
Եգիպտոսի իշխանությունները որոշել են կրճատել պարետային ժամի տևողությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները որոշել են կրճատել պարետային ժամի տևողությունը: Այն մտցվել է օգոստոսին՝ կապված երկրում ընթացող զանգվածային անկարգությունների հետ:
Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի կառավարությունը: Վերջինիս հրամանի համաձայն, սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեղաշարժը սահմանափակվելու է ժամը 00.00-05.00-ին (նախկինում՝ 23.00-05.00-ին): Ուրբաթ օրերին պարետային ժամը նախկինի պես սկսվելու է ժամը 19.00-ին:
Եգիպտոսում հանգստյան օր է հանդիսանում հենց ուրբաթը, և հենց այդ օրերին է ընդդիմությունը ակցիաներ անցկացնում՝ պահանջելով նախագահի պաշտոնին վերադարձնել գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին:
Անցյալ շաբաթ էլ Եգիպտոսի իշխանությունները երկու ամսով երկարաձգել էին օգոստոսի կեսերից երկրում մտցված արտակարգ դրության ժամկետը: