Քննարկվել են մետրոպոլիտենի ընդլայնման հարցերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրի թիմի անդամների հետ: Հանդիպման շրջանակում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան քաղաքապետին է ներկայացրել բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Մարկ Դեյվիսին:
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև առկա գործակցային կապերն էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Համոզված եմ, որ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Երևանի քաղաքապետարան-ՎԶԵԲ շրջանակում, հաջողությամբ կշարունակվեն: Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և ջերմ ընդունելության համար՝ Մարկ Դեյվիսը հավաստիացրել է, որ, շարունակելով ձևավորված գործակցային կապերի զարգացման ուղղությամբ քայլերը, Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև համագործակցությունը էլ ավելի կակտիվանա:
Տարոն Մարգարյանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև նախկին տնօրեն Վալերիու Ռազլոգին՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ:
Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենի զարգացումը մայրաքաղաքի համար ռազմավարական կարևորություն ունի: Քաղաքապետը նաև նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով մասնագիտական հաշվարկների առկայությունը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացում կազմել մետրոպոլիտենի ընդլայնման մասին:
«Դեռ տարիներ առաջ, մասնավորապես մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ ուղղություններով զարգացման նպատակով քննարկվել և որոշակի քայլեր էին ձեռնարկվել: Մետրոպոլիտենի զարգացումն այսօր մեզ համար քաղաքային տնտեսության առաջնային խնդիրներից մեկն է, որի շուրջ պատրաստ ենք քննարկել կառուցողական ցանկացած առաջարկություն»,- հավելել է Տարոն Մարգարյանը:
Ընդունելով ներկայացվող առաջարկները՝ բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենն իր պատրաստակամությունն է հայտնել՝ հնարավորին աջակցել ծրագրի իրագործմանն ու աշխատանքների ակտիվացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն