Հայկ Ալումյան. Մեջքից կրակոցն էլ է թիկունքից կրակոց, բայց ամեն մի թիկունքից կրակոցը չէ, որ մեջքին է կպնում

Օրերս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հերքեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի ավելի վաղ արած հայտարարությունները: Հերքվեցին մասնավորապես այն հայտարարությունները, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ապօրինի ինքնաշեն զենք ունի, որ Բուդաղյան եղբայրներին թիկունքից չեն կրակել, վերևից կրակոց է եղել և այլն: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

– Պարո՛ն Ալումյան, երբ որոշում կայացվեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին, ինչպես նաև հրապարակվեց որոշումը, ըստ որի՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է գործել, ասացիք, որ բողոքարկելու եք կայացված որոշումները:

– Երեքն էլ բողոքարկել ենք:

– Իսկ պատասխան ստացե՞լ եք:

Կարդացեք նաև

– Պատասխան դեռևս չկա: Մի հետաքրքիր զարգացում կա: Ես խնդրել եմ ինձ տրամադրել գործի նյութերի պատճենները: Ցանկացած մարդ կհասկանա, անպայման չէ՝ իրավաբան լինի, անպայման չէ նույնիսկ բարձրագույն կրթություն ունենա կամ նույնիսկ միջնակարգ, ցանկացած մարդ, ցանկացած երեխա կհասկանա, որ եթե ես պատրաստվում եմ բողոքարկել այդ որոշումները, եթե օրենքը ինձ այդ հնարավորությունները տվել է, որ ես այդ որոշումները բողոքարկեմ, ես պիտի ունենամ գործի նյութերը, գործի տվյալները, որպեսզի կարողանամ տեսնել բողոքարկելու հիմքերը, բողոքը հիմնավորող ապացույցները:

Ինձ հրաժարվեցին գործի նյութերը և դրանց պատճենները տրամադրել: Այսինքն՝ բողոքարկման իրավունքը կա, բայց բողոքարկման հնարավորությունը` ամեն ինչ անում են, որ սահմանափակվի, որպեսզի ես չկարողանամ հիմնավոր բողոք գրել: Հուսով եմ՝ կհաղթահարենք նաև այս խոչընդոտը: Առայժմ այն փուլում ենք, որ ինձ հրաժարվում են նյութերը տրամադրել:

– Պարո՛ն Ալումյան, բայց չէ՞ որ ըստ օրենքի՝ նախաքննության ընթացքում կողմերը ոչ բոլոր նյութերին կարող են ծանոթանալ:

– Օրենքով՝ քանի գնում է նախաքննություն, ես իրավունք ունեմ ծանոթանալ միայն որոշակի նյութերի: Հիմա նախաքննությունը գնում է, բայց միևնույն ժամանակ կայացվել է այսպիսի որոշում, որը ես իրավունք ունեմ բողոքարկելու: Ես այդ իրավունքն ունեմ: Հիմա, այդ իրավունքը ձևական իրավունք է դառնում, եթե ես նյութեր չունեմ, այսինքն՝ այդ բողոքը դառնում է զուտ վերնագիր՝ բողոք և տակը՝ խնդրում եմ վերցանել, բայց թե ինչու եմ խնդրում, ինչ ապացույցների վրա եմ հղում կատարում, ոչ մի տեղից դա չի կարող հասկացվել:

Ես ոչ մի ապացույց չեմ կարողանում վկայակոչել բացառությամբ իմ պաշտպանյալների ցուցմունքների: Դա նշանակում է՝ բողոքարկման իրավունք ես ունեմ, հնարավորություն չունեմ: Հասկանո՞ւմ եք. իրավունքը կա, հնարավորությունը չկա: Օրենքը չի նախատեսել, օրենքը ամեն ինչ չի կարող նախատեսել, որ եթե մի գործի մեջ այս մասը կարճվի, այս մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, ապա այդ դեպքում գործի նյութերի տրամադրումը ինչ կերպ պետք է տեղի ունենա: Բաներ կան, որոնք օրենքի հիման վրա պետք է ուղղակի եզրակացնել` ինչ պետք է անել, այսինքն՝ եթե ես այսօր ունեմ բողոքարկման իրավունք, այդ իրավունքը չպիտի լինի զուտ պատրանքային… մի հատ բողոք է` գրի:

Ես պիտի կարողանամ իմ բողոքը հիմնավորել. եթե քննիչը գործի նյութերից ծաղկաքաղ է արել այն, ինչ հիմնավորում է իր որոշումը, այդ ծաղկաքաղը արել է ու իր որոշման տակ դրել որպես հիմնավորում, ես էլ պիտի կարողանամ այդ նույն գործի նյութերից գտնել այն, ինչով որ հերքվում է քննիչի պատճառաբանությունը: Եթե ես այդ հնարավորությունը չունեմ, ստացվում է, որ ես բողոքարկելու իրավունք ըստ էության չունեմ. ունեմ մի թուղթ սևացնելու հնարավորություն, որը ոչ մի իրավական ուժ, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում:

– Նյութերի պատճենները Ձեզ չտրամադրելիս` օրե՞նքն են ներկայացնում որպես պատճառաբանություն:

– Այդ օրենքը, իմիջիայլոց, միանշանակ այդպես չի ասում, այդ օրենքը մի քիչ ուրիշ ձևով է ասում: Իրենք աճպարարություն են անում օրենքի հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածն ասում է՝ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը: Ծանոթանալն ու բողոքարկելը դրանք միշտ զուգահեռ են գնում, չի կարող մի իրավիճակ լինել, որ բողոքարկման իրավունք ունես, բայց ծանոթանալու չունես: Բա ես ի՞նչը բողոքարկեմ: Ոնց որ բժշկին իրավունք է տրված բուժել հիվանդին, բայց հիվանդին տեսնելու ու իրենից անալիզներ վերցնելու իրավունք չունի, բայց բուժի: Չի կարող այդպես լինել:

– Դա շահարկելո՞վ են Ձեզ մերժում:

– Իրենք աճպարարություն են անում: Պարզապես աճպարարություն են անում: Ի դեպ, ես իմ բողոքների մեջ նշել եմ, և դա ես հրապարակայնացնում եմ՝ այսպես է նշված, որ ես հիմքեր ունեմ մտածելու, որ քննիչն այս որոշումները կայացնելիս նպատակ է ունեցել պարտակել առանձնապես ծանր հանցագործություն: Այսինքն՝ ես իմ հերթին մտավախություն եմ արտահայտել, որ քննիչի գործողություններում գուցե հանցակազմ կա: Իմ գնահատմամբ՝ հնարավոր է, հիմքեր կան մտածելու, որ ինքը առանձնապես ծանր հանցագործություն է հենց հիմա պարտակում իր այդ որոշմամբ: Պարտակողների քանակը եթե շատանա այս բողոքարկման ընթացքում, դա նշանակում է, որ հետագայում արդեն, երբ որ ամեն ինչ կգա, իր օրինական հունի մեջ կմտնի, պատասխան տվողների քանակն էլ կշատանա: Ընդամենը դա:

– Քննիչը ապացուցված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է գործել, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան պատճառով…

– Ըստ որոշման` Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, այսինքն՝ ծանր մարմնական վնասվածք է պատճառել: Բացի զենքի հոդվածից՝ նաև երկու այլ հոդվածներով ինքը մեղավոր է, սակայն քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանր որ նա մահացել է: Մենք կտրականապես դեմ ենք այս գնահատականներին, մենք բողոքարկել ենք նաև այդ որոշումը, ընդ որում՝ օրենքի մեջ կա այսպիսի մի դրույթ՝ այն օրենքի, որին հղում է կատարել քննիչը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը ասում է, որ եթե այդ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվում, ապա քրեական հետապնդումը պետք է շարունակվի, եթե դա անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար: Հիմա մենք ասում ենք՝ մահացածի իրավունքների վերականգնման համար դուք գործը քննե՛ք, ավարտե՛ք, ուղարկե՛ք դատարան: Պիտի դատավարություն լինի, դատարանը պիտի որոշի՝ Ավետիք Բուդաղյանը իրոք այդ հանցագործությունները կատարե՞լ է, թե ոչ:

Մեր օրենքը թույլ է տալիս մահացած ամբաստանյալի պայմաններում, եթե նրա իրավահաջորդները պնդում են, որ գործը քննվնի, մեր դատարանները պետք է քննեն այդ գործը, ու պիտի տեղի ունենա լիարժեք, բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով դատավարությունը: Ու այդ դատավարությունը բոլոր դեպքերում իրականանալու է՝ անկախ նրանից Տիգրանի ու Զարզանդի որոշումները կվերացվեն, չեն վերացվի և այլն: Այս դատավարությունն ընթանալու է, մենք բոլորին ապացուցելու ենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, Ավետիք Բուդաղյանը եղել է պաշտպանվող, դրանից արդեն նույնպես իր հերթին կբխի, թե իրական հանցագործությունը որ կողմն է կատարել և ով պիտի պատասխան տա:

– Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը մարմնական վնասվածք է պատճառել Նիկոլայ Աբրահամյանին: Դուք ի՞նչ եք կարծում:

– Այդ մասով որպեսզի ես հասկանամ՝ ինչ եմ կարծում, ես պիտի տեսնեմ քրեական գործի նյութերը: Քրեական գործի նյութերը ինձ չեն տրամադրվել, ընդ որում ես ասեմ՝ ամեն պարագաներում Ավետիք Բուդաղյանը զենք է վերցրել այն ժամանակ, երբ որ արդեն երեք անգամ իրենց վրա կրակել էին: Տեսանյութից դա պարզ երևում է, նույնիսկ այն կեղծված տեսանյութից, որ առաջին կրակոցները հնչել են Խաչատրյանների կողմից: Երեք կրակոցը, որոնցից մեկով ծանր մարմնական վնասվածք է ստացել Արտակ Բուդաղյանը, երկուսը կպել են Ավետիք Բուդաղյանին: Ավետիք Բուդաղյանի մոտ զենքը հայտնվել է միայն դրանից հետո: Դե հիմա նայե՛ք՝ պաշտպանվողը ով է:

Ընդ որում, Ավետիք Բուդաղյանը ընդհուպ մինչև Տիգրան Խաչատրյանի այդ երեք կրակոցը միայն բաժանողի դերում է եղել: Դուք տեսե՛ք այդ տեսանյութը, որ այդ մարդու գործողություններում ոչ մի ագրեսիա չի եղել: Ինքը ավտոմեքենայից չի իջել, չի իջել և իջել է այն ժամանակ, երբ որ անհրաժեշտ է եղել եղբորը այդտեղից իջեցնել, դեպքի վայրից հեռացնել: Այսքանից հետո իր վրա կրակում են երկու անգամ, նոր դրանից հետո իր մոտ հայտնվում է զենք, այսինքն՝ ինքը վերցնում է զենքը: Ու էլի ամբողջ իրադարձությունների ընթացքում ինքը կրակում է երկու անգամ, իր վրա կրակում են 10 անգամ (11-րդը՝ Արտակին): Ընդ որում, առաջին երեք կրակոցը, էլի եմ ասում, իրենք չեն կրակել: Այն, որ կեղծված տեսանյութի մեջ այսպիսի սլաքներ են արված Արտակ Բուդաղյանի ուղղությամբ, ասում է՝ հնչում է կրակոց, հնչում է:

Պարզվել է, որ չեն հնչել այդ կրակոցները: Դեռ մինչև հիմա չեն ուզում բացահայտել՝ այդ ո՞վ էր այդ կեղծիքը կատարողը, ինչո՞ւ էր այդ կեղծիքը կատարում, դնում ինտերնետում, ու ինչո՞ւ դա համընկավ Գևորգ Կոստանյանի այն հայտնի, հանրահայտ հայտարարությունների հետ:

– Ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ այդ մասով քննությունը շարունակվում է…

– Իհարկե, այնքան բարդ է դա պարզելը, որ պիտի շարունակենգ Շատ պարզ, պազունակ գործողություն է՝ որոշել որտեղից է որոշակի նյութը տեղադրվել ինտերնետում: Դա հաշված րոպեների հարց է: Իրենք շարունակում են քննությունը այնտեղ, որտեղ որ քննելու բան չկա, և դադարում են քննությունն այնտեղ, երբ որ ամեն ինչ դեռ պարզման է ենթակա:

– Չնայած թե՛ Բուդաղյանների հայրը, թե՛ Դուք խոսել եք թիկունքից կրակոցի մասին, ՊՆ քննչական ծառայությունը հերքեց այդ հայտարարությունները:

– Մենք ասում ենք փորձագետի եզրակացությունների մասին: Փորձագետի եզրակացությունների մեջ կա, որ վնասվածքներից առնվազն մեկը ունի հետևից առաջ ուղղություն: Սա նշանակում է՝ թիկունքից: Թիկունքից կրակոցը ու մեջքին կրակոցը տարբեր բաներ են: Մեջքից կրակոցն էլ է թիկունքից կրակոց, բայց ամեն մի թիկունքից կրակոցը չէ, որ մեջքին է կպնում: Չգիտեմ… Գուցե իրենց հայոց լեզվի դասատուի հետ այս հարցը պիտի պարզեք:

– Նախաքննության ողջ ընթացքում խոսեցիք միակողմանկի մոտեցումների մասին, այնուհետև կայացվեց Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որը Դուք որակեցիք որպես իրավաբանության հետ կապ չունեցող որոշում: Այդքանից հետո հույս ունե՞ք, որ Ձեր բողոքները արդունք կտան:

– Ոչ թե հույս կա, ես վստահ եմ, որ այս գործը ի վերջո լուծվելու է օրինական եղանակով: Ես վստահ եմ դրանում: Հարցը նա է՝ ինչքան դա կտևի, հարցը նա է, թե էլ ինչքան մարդ իրենց՝ կվարկաբեկեն այս ընթացքում համագործակցելով ապօրինությունների այս հեղինակների հետ: Միայն հարցը դրանում չէր:

– Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մի առիթով ասել էր, որ հնարավորինս լռում էր, թույլ էր տալիս, որ Դուք հնարավորինս մաղձը թափեք: Այս հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ Ձեր և Ռուբեն Սահակյանի հարաբերությունները վատացել են:

– Ո՛չ: Երկու շախմատիստ եթե իրար հետ խաղում են, ու մեկը հաղթում է, մյուսը՝ տարվում, այդտեղ հարաբերությունները չպետք է վատանան: Բայց հարցը նա է, որ ես պրոբլեմ չունեմ Ռուբեն Սահակյանի հետ: Ռուբեն Սահակյանն անում է իր աշխատանքը, ու ինքը լավ փաստաբան է: Ես տեսնում եմ, որ աշխատանքի մեջ թերանում է ոչ թե Ռուբեն Սահակյանը, աշխատանքի մեջ թերանում է դատախազությունը, աշխատանքի մեջ թերանում է քննչական մարմինը: Ոչ միայն թերանում է, ես նաև ասացի, ես դա գնահատում եմ նույնիսկ արդեն քրեական դաշտում նրանց գործողությունները: Ռուբեն Սահակյանը իր աշխատանքն է կատարում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս