
«Բելազը» ստեղծել է աշխարհի ամենամեծ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Բելազը» (БелАЗ) ստեղծել է աշխարհի ամենամեծ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան, որի բեռնունակությունը կազմում է 450 տոննա: Բեռնատարը երեկ ներկայացվել է Բելառուսի ավտոմոբիլային գործարանի փորձարկման պոլիգոնում:
Ընկերությունը պատրաստում է ինքնաթափի փաստաթղթերը ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար: Նախորդ ռեկորդը պատկանում է Liebherr ինքնաթափին, որը 2003 թվականին կարողացել է բարձրացնել 360 տոննա: Ավելի ուշ՝ 2007 թվականին, «Բելազը» նույնպես ստեղծել էր դրան համարժեք մեքենա:
«Բելազի» նոր մեքենան՝ БелАЗ-75710-ը, նախատեսված է -50-ից +50 ջերմաստիճանի պայմաններում (տարբեր կլիմայի դեպքում), լեռնատեխնիկական բարդ պայմաններում աշխատելու (հանքանյութ տեղափոխելու) համար: Մեքենայի ընդհանուր քաշը կազմում է 810 տոննա, այն ունի 8 անիվ, նրա առավելագույն արագությունը կազմում է 64 կմ/ժամ: