
Մանկապարտեզները ժամանակից շո՞ւտ կփակվեն

Աբովյան քաղաքի մի խումբ բնակիչներ անհանգստացած են, քանի որ հնարավոր է՝ մանկապարտեզ հաճախող երեխաները նոյեմբերին մանկապարտեզ չհաճախեն:
«Սա արդեն ավանդույթ է դարձել քաղաքում: Նախանցած տարի նույնպես երեխաները մանկապարտեզ չհաճախեցին, որովհետև քաղաքապետարանը գումար չէր հատկացնում մանկապարտեզներին, ու փաստորեն այդ տարի էլ կառուցվեց «Աբովյան» սուպերմարկետը: Այս տարի էլ, երևի, սուպերմարկետի երկրորդ հարկն են ուզում կառուցել»,- ասում է Աբովյանի բնակիչ Վահե Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ համայնքի մանկապարտեզներն ամբողջությամբ չեն հովանավորվում քաղաքապետարանի կողմից: Աբովյան քաղաքում մեկ երեխայի համար գանձվում է օրական 200 դրամ, և բժշկի կողմից թուղթը մանկապարտեզում էական նշանակություն չունի:
«Աղջիկս 5 օր ջերմում էր, թույլ էր, և, բնականաբար, մանկապարտեզ չտարա: Ամսվա վերջում վճարելիս իմացա, որ բժշկի կողմից տարված թուղթը ոչ մի նշանակություն չի ունեցել, և այդ 5 օրերի համար գումարը նույնպես գանձվելու է, ու քանի որ բանկային համակարգով ենք վճարումը կատարում, ապա էլ ոչինչ չես կարող անել»,- պատմում է Լուսինե Ադամյանը:
Երեխաների մանկապարտեզ չհաճախելու հարցն առավել անհանգստացնում է աշխատող ծնողներին, որովհետև նրանցից շատերն այլընտրանք չունեն:
«Իմ աշխատավարձը հազիվ բավարարում է որոշ կոմունալ վճարումներ անելու համար: Հարազատներից ոչ ոք չունեմ, ովքեր կխնամեին երեխային մինչև աշխատանքից վերադառնալս: Փաստորեն, եթե երեխան չհաճախի մանկապարտեզ, ես պետք է թողնեմ գործն ու նստեմ տանը»,- ասում է Աննա Գևորգյանը: