Ադրբեջանի իշխանությունները մեղադրվել են վերջին տարիներին իսլամականների դեմ «խաչակրաց արշավանք» ձեռնարկելու մեջ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լրագրողների ազատության ու անվտանգության գրասենյակում այսօր կայացել է իսլամականների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2010-2013 թվականներին Ադրբեջանում կալանավորված հավատացյալների գործերին:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ 2010 թվականից իշխանությունները «խաչակրաց արշավանք» է ձեռնարկել իսլամականների դեմ: Այդ ժամանակահատվածում կալանավորվել են հավատացյալների մի շարք խմբեր, որոնց թվում կան նաև դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցներ:
Հանձնաժողովի տվյալներով՝ 2010 թվականի փետրվարին կալանքի տակ է վերցվել 5 մարդ, 2011 թվականին՝ 17 մարդ, 2012 թվականին՝ ավելի քան 80 մարդ, իսկ այս տարի՝ 2 մարդ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 իսլամական:
Հանձնաժողովի անդամ Էմիլ Ռահիլօղլուն հայտարարել է, որ իսլամատյացության ալիքը մեկնարկել է դեռևս 2009 թվականին, երբ արգելք դրվեց ազանի վրա և սկսվեց մզկիթների ավերումը, ինչին հաջորդեցին իսլամականների կալանավորման դեպքերը: