
Րաֆֆիին դարձի կբերե՞ն

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը հնարավորինս մարդաշատ և ներկայացուցչական դարձնելու համար հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկել բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: Կուսակցությունների մի մասը մերժել է նրա հրավերը, իսկ նրանք, ովքեր որոշել են ընդունել այն, կարող են իրենց ներկայությամբ և ելույթներով տապալել հանրահավաքը:
Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել ի պաշտպանություն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, որը, ըստ նրա, վտանգվում է Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի իշխանության որոշման արդյունքում: Մինչդեռ հանրահավաքին հրավիրված մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հակառակ դիրքորոշում ունեն և հանդես են գալիս Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելու որոշման օգտին:
Այդ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ինքը փորձելու է հանրահավաքի իր ելույթով Րաֆֆի Հովհաննիսյանին «դարձի բերել», ապացուցելով, թե Հայաստանի համար որքան կարևոր է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելը և ինչ վտանգներ է պարունակում արևմտյան «վտանգավոր և հակազգային արժեքների ներմուծումը Հայաստան»: Իհարկե, չպետք է բացառել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտակցված է նման գործիչների հրավիրել հանրահավաքի, որպեսզի այն հնարավորինս կոմպլեմենտար լինի և շատ խիստ չնեղացնի ռուսներին: