Հազարամյակի զարգացման նպատակները կտապալավեն, եթե պետություններն այսօր քայլեր չձեռնարկեն կոռուպցիայի դեմ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, լինելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ, միացել է Պանամայում կայանալիք 5-րդ համաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հայտարարությանը:
«Հանրային շահերի համար պաքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ զգուշացնում են կառավարություններին, որ Հազարամյակի զարգացման նպատակները կտապալավեն, եթե պետություններն այսօր քայլեր չձեռնարկեն կոռուպցիայի դեմ:
Հանրային շահերի համար պայքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ այսօր իրենց ուղերձը հղեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահող պարոն Ջոն Էշին և իրենց պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց՝ կանգնեցնել կոռուպցիայի հետևանքով հանրային միջոցների արնաքամ լինելը: Դրանք այն միջոցներն են, որոնք կարող էին օգտագործվել՝ նվազեցնելու ծննդաբերության ժամանակ մայրերի մահացությունը և մանկական մահացությունը, ապահովելու համընդհանուր կրթություն, մաքուր խմելու ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ, նվազեցնելու կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, հասնելու Հազարամյակի զարգացման բոլոր հիմնական նպատակներին:
Այդ կազմակերպությունները նշում են, որ իշխանությունները պետք է վերջ տան գաղտնիության պրակտիկային, որից օգտվում են կոռումպացված պաշտոնյաները, և փակեն քրեական օրենքներում այն սողանցքները, որոնք նպաստում են կոռուպցիոն հանցագործություններ կատարածների նկատմամբ մեղմ վերաբերմունքին: Իշխանությունները պետք է նաև վերացնեն այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մի պետության համապատասխան պետական մարմիններին՝ հետ բերելու այլ պետություներում թաքցված՝ գողացված ակտիվները: Նշված կազմակերպությունները մաս են հանդիսանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ ԿԿ) կոալիցիային, համաշխարհային մի ցանցի, որը պայքարում է, որպեսզի ՄԱԿ ԿԿ մասնակից պետություններն այդ Կոնվենցիան, որն այս տարի կնշի իր ստորագրման 10-ամյակը, դարձնեն ավելի գործուն մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարում:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ներկայումս իր նիստերն է անցկացնում Նյու Յորքում և նրա աշխատաքներին մասնակցում են աշխարհի ավելի քան 130 երկրների ղեկավարներ և 60 երկրների արտաքին գործերի նախարարներ: Այսօր Ասամբլեան կքննարկի Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու ուղղղությամբ կատարվող քայլերը և ՀԶՆ՝ 2015 թ. և հաջորդ տարիների օրակարգը: Նկատի առնելով այս քննարկումները՝ ՄԱԿ ԿԿ կոալիցիան իր 350 անդամ կազմակերպությունների անունից նամակ է հղել Ասամբլեայի նախագահող պարոն Էշին՝ շեշտելով, որ կոռուպցիան այսօր ՀԶՆ իրականացման ճանապարհին առկա առանցքային խոչընդոտն է և այդպիսին կլինի նաև ապագայում: Նամակում, որը ստորագրել է ՄԱԿ ԿԿ կոալիցիայի նախագահ պարոն Վինսենթ Լազատինը, նշվում է, որ «Կոռուպցիան սովորական հանցագործություն չէ: Այն ողջ աշխարհում կարճեցնում, իսկ հաճախ էլ ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Այն ի չիք է դարձնում տնտեսական զարգացումը և բերում է սոցիալական անհավասարության և անարդարության: Այն դեմ է մարդու իրավունքներին և մարդկային արժանապատվությանը»:
Կոալիցիայի նամակը ներառում է նաև Կոալիցիայի հայտարարությունը, որն առաջարկում է ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելմանը և պատժելուն ուղղված մի շարք քայլեր ՄԱԿ ԿԿ մասնակից պետությունների գալիք համաժողովում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ից 29-ը Պանամա քաղաքում: Այս հայտարարությունը նույնպես ուղարկվել է կոնվենցիան վավերացրած 167 երկրների նախարարներին և ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնողներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու այդ առաջարկներին նախքան նշված համաժողովը: Պարոն Լազատինը պետությունների առաջնորդներին հիշեցնում է. «Աշխարհի ժողովուրդները փոփոխությունների կոչ են անում: Հիմա է գործելու ժամանակը»:
Ծանոթագրություն. ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (ՄԱԿ ԿԿ) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող գլոբալ միակ իրավական համապարփակ փաստաթուղթն է: Այն Կոնվենցիան ստորագրած 167 պետությունների միջև իրավապարտադիր համաձայնագիր է, որը սահմանում է կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման, հետաքննման և պատժելիության չափանիշները և պահանջները:
ՄԱԿ ԿԿ Կոալիցիան, որը ստեղծվել է 2006 թ., հանդիսանում է ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց: Նրա նպատակն է նպաստել ՄԱԿ ԿԿ վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին:
Հազարամյակի զարգացման նպատակները 2000թ. Կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթաժողովից հետո սահմանված 8 նպատակներն են: Դրանք ներառում են աղքատության և սովի վերացումը, համընդհանուր տարրական կրթությունը, սեռերի իրավահավասարությունը, մանկական և մայրական մահացածության կրճատումը, հիվանդությունների հաղթահարումը, շրջակա միջավայրի մնայուն պահպանման ապահովումը և հանուն զարգացման գլոբալ գործընկերության հաստատումը»:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն