Հայաստանն ի՞նչ կարող էր ստանալ Եվրամիությունից, որը չի ստանա Մաքսային միությունից
168.am-ի զրուցակիցն է Հայաստանում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:
– Պարոն Բաբկո, Ձեր գնահատականով, ինչպե՞ս կազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը մեր երկրի տնտեսության վրա:
– Այն պետությունները, որոնք մտել են Մաքսային միություն, մինչ օրս միայն դրական արդյունք են արձանագրել: Կան ինչ-որ խնդիրներ, որոնք առաջանում են ընթացքում, բայց դրանք լուծվում են: Կազմակերպությունը բավականին նոր է, երիտասարդ, ոչ մեկ չի անցել այդ ուղիով, կարելի է համեմատել Եվրամիության հետ, բայց ոչ շատ: Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ նա հարևաններից 2-ի հետ փակ սահմաններ ունի և չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, բայց այդտեղ ևս խնդիր չկա: Ինչպես միշտ օրինակ է բերվում Կալինինգրադը, որը չունենալով անմիջական սահման ՌԴ կամ ՄՄ հետ, այնուամենայնիվ այն ՄՄ տարածք է: Հայաստանի համար ՄՄ անդամակցումը շահավետ է բազմաթիվ տեսանկյուններից: Այժմ մեր երկրների մասնագետները վարում են բազմակողմ բանակցություններ, վերջերս ՀՀ-ում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը, որի նպատակն էր խորհրդաժողով անցկացնել հայ գործընկերների հետ: Ընդ որում՝ այդ խորհրդաժողովը ծրագրվել էր ավելի վաղ, քան նախագահ Սարգսյանի շուրթերից հնչեց ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը, դրա համար այդ խորհրդակցությունը վերաբերում էր ՄՄ երկրների միջև առևտրային գործարքների ժամանակ տեխնիկական հարցերի կարգավորմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ավանեսյանն անձամբ բացեց խորհրդակցությունը և ներկա էր հանդիպումներին, ասվեց, որ ՀՀ-ն իր ուղին ընտրել է, գնալու է դեպի ՄՄ: Եվ անգամ այդ կարճ խորհրդակցությունը, աշխատանքային խմբի բանակցությունները և մասնագետների քննարկումները ցույց տվեցին, որ հայկական կողմն ընդունում է, որ իր համար ՄՄ անդամակցումը բարիք է:
– Կարելի՞ է արդեն ասել, որ Մաքսային միությունը կայացել է որպես կառույց:
– Այո, կայացել է: Մի մոռացեք, որ միության ներսում ապրանքները տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան հանքային արտադրատեսակների արտահանման համար 52% մաքստուրք է գանձվում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան գումար է վճարվում, ինչի արդյունքում բարձրանում է ապրանքի գինը սպառողի համար: Դրա համար ապրանքատեսակների կեսի դեպքում մաքսատուրքերը կզրոյանան և դրանք կգան այստեղ ավելի էժան: Դա բարի՞ք է հայկական կողմի համար, երևի թե՝ այո: Եվ այդպես կարելի է շարունակել ու զարգացնել թեման:
Ես միայն 1 ամիս է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը, մինչ այդ ամբողջ կյանքս Չինաստանով եմ զբաղվել, բայց գիտեմ, որ ՄՄ քաղաքականության ճկունությունն այն է, որ պետությունը՝ ՄՄ անդամ դառնալով, իրավունք ունի մի քանի տարի ադապտացվելու, և այդ ժամանակ ինչ-որ հարցեր, որոնք չեն համապատասխանի փաստաթղթի ոգուն, կդրվեն քննարկման ու կփոփոխվեն: Ընթացքում, իհարկե, խաղի կանոնները կփոխվեն, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ինչ-որ առանձնահատկությունները պահպանել՝ իր ազգային օրենսդրության առումով և այլն: Դրա համար ոչ մեկն իր առջև խնդիր չի դնում բոլորին շարք կագնեցնել ու հրահանգել քայլել սկսել ձախ ոտքից, կամ աջ: Չնայած դա ցանկալի է կլիներ անել: Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր առանձնահատկությունը, որոնք Եվրասիական հանձնաժողովի կոլեգիան հաշվի է առնում ու ժամանակ է տրվում առանց առաջ կամ ետ կտրուկ ցնցումների, սահուն կերպով մտնել ՄՄ: Այստեղ քաղաքականությունը բավականին ճկուն է:
– Ձեր գնահատականով՝ ՀՀ–ն ի՞նչ կարող էր ստանալ Եվրամիությունից, որը չի ստանա Մաքսային միությունից:
– Ես կարծում եմ՝ այդ մասին պետք է խոսեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները, քանի որ նրանց ավելի տեսանելի է: Իրականում նրանք ավելի խորն են ուսումնասիրել խնդիրը: Ես չեմ տեսնում մի բան, որը չի ստանա ՀՀ-ն: Հենց ԵՄ-ում քաղաքականությունը շատ խիստ է՝ անդամակցելով ԵՄ-ին, դու պատանդ ես դառնում այդ համաձայնագրերին: Չէ՞ որ մենք չենք խոսում ԵՄ-ին ՀՀ-ի լիիրավ անդամության մասին, ոչ ոք Հայաստանին այնտեղ չի հրավիրել: Խոսվում է Ասոցացման համաձայնագրի մասին, որը պետք է ստորագրել և որտեղ մի շարք դրույթներ կան, որոնք կարող են սահմանափակել ՀՀ-ին որոշ որոշումներ կայացնելիս: Այնտեղ հնարավորություն չի տրվում յուրաքանչյուր երկրին հաշվի առնել իր յուրահատկությունները, այնտեղ պետք է ենթարկվել՝ ինչպես բանակում:
– Վերջին շրջանում Ղազախստանը դժգոհություններ է հայտնում ՄՄ–ից, և հարց է բարձրացնում միությունից դուրս գալու մասին:
– Ես այդ մասին չեմ լսել: Հակասություններ մենք ունենք, դա առևտուր է, կան առևտրային հետաքրքրություններ, ոմանք նեղ շրջանակի հետաքրքրություններ ունեն, բայց ընդհանուր առմամբ ՄՄ անդամակցությունից բոլորը շրջանառության և եկամտի հավելում են ստացել: Ռուսական կողմը ստանում է ներմուծման մաքսատուրքերի 88%-ը, քանի որ մեր ծավալը մեծ է, Ղազախստանը և Բելառուսը ստանում են մնացածը, բայց դա էլ ավելին է, քան այն ժամանակ էին ստանում, երբ ՄՄ անդամ չէին: Դրա համար ասել, թե ինչ-որ բանով Ղազախստանը դժգոհ է, ճիշտ չէ: Կարող են լինել առանձին կետեր, բայց այդ հարցերը քննարկվում են կոլեգիայի նիստում, նրանց փոխարեն ոչ մեկը որոշում չի ընդունում:
– Իսկ ՀՀ դեպքում կարո՞ղ եք գնահատական տալ, թե ինչքան մասնաբաժին կտանա ՀՀ–ն:
– Դեռ վաղ է խոսել այդ մասին, շատ են քննարկման կարիք ունեցող հարցերը, օրենսդրության, նորմատիվային բազայի համապատասխանեցման խնդիր կա և այլն: Մեծ աշխատանք է սպասվում առաջիկայում: Կարևորը՝ քաղաքական ուղությունն ընտրվել է: