Բաժիններ՝

«Ելնելով որոշակի հանգամանքներից` ակադեմիական կրթությունը վերացնում են»

Այս օրերին Հայաստանում էր գտնվում մեր հայրենակից նկարիչ Սևակ Գրիգորյանը, ով տևական ժամանակ բնակվելով Հռոմում՝ համագործակցում, ցուցադրվում է այդ երկրի գալերեաների հետ: 2005 թվականին նա տեղափոխվել է Ֆլորենցիայի «Գեղեցիկ» արվեստների ակադեմիայում սովորելու: Այնուհետև ընդունվել է Հռոմի Դրամահատման տան Մեդալի արվեստի դպրոց, որտեղ սովորելով որպես նկարիչ, քանդակագործ՝ բավական սպեցիֆիկ հմտություններ է յուրացրել: Ցուցահանդեսներ է ունեցել Իսպանիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում:

Սեպտեմբերի 14-ին «Visualgapgallery» ցուցասրահում Ս. Գրիգորյանի և Հայաստանի արվեստագետների միջև հանդիպում, քննարկում կազմակերպվեց, որի ընթացքում նա նաև տեղում նկարելով՝ այցելուներին ներկայացրեց նկարելու իր տեխնիկան, այն մեթոդներոը, որոնք յուրացրել է Ֆլորենցիայում և Հռոմում սովորելու տարիներին: 3 տարի Ֆլորենցիայում, 5 տարի Հռոմում ապրելու նպատակը եղել է այնտեղ կրթություն ստանալու և մասնագիտության մեջ նոր որակներ ձեռք բերելու ձգտումը: «Ես այստեղ Գեղարվեստի ակադեմիայում շատ լավ կրթություն եմ ստացել, բայց այսքան տարի անց հիմա տեսնում եմ, որ կրթության որակը շատ վատացել է և աշխարհում է այդպես, դա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ: Հայաստանում այսօր ակադեմիական կրթությունը վերանում է, ավելի ճիշտ՝ ելնելով որոշակի հանգամանքներից՝ վերացնում են»,- ասում է Ս. Գրիգորյանը՝ մատնանշելով Ֆլորենցիան, որտեղ նույն պատկերն է՝ բացառությամբ ուսում ստացող այն մարդկանց, որոնք փնտրում և գտնում են անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը:

Sevak (1)

Նա վստահեցնում է, որ, օրինակ՝ նույն Ֆլորենցիայի բուհերից այնքան գիտելիքներ չի ստացել, որքան այն ձեռք է բերել տեսնելու, շփման ընթացքում. «Այդ ինֆորմացիան ես ձեռք եմ բերել տեսնելով սկսած վերածննդյան աշխատանքներից, վերջացրած՝ ժամանակակից արվեստով:

Կարդացեք նաև

Այդ ամենօրյա շփումը, ուսումնասիրությունն արվեստագետին շատ մեծ ինֆորմացիա է տալիս: Ընդհանրապես այդ միջավայրում ապրելը շատ բան է սովորեցնում: Երբեմն ես ճշգրտորեն փորձում եմ ինձ կողքից նայել և հասկանում եմ, որ իմացության մեծ բազա ունեմ, որն իմ աշխարհայացքը, մասնագիտական ընկալումները լայնացրել է»,- ասում է Ս. Գրիգորյանը՝ նշելով Վիտորիո Էմմանուելեի հիմնած Դրամահատման տան Մեդալի դպրոցը, որտեղ քանդակագործների մի մեծ բանակ աշխատում է իրենց մեդալների, դրամների ստեղծման վրա: Այլ կերպ ասած՝ Դրամահատման տանը ստեղծվել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող, միակ Մեդալի դպրոցը, որտեղ քանդակագործներ են կրթություն ստանում: Եթե նախկինում այդ դպրոցում սաներն անցնում էին գծանկար, հարթաքանդակ և մեդալի իրականացում, ապա այսօր՝ մետաղի, թանկարժեք քարերի վրա փորագրություն, այլ կերպ ասած՝ մանր պլաստիկայի հետ կապված տեխնիկական նուրբ հնարքների տիրապետում:

Sevak (2)

Ի դեպ, Հռոմում գոյություն ունի Գրաֆիկայի լաբորատորիա, որտեղ Ս. Գրիգորյանը աշխատում է և այդ լաբորատորիային կից գալերեայում էլ ցուցադրվում է: «Իմ՝ այնտեղ հայտնվելը շատ պատահաբար ստացվեց: Կանանց տոնի առիթով ծրարների վրա էրոտիկ շարքեր նկարեցի, որ նվիրեմ կին ընկերներիս: Գրաֆիկայի մեր դասախոսին նույնպես նվիրեցի: Նա խնդրեց, որ աշխատանքներս կրիչով իրեն փոխանցեմ, որովհետև ուզում է ինձ ներկայացնել Գրաֆիկայի լաբորատորիային կից գալերեա: Այնուհետև ինձ հրավիրեցին այնտեղ և օրվա վերջում պարզվեց, որ գալերեայի տնօրենը դասախոսիս աղջիկն է»,- պատմում է Ս. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անմիջապես ցուցահանդես է կազմակերպվել, որից հետո հրավիրվել է լաբորատորիայում աշխատելու: Ժամանակ առ ժամանակ նույն գալերեայում ցուցադրվելուն զուգահեռ Ս. Գրիգորյանը նաև մասնակցում է այլ ցուցադրությունների:

Այնուամենայնիվ, պարբերաբար գալով Հայաստան, Ս. Գրիգորյանը եկել է այն համոզման, որ հայ արվեստագետները որակյալ աշխատանքներ են ստեղծում, պարզապես դրանք մեծամասամբ մնում են փակված իրենց արվեստանոցներում: «Հավատացեք, որակյալ արվեստը փակ է Հայաստանում: Օրինակ՝ մեր սերնդին մինչև այսօր անվանում են երիտասարդ արվեստագետներ և դա ասում են ենթատեքստով` իբր դեռ չի հասունացել այս սերունդը: Բայց մեր սերունդն այն հասուն սերունդն է, որը լուրջ ասելիք ունի: Մեր սենդի նկարիչները բավականին լուրջ գործեր են ստեղծում: Շրջում եմ իմ ընկերների արվեստանոցներ ու հիանում, զարմանում եմ, թե ինչ փուլ են ապրում ու որակ են ստեղծում»,- վստահեցնում է Ս. Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ, այնուամենայնիվ նկարիչները պետք է կարողանան ցուցադրվել, ներկայացնել իրենց ստեղծագործությունները, որից հետո նոր կարելի է քննարկել, թե ինչ որակի արվեստ է ստեղծվում այսօր:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս