«Տաք ջուր» հանգստյան գոտում 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով քրգործն ուղարկվել է դատարան
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ Վ. Համբարձումյանը և Ս. Աբրահամյանը 2013թ. օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. հուլիսի 26-ին Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Աբրահամյանին և Վ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: