
Հասան Ռոուհանին մտադիր է ձևավորել քաղաքացիների իրավունքների գծով հանձնաժողով

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է մոտ ապագայում ձևավորել քաղաքացիների իրավունքների գծով հանձնաժողով:
Ռոուհանին նման պատասխան է տվել հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է վերացնել Իրանում գործող գրաքննությունը համացանցում: Ռոուհանին, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի գործառույթներ է ունենալու այդ հանձնաժողովը: Նա ընդգծել է, որ տեղեկատվությունից օգտվելը մարդու իրավունքն է.
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ լինեն կատարելապես ազատ իրենց անձնական կյանքում: Ժամանակակից աշխարհում տեղեկատվության մատչելիությունը, ազատ երկխոսելու իրավունքը, ազատ մտածելու իրավունքը բոլոր մարդկանց, այդ թվում նաև Իրանի բնակիչների իրավունքն է: Անհրաժեշտ է պաշտպանել իրանցիների բարոյականությունը և ազգային ինքնագիտակցությունը»: