Եթե Դավիթ Հարությունյանը նշանակվի

Չնայած Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դեռ չի ազատվել աշխատանքից, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նրա փոխարեն չի նշանակվել ՎԴ նախագահ, սակայն Դավիթ Հարությունյանի խորհրդարանական «ժառանգության» բաժանումն արդեն սկսված է: Դ.Հարությունյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Եվ եթե նա իսկապես նշանակվի Վճռաբեկ դատարանի նախագահ, ապա այս պաշտոնների համար հավակնորդների պակաս չի զգացվի: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածուն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Նա նախկինում եղել է հայաստանյան պատվիրակության անդամ և ընտրվել է ԵԽ ԽՎ Տնտեսական հանձնաժողովի նախագահ:

Հինգերորդ գումարման խորհրդարանում նա պատվիրակության կազմում չընդգրկվեց միայն այն պատճառով, որ լինելով ԱԺ փոխնախագահ՝ չէր կարող լինել պատվիրակության շարքային անդամ: Իսկ պատվիրակության ղեկավար չէր կարող լինել, քանի որ այդ պաշտոնը բաժին էր հասել Դավիթ Հարությունյանին: Վերջինիս այլ պաշտոնի նշանակման պարագայում Նաղդալյանը կարող է լինել հայկական պատվիրակության ղեկավար` միաժամանակ զբաղեցնելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

Իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը: Չնայած նա խորհրդարանական աշխատանքի փոքր փորձ ունի, սակայն արդեն դարձել է օրենսդրական մի շարք նախագծերի համահեղինակ և հաճախ է հանդես գալիս` որպես հիմնական զեկուցող: Հենց այդ պատճառով շատերը հակված են մտածել, որ Դավիթ Հարությունյանը հենց նրան է նախապատրաստում որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն փոխարինող:

ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ պնդում են, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար կարող է հավակնել նաև այդ հանձնաժողովի ՀՀԿ-ական մեկ այլ անդամ՝ Հովհաննես Սահակյանը: Ինչ վերաբերում է պատգամավորի մանդատին, որը ևս ազատ կմնա Դավիթ Հարությունյանի՝ ՎԴ նախագահ դառնալու դեպքում, ապա ՀՀԿ համամասնական ցուցակը կանգնել է Լեռնիկ Ալեքսանյանի վրա: Չնայած Ալեքսանյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր չէ, սակայն բազմաթիվ պատգամավորներից ակտիվ գործունեություն է ծավալում. մասնակցում է մամուլի ասուլիսների և հարցազրույցներ է տալիս` արդի քաղաքական խնդիրների վերաբերյալ հայտնելով իր խիստ ՀՀԿ-ական տեսակետը:

Պարզ է, որ Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, որ ինքը միշտ լավ մարզավիճակում է և պատրաստ է ցանկացած պահի մտնել փոխարինման: Մնում է միայն, որ Դավիթ Հարությունյանը նշանակվի Վճռաբեկ դատարանի նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս