում է մեծացնել իր ներդրումների ծավալները Հայաստանում: Առաջիկա 4-5 տարիներին, կարծում եմ, այդ թիվը կկազմի մինչև 100 մլն դոլար:

Իսկ կա՞ն արդյոք խոչընդոտներ. Հայաստանում գործունեություն ծավալելիս ի՞նչ խոչընդոտների եք առնչվում, օրինակ` հարկային, մաքսային դաշտը մեր երկրում Ձեր գործունեության համար բարենպա՞ստ է:

– Իրականում հենց այդ հարցերն են, որ մենք արդեն ներկայացրել ենք ՀՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, հանդիպել ենք և խոսել այս ամենի մասին նաև գիտական և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Այստեղ կրթական համակարգը մեզ համար նպաստավոր է, և մարդկային կապիտալը շատ կարևոր, սակայն հենց Ձեր նշած ուղղությամբ, որոշ խնդիրներ կան: Օրիանկ, մեր գործունեության համար անհրաժեշտ գործիքակազմը բերելը ոչ միայն երկար ժամանակ է պահանջում, այլ նաև դրա համար բարձր հարկեր են դրված,  խոսքը սարքավորումների մասին է: Հենց այդ առնչությամբ արդեն դիմել ենք ՀՀ կառավարությանը, իսկ նրանք ասել են, որ բաց են ու պատրաստ են աջակցել մեզ` այդ խնդիրների լուծումները գտնելու համար: Համենայնդեպս, այդպես են ասում:

Հայաստանում ներկայացված են նաև այլ խոշոր ընկերություններ, օրինակ «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որը ևս ամպային տեխնոլոգիաների ուղղությամբ առաջարկներ է կատարում: Կան նաև այլ ընկերություններ կան: Ի՞նչ կասեք մրցակցության մասին:

– Իհարկե, տեղյակ ենք, որ այստեղ կան նաև այլ տեխնոլոգիական հեղինակավոր ընկերություններ, սակայն հենց մրցակցությունն է և մարդիկ են, որ պետք է ընտրություն կատարեն, թե, օրինակ` ում ծառայություններից օգտվել: Իհարկե, «Մայքրոսոֆթ»-ը լավ մրցակից է, սակայն մենք էլ ունենք հաճախորդներ, այսինքն` այդ ամենը կորոշի շուկան:

Սակայն շուկայում այժմ ամենակարևորը նորարարությունն է, իսկ ըստ «Ֆորբս» ամսագրի` հենց մենք վերջերս ճանաչվեցինք աշխարհում 3-րդ ամենանորարար ընկերությունը:

Հայաստանում, սակայն, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ծրագրային ապահովման զարգացմանը, քանի որ բարձրորակ ճարտարագետներ կան այստեղ, ովքեր շատ բարձրորակ ապրանք են ստեղծում, իսկ դա հենց Հայաստանին է բնորոշ, որտեղ կրթական մակարդակը, կարծում եմ, շատ բարձր որակի վրա է դրված: Խոսքս հատկապես տեխնոլոգիական ոլորտի կրթության մասին է: Կարծում եմ` տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով, մասնավորապես` ծրագրավորման ոլորտում, Հայաստանը հսկա ներուժ ունի, սակայն Հայաստանում արտադրվող ապրանքների շուկան այդքան մեծ չէ, ու դա է պատճառը, որ մենք աշխատում ենք գլոբալ տնտեսության մեջ և Հայաստանում արտադրվող պրոդուկտները վաճառվում են ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս