
ԵՄ-ը պատրաստ է միջամտել Ռուսաստանի ու հետխորհդային երկրների միջև առևտրային պատերազմներին. Շտեֆան Ֆյուլե

Коммерсант-Украина թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը հետխորհրդային երկրները կպաշտպանի Ռուսաստանից. «ԵՄ-ի ղեկավարությունը պատրաստ է միջամտել Ռուսաստանի ու հետխորհդային երկրների միջև առևտրային պատերազմներին:
Առաջին քայլը կարող է դառնալ Բրյուսելի կողմից մոլդովական գինու ներկրման մեծացումը՝ փոխհատուցելու համար Քիշնևի կորուստները, որոնք նա կրել է և դեռ կկրի՝ կապված ռուսական շուկայի փակման հետ: Բրյուսելն արդեն իսկ նախաձեռնել է մոլդովական գինու ներկրման մեծացման ընթացակարգը: Եվրահանձնաժողովը համանման քայլեր կարող է ձեռնարկել նաև Ուկրաինայի նկատմամբ:
Եթե մեր գործընկերները դառնում են որևէ երկրի կողմից անարդարացի ճնշման օբյեկտ՝ բնականաբար ներառյալ նաև Ռուսաստանի ճնշումը, և եթե դա կապված է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու կամ ստորագրելու ձգտման հետ, ապա ԵՄ-ը պետք է հնարավորություն գտնի՝ փոխհատուցելու համար նրանց կորուստները:
ԵՄ-ի նախագիծը պետք է հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր սպառնալիք, որը կապված է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հնարավորության հետ, անընդունելի է:
Դա վերաբերում է ճնշման բազմաթիվ տեսակների՝ ներառյալ էներգակիրների գնի սահմանման հարցում չարաշահումները, առևտրային արգելապատնեշների առաջացումը, օրինակ ներկրման արգելքը, ինչպես նաև մաքսային բարդ ընթացակարգերը, ռազմական համագործակցությունը, անվտանգության երաշխավորումը և ձգձգվող հակամարտությունների հարցում աջակցությունը:
Նշված գործողությունները խախտում են Եվրոպայի բոլոր երկրների ընդունած սկզբունքները»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, որը նա պլանավորել է ստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: