Բաժիններ՝

Օֆշորի պատմության շարունակությունը կամ տնտեսական սատանայություն՝ ըստ Բագրատյանի

«168 Ժամի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 

– Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք գնահատում եվրոբոնդերի թողարկումը, որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:

– Ես բուն եվրոբոնդի էությանը չեմ անդրադառնա, բայց նախևառաջ ուզում եմ ասել, որ ես իսկապես վրդովված եմ, որ փաստորեն երկրի պետական պարտքն ավելանում է` առանց Ազգային ժողովի գործուն մասնակցության: Երկրորդ`ես բուն նախագիծը մեթոդապես սխալ եմ համարում, որովհետև գտնում եմ, որ ավելի ճիշտ կլիներ եվրոբոնդի փոխարեն ստեղծվեր «Հայաստան ներդրումային հիմնադրամ», թույլ տրվեր ամեն մի հայի փող դնել այստեղ։ Վերջապես` հայության ձեռքում այսօր 280 մլրդ դոլար ունեցվածք կա աշխարհով մեկ, և ամեն մարդու երաշխավորեինք, օրինակ, 5% եկամտաբերություն, նաև մարդը կարողանար այդ հիմնադրամում ընտրել այն նախագիծը, որն ուզում է իրականացնել: Հիմնադրամի երաշխավորը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը: Բայց ես եկա այն համոզման, որ ներդրումների հարցում  մեր պետությունը չի ձգտում, որպեսզի իր ժողովուրդը փող դնի երկրի զարգացման վրա:

Կարդացեք նաև

 

– Ուզում եք ասել խոշորն այստե՞ղ էլ է հաղթում։

– Այո, ներդրումների դաշտը մենաշնորհացված է։ Մենք հաճախ խոսում ենք, որ մայր հայրենիքում հայությունն ավելի մեծ տառապանքներ է կրում, քան սփյուռքում, բայց միաժամանակ թույլ չենք տալիս, որ սփյուռքը ներդրումներ անի այստեղ: Կա «Հայաստան» հիմնադրամը, որտեղ կարող են ներդրումներ անել միայն խոշորները, և մենք չենք ստեղծել մի պրոդուկտ, որը զանգվածաբար թույլ կտար մարդկանց 100 դոլարով, 500 դոլարով, 1000 դոլարով իրենց խնայողությունները ներդնել այդ հիմնադրամում: Դժբախտաբար, «Հայաստան» հիմնադրամը և Համահայկական բանկը բոլորովին այլ գործառույթներ են իրականացնում և իրենց տեղում չեն: Եվ այս պայմաններում մենք գնում ենք, իբր թե արտասահմանյան ներդրողներին վաճառում ենք պետական արժեթղթեր: Ինձ ապշեցրեց դրանց տոկոսը: Ասվել է, որ 700 մլն դոլար է վաճառվել` 6%-ով: Քանի որ դրա վրա եկամտահարկ չկա, կոպիտ հաշվարկով ստացվում է 7%: Դա սարսափելի մեծ թիվ է: Միայն Հունաստանի արժեթղթերն են Եվրոպայում ավելի թանկ:

 

– Բայց ասվում է, որ Վրաստանից և Ռուսաստանից ավելի լավ պայմաններով են թողարկել:

– Ոչ, սխալ են ասում: Պետք է ստուգել Վրաստանում և Ռուսաստանում հարկային արտոնություններ տվել են ներդրողներին, թե ոչ: Եթե հարկային արտոնությունները գումարում ենք, ապա 25% եկամտահարկը հաշվեք, տեղաբաշխման ճիշտ թիվը կլինի 7.2%: Սա արդեն շատ վատ է: Համենայն դեպս այս փողն ավելի թանկ է, քան այն փողը, որ վերցրել են ռուսական վարկով, որը, ինչպես կառավարությունն է ասում, պետք է փակեն:

 

Ձեր կարծիքով` հարկային արտոնություն ինչո՞ւ տվեցին:

– Այս արժեթղթերը գնողներին հարկային արտոնություն են տվել, և դա կատարվեց տառացիորեն օրեր առաջ: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այստեղ ներդրողների մեջ  Հայաստանի հայեր կան: Սա վարչապետի օֆշորի պատմության շարունակությունն է: Մեզ թափանցիկորեն չեն ասում, թե ովքեր են գնորդները և ինչ կարիք կար այդ պայմաններում, երբ մենք օֆշորային սկանդալի մեջ ենք, այս նախագիծը առաջ տանել: Սա Տիգրան Սարգսյանի ոճն է. երբ 2005թ-ին վտանգ կար, որ ինքը չի վերանշանակվի Կենտրոնական բանկի նախագահ, այնպես արեց, որ երկրի ղեկավարությունը բանկերի տեր դառնա։ Հիմա վախենում է, որ հանկարծ չեն վերանշանակի վարչապետ և անում է այնպես, որ ամբողջ բիզնես աշխարհն իր թիկունքին կանգնի: Արդյունքում վճարելու է ոչ թե Տիգրան Սարգսյանը,այլ ամբողջ ժողովուրդը, որն այլևս դատապարտված է երբևիցե չունենալ որևէ տնտեսական առաջընթաց, քանի կա այս ռեժիմը, քանի կա այս կառավարությունը: Որևիցե տնտեսական առաջընթացը բացառվում է: Ամեն տարի մենք կլսենք այսպիսի սատանայական որոշումներ: Ես սա տնտեսական սատանայություն եմ համարում:

 

– Եվրոբոնդերն արտաքին պարտքն ինչքանո՞վ են ավելացնում:

– Մեր արտաքին պետական պարտքը միանգամից ավելանում է 17-18%-ով, իսկ ընդհանուր պետական պարտքն ավելանում է շուրջ 11%-ով:

 

– Տիգրան Սարգսայնն ասել էր, որ եվրոբոնդերի գումարով կփակեն նաև ռուսական վարկը: Որքանո՞վ է դա թույլատրելի:

– Ռուսական վարկի տոկոսադրույքը մոտ 4% է, այսինքն` հիմա այս արժեթղթերը շատ թանկ են վաճառվել: Ինքներդ դատեք` գերմանական կառավարության արժեթղթերը, որ ամենացանակալիներից են, այսօր վաճառվում են մինչև 1.5%-ով, մեք վաճառել ենք 7%-ով` հաշված նաև եկամտահարկը: Դա շատ թանկ է: Այսօր եվրոպական երկրների մեջ միայն Հունաստանն է ավելի թանկ վաճառում, որի ռեյտինգն առ ոչինչ է, ռեյտինգ չունի: Ինչո՞ւ, որովհետև նրա պետական պարտքը ՀՆԱ-ի 180% է, իսկ Իտալիան, որի պարտքը ՀՆԱ-ի 130% է, վաճառում է 7%-ից ցածր գնով: ՀՀ-ն, որ դեռ այդ վտանգների մեջ չի, վաճառում է 7%-ով, որը շատ թանկ է, և Տիգրան Սարգսյանը մեզ միանգամից մտցրեց 2 անգամ ավելի թանկ փողի մեջ, քան ռուսական վարկն էր: Եվ տարօրինակ է, որ այս բանն արվում է Մաքսային միություն մտնելուց հետո, որ եթե իսկապես ՄՄ էինք մտնում, մենք կարող էինք Ռուսաստանի 500 մլն դոլարն ընդհանրապես չտալ` հետևյալ պատճառաբանությամբ, որ մեզ նախապատվություն (преференция) է պետք, որովհետև ՄՄ մտնելով, մենք սկզբից միանգամից վնաս ենք կրելու: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը մեզ կզիջեր, կամ գումար կտար:

 

– Լուրեր էին շրջանառվում, որ կառավարությունը բանակցում է ռուսների հետ պարտքը զիջելու վերաբերյալ, բայց ֆինանսների նախարարությունը հերքում է դա:

– Ես անցած տարի դիմել էի կառավարություն, բացատրություններ տվեցին ռուսական վարկի մասով, բայց դրանք այնքան խոշոր էին, ագրեգացված, որ հնարավոր չէր ինչ-որ բան հասկանալ: Նորից դիմեցի Վաչե Գաբրիելյանին, նորից, կներեք արտահայտությանս համար, ուղարկեց նույն հիմար թուղթը, և ես հասկացա, որ կառավարությունը պարզապես ծաղրում է բոլորին: Որևէ հաշվետվություն չկա: Ես չեմ ժխտում, որ կառավարության որոշ անդամներ խրված են ինչ-որ գործարքների մեջ:

 

– Տեղեկություն է տարածվել, որ վարչապետն ու ֆինանսների նախարարը նաև գանձապետարանը լուծարելու մտադրություն ունեն:

– Գանձապետարանը լուծարելու հիմանական հարցը կլինի հետևյալ պատճառաբանությունը` բյուջետային ատկատները գնալով ուժեղանում են: Պետք է ուշադիր կարդալ Վերահսկիչ պալատի զեկույցը: Նաև, եթե գնաձապետարանը վերացվեց, ռեսուրս է հայտնվում բանկերում տեղադրելու համար, որտեղից նույնպես սև փողի հոտ է գալիս։ Ես հիմա կուզենայի տեսնել եվրոպացիների ու ամերիկացիների դեմքերը, որոնց հետ համատեղ ուժերով 90-ակաների սկզբին ստեղծում էինք գանձապետարանը: Այն սկսել էինք ստեղծել 1993-1994 թթ-ին, պատերազմի տարիներին:

 

– Աշխարհում նման փորձ կա՞, որ երկրում գանձապետարան չլինի:

– Իհարկե, առանց գանձապետարանի բյուջեներ կան, բայց նորմալ երկիրը, որն ուզում է իր բյուջետային ծախսումներն արդյունավետ լինեն, անպայման պետք է ունենա գանձապետարան: Գանձապետարանի բացակայությունը կբերի նրան, որ երբեք ֆինանսների նախարարությունը չի կարող իմանալ Լոռվա կամ Շիրակի մարզերին տրված բյուջետային հատկացումների հետ կապված ինչ վիճակ է, ինչ մնացորդ կա, այսինքն` տեղական բոլոր օղակներին տրվում է բյուջետային փողերի վրա խաղեր տալու հնարավորություն: Թեև կարելի է պատկերացնել նաև առանց գանձապետարանի, բայց միայն դրա առկայության պարագայում ֆինանսների նախարարությունը կարող է հստակ աշխատել Կենտրոնական բանկի հետ:

 

– Բանկերը ի՞նչ կշահեն դրանից:

– Բանկերի շրջանառությունը կավելանա, բնականաբար: Բանկերում Տիգրան Սարգսյանը շահագրգռվածություն ունի, բանկերը հսկայական շրջանառություն կունենան, որովհետև բանկային համակարգը հիմա «սկում» է: Բանկային համակարգն իրականում սնանկ է: Գանձապետարանի ոչնչացման գնով այս փողը կփրկի բանկային համակարգը, որտեղ արմատական շահեր ունի նույն վարչապետը, որից չենք կարողնում ազատվել, որ այս երկիրը երկիր դառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս