«Սահմանը պահող գյուղացին չպետք է այսքան հոգս ունենա» (լուսանկարներ)
«Հայրենիքը սկսվում է սահմանից». այս նախադասությունը մեր պետական այրերը շատ հաճախ են կրկնում: Բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այս բառերն ասում են պարզապես ասելու համար, որովհետև իրականությունն այլ է:
Հայրենիքը սկսվում է ոչ միայն սահմանից, այլև սահմանում ապրող ժողովրդից, սակայն, հանրապետությունում չկա սահմանամերձ գյուղ, որտեղ խնդիրներ չլինեն: Մարգարան էլ բացառություն չէ: Այստեղ խնդիրներն ավելի շատ են, քան բնակչության թիվը:
Անկախությունից հետո միակ ձեռքբերումը խմելու ջուրն է: Մարգարայում լավ են հիշում, թե ինչ դժվարությամբ են կարողացել հասնել այդ «հաղթանակին». տասնյակ դիմումներ տարբեր ատյաններ, խնդրանք, պահանջ, ու միայն 20 տարվա ընթացքում հնարավոր եղավ ջրի հարցը լուծել: Մարգարայում վստահ են` կպահանջվի ևս 20-30 տարի, որպեսզի մնացած խնդիրներն էլ լուծվեն:
Այդքան տարի քչերն են պատրաստ սպասել, իսկ խնդիրները Մարգարայում շատ են. չկա գյուղտեխնիկա, հողագործությամբ զբաղվելու համար ստիպված են լինում տեխնիկա վարձել հարևան գյուղերից, երբեմն խնդրում են ու մի քանի ժամով անվճար վերցնում, սակայն մի քանի ժամով հողամաս մշակել չի լինում, վարձակալությամբ էլ շատ թանկ է:
«Գյուղի մեծագույն խնդիրներից մեկը ոռոգման ջուրն է: Տալիս են ժամով, երբեմն օրերով էլ չկա, ու չենք կարողանում հողերը մշակել: Գյուղտեխնիկա ընդհանրապես չկա: Ումի՞ց գնաս-ուզես, ասես` աշխատանքի թեժ սեզոնին ձեր տեխնիկան տվեք, գնանք աշխատեցնենք: Ունեցողն էլ գումար է պահանջում»,- ասում է Աշոտը` հավելելով, որ ոռոգման ջրի և գյուղտեխնիկայի բացակայության պատճառով գյուղացին շատ է տուժում:
«Սահմանը պահող, սահմանին ապրող ժողովուրդը չպետք է այսքան հոգս ունենա: Մենք էլ զինվորի պես մի բան ենք, այսքան դառնություններ ենք տեսնում, բայց ապրում ենք նաև այն գիտակցությամբ, որ սա մեր հողն է, որ մենք պետք է սահմանը պահենք»,- ասում է տիկին Ալվարդը:
Ցավոք, նրա պես քչերն են մտածում: Հատկապես երիտասարդները լքում են գյուղը: Ասում են` պայմաններ չկան, աշխատանք չկա, կյանքը մեռած է:
«Մարգարայում ոչինչ չկա: Մանկապարտեզը վատ վիճակում է, մշակույթի պալատից երկինքն է երևում, հողերի մեծ մասը սահմանային են, անհրաժեշտ է 10 կիլոմետր քայլել, որպեսզի դրանք մշակես: Ջուրն էլ քիչ է, գյուղտեխնիկա չկա, ու նորմալ բերք չես ստանում: Գարնանը գումար ես ծախսում` սերմ ու պարարտանյութ գնում, տեխնիկա վարձում ու աշնանն այդքան աշխատանքը ջուրն է ընկնում»,- ասում է Սմբատը` հավելելով, որ գյուղում շատերը վարկեր ունեն: Տարիների հետ վարկառուների թիվը շատանում է, տոկոսները` նույնպես: Մարգարացիներից քչերն են կարողանում վարկը ժամանակին մարել:
Սմբատն էլ բանկում վարկ ունի, բայց մարում է Բելգիայում բնակվող եղբայրը: «Ուղարկված գումարը տալիս ենք, որ վարկից պրծնենք ու գնանք նրա մոտ` Բելգիա»,- ասում է նա:
Բարվոք վիճակում չեն նաև գյուղի ճանապարհները: Այստեղ էլ դեպի գյուղ տանող և գյուղամեջի ճանապարհները սարսափելի են. փոսեր, քարքարոտ հատվածներ ու փոշի:
Մարգարացիները հաավաստիացնում են, որ գյուղապետը բոլոր խնդիրներին էլ տեղյակ է, բայց միայնակ ոչինչ չի կարող անել: Հատկացված բյուջեն այնքան խղճուկ է, որ անգամ չեն մտածում որևէ հարցի լուծման շուրջ: Մարգարայի խնդիրներից տեղյակ են նաև մարզպետարանում, կառավարությունում, տարբեր նախարարություններում: Տեղյակ են, բայց ոչինչ չեն ձեռնարկում:
«Ասում են` կամաց-կամաց, ու միանգամից հիշեցնում, որ խմելու ջուր ունենք, դա կարողացել են անել: Բա խմելու ջուրը երեսով կտա՞ն, կասեն` ի՞նչ եք ուզում, հենա՝ խմելու ջուր ունե՞ք: Բա մենք մարդ չե՞նք, մենք մարդավարի ապրել չե՞նք ուզում»,- ասում է Գառնիկը` հավելելով, որ «կառավարությունում նստողները» մի ժամ էլ չէին կարողանա իրենց կյանքով ապրել:
Լուսանկարները` alttv.am-ի