Վարդան Սեդրակյան. «Մեղադրողը միանգամից կարող էր գալ բանտախուց, հաստատեր մեղադրանքը և գնար»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, ով նշեց, որ ամբաստանյալներ Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը Պարույր Հայրիկյանին սպանելու նպատակ չեն ունեցել, նրանց ցանկությունը Պարույր Հայրիկյանին վախեցնելն է եղել:

Պաշտպանի կարծիքով` Ս. Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի: Ըստ պաշտպանի` նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածին` դիտավորությամբ մեկ ուրիշին միջին ծանրության վնասվածք պատճառելը: Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ նաև գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:

Վերջինս նշեց, որ նախաքննության ընթացքում կազմված վեց հատորանոց գործի մեջ, ինչպես նաև դատաքաննության ընթացքում, ոչ մի անգամ չի հնչել «սպանել» բառը: Ամբաստանյալները նշել են, որ Պարույր Հայրիկյանին վախեցնելու նպատակ են ունեցել: Սեդրակյանը մատնանշեց մի քանի հանգամանք, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ ինքը գործի հետ կապ չունի: Նախ նա նշեց, որ դատախազի կողմից տարօրինակ պետք է համարվեր այն հանգամանքը, որ Հայրիկյանին սպանելու պատվեր ինքը տվել է իր աշխատողներին, ապա նրանց պատվիրել է Հայրիկյանին սպանելու գնալ իր անունով գրանցված մեքենայով, «որպեսզի միանգամից հասկանան` դա ով է»:

Այնուհետև, ըստ Սեդրակյանի, տարօրինակ է այն հանգամանքը, որ իբր Հայրիկյանի սպանության պատվերը տալիս` ամբաստանյալներին վճարելիս կոնկրետ գումար չի նշել, միայն ասել է, որ նրանք «դիրխոր» չեն մնա: Վ. Սեդրակյանը նշեց, որ այդ դեպքում ստացվում է, թե ինքը «կատարյալ ապուշ է, կատարյալ անմեղսունակ»:  Սեդրակյանը իր ճառում անհեթեթություն համարեց մեղադրող դատախազի հնչեցրած մեղադրական ճառը: Նա ասաց, որ մեղադրողը միանգամից կարող էր գալ բանտախուց, հաստատեր մեղադրանքը և գնար:

Տեսանյութեր

Լրահոս