Բաժիններ՝

Կարկուտից տուժածները. Ալաշկերտում սարսափով են սպասում ձմռան գալուստին

Տարին դեռ չի ավարտվել, սակայն Ալաշկերտում այն որակում են «սև» ու սպասում գալիք տարվան` հույսով, որ հաջորդ տարի բնությունն ու պետությունը բարեհաճ կգտնվեն գյուղացու հանդեպ: Մայիս ամսին տեղացած 30 րոպեանոց կարկուտից հետո գյուղացին դեռ ուշքի չի գալիս: Կես ժամվա ընթացքում գյուղը սնանկացավ, ու ալաշկերտցիների մեկ տարվա ապրուստը ոչնչացավ: Թեպետ Ալաշկերտը հակակարկտային կայան ուներ, սակայն կարկուտը ոչինչ չխնայեց: Գյուղում մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ գործող հակակարկտակայանի պայմաններում նման կարկուտ տեղաց:

Ալաշկերտում հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ: Տարվա այս եղանակին գյուղում բերքահավաքի ամենաբուռն շրջանն է, սակայն ինչպես ալաշկերտցիներն են ասում՝ այս բերքահավաքին լուռ են հետևում` կողքից: «Մենք բերքահավաքի մասին խոսելու իրավունք չունենք: Խաղողի տնկիները ջարդված են, անգամ տերև վրան չկա»,- ասում են գյուղացիները:

Մայիսին գյուղի 249 հա ցանքատարածք է կարկտահարվել, որից 146 հեկտարը խաղողի այգիներ են: Այգիների վերականգնման համար կպահանջվի երեք տարի, մինչդեռ Ալաշկերտում բնակիչների 90 տոկոսը վարկ ունի, ու միակ հույսը աշնան խաղողն էր:

«Մեր շրջանի ժողովուրդը խաղող է աճեցնում, որովհետև էստեղի հողը լավն է, ու քաղցրահամ խաղող է աճում: Նախորդ տարի 50 տոննա խաղող էի մթերել, բայց էս տարի 5 կիլոգրամ խաղող էլ չունեմ»,- ասում է գյուղի բնակիչ Մարտունը` հավելելով, որ իր ութ հոգուց բաղկացած ընտանիքը խաղողից ստացված եկամուտով էր պահում, իսկ այս տարի կանգնել է փաստի առաջ:

Կարդացեք նաև

Alashkert (1)

«Գազը թանկացել է, հոսանքը` նույնպես, խանութում մթերքն օրեցօր թանկանում է: Էստեղից էնտեղից պարտք եմ անում, որ կարողանանք ապրել, բայց չգիտեմ, թե ձմռանը ինչ եմ անելու»,- ասում է Մարտունը` նշելով, որ երեք տարի չի կարողանա այգին մշակել: «Մտածում եմ` գնամ հորեղբորս տղայի մոտ` Ռուսաստան, էնտեղ կաշխատեմ, շինարարություն կանեմ, ձեռքիցս ամեն ինչ էլ գալիս է, մի բանով կզբաղվեմ»,- ասում է նա:

Մարտունը միակը չէ, ով մտադրվել է հաջորդ տարի մեկնել Ռուսաստան. Սերոբն ու եղբայրն էլ են պատրաստվում բռնել խոպանի ուղին: «Գնանք տեսնենք՝ ի՞նչ ենք անում: Կանայք հողամասին տիրություն կանեն, մենք էլ կփորձենք էնտեղ աշխատել, որ կարողանանք վարկերից ազատվել: Մի անգամ վարկ ենք վերցրել ու տակից չենք կարողանում դուրս գալ: Մի տեղից վերցնում ենք, որ մյուսի պարտքը փակենք, օրեցօր ավելի ենք խրվում էս ճահճի մեջ, ու ոնց որ վերջը չի երևում»:

Սերոբը հաշվել է` կարկուտից կրած վնասը գերազանցում է մի քանի միլիոնը: Իր խաղողը շատ լավն է ու 200 դրամից պակաս գնով չի մթերում: «Հողը սիրում եմ, հողի լեզուն հասկանում եմ, մեջը սեր եմ դնում, դրա համար էլ իմ խաղողը միշտ լավն է լինում: Բայց ոնց տեսնում ենք՝ հողագործությամբ տուն պահել չի լինում: Երեխեքն էլ մեծանում են, օրեցօր կյանքն ավելի է թանկանում, ու էս բեռի տակից չենք կարողանում դուրս գալ»,- ասում է Սերոբը` ավելացնելով, որ էլ խաղողի մասին չի մտածում: Հիմա գլխավոր հարցն այն է, թե ձմեռն ինչպե՞ս է անցկացնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս