Ինչպե՞ս կարող է Հայաստանը առավելագույն օգուտ քաղել Մաքսային միությանն անդամակցությունից
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, այսօրվա ասուլիսում նշեց, որ Հայաստանը ո´չ պետք է մտներ Մաքսային միություն, ո´չ էլ բանակցեր Եվրոպայի հետ, քանի որ դրանով «զայրացրեց Ռուսաստանին», որն, ինչպես հայտնի է, ռազմական բազա ունի Հայաստանում: Բագրատյանը շեշտեց, որ հարցն ամեն դեպքում պետք է դնել հանրաքվեի:
Ի՞նչ պետք է անել այն դեպքում, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, որպեսզի հնարավորինս օգուտ ստանա Մաքսային միության անդամակցությունից: Սա առաջին և գլխավոր հարցերից մեկն էր, որն ուղղվեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանին:
«Կարծում եմ, որ շտապ կարգով պետք է ստեղծել մի լուրջ հանձնաժողով: Գտնվել Մաքսային միության մեջ, որտեղ երեք անդամներից երկուսը (Ռուսաստանը և Ղազախստանը,-Ա.Ս.) էներգակիրների խոշոր արտահանողներ են, մեկը (Բելառուսը,-Ա.Ս.)` ներմուծող, այն տարիֆներով, որոնք ստորագրվել են 2009-ին, կնշանակի ուղղակի փակել Հանրապետության տնտեսությունը»,- ասաց Բագրատյանը: Ըստ նրա` սկզբնական շրջանում, մինչև տնտեսությունը կադապտացվի, Հայաստանի տնտեսությանը, առանց երկրորդ կարծիքի, հարված կհասցվի:
«Մենք հայտնվելու ենք մի տարածքում, որտեղ տարիֆները 4 անգամ պիտի բարձրացվեն, ուրեմն այստեղ որոշակի բաներ կարելի է վիճարկել, որ մեզ ժամանակ տան, թույլ տան շարունակել մեր տարիֆներով 3-7 տարի, որպեսզի ադապտացնենք տնտեսությունը: Սա առաջին պահանջը պետք է լինի: Տիգրան Սարգսյանը սա պիտի աներ, այլ ոչ թե հայտարարեր` քանի որ պետական սահման չունենք Մաքսային միության հետ, չենք կարող անդամակցել: Բացարձակ անհեթեթություն է…Երկրորդը` այդ ի՞նչ եղավ Բելառուսի հետ. երբ ստեղծվեց Մաքսային միությունը, Բելառուսի տնտեսությունը սկսեց քանդվել, Ղազախստանինը` աճել: Սա ես կոչում եմ էներգակիրների էֆեկտ…Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պետք է չեզոքացնեն էներգակիրների բացասական էֆեկտը»,- շարունակեց նա:
Մյուս կարևոր հարցը, որը պետք է պարզել` արդյոք Մաքսային միության տարածքում լինելո՞ւ է ռուբլու գոտի, թե՞ ոչ: «Մեզ սպասվում է ռուբլու գոտի, սա էլ պետք է հիմա հասկանանք, հիշե´ք այս խոսքերը»,- նշեց Բագրատյանը:
Սակայն Հ. Բագրատյանը մյուս կողմից նաև նշեց, որ Մաքսային միության պայմանագրում կան կետեր, որոնցից կարող են լինել օգուտներ. «Մաքսային միությունը շատ բացասական բաներ է բերում, բայց մի քիչ էլ դրական բաներ. օրինակ` կոնյակի, գինու արտադրությունը կարող է ծաղկել: Պիտի փորձենք օգտագործել ՄՄ-ի առավելությունները` փորձելով գրավել ռուսական շուկան, պիտի փորձենք պատվերներ պահանջել մեր շինարարական ընկերությունների համար»:
Իսկ որքանո՞վ է Մաքսային միության անդամակցությունը սահմանափակելու Հայաստանի ինքնիշխանությունը:
«Այդ (նոր մաքսային տարիֆների սահմանման,- Ա.Ս.) առումով` սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, օրինակ` գործող տարիֆներով Հայաստանն այսօր վառելիքը` բենզինը, հիմնականում ներմուծում է Ռումինիայից, Բուլղարիայից, մեր բենզինը ռուսական չէ, որքան գիտեմ, Ուկրաինայից ենք բերում: Կամ, ասենք, վառելիք, այդ թվում` գազ ենք ներմուծում Իրանից: Ես չգիտեմ` եթե ներմուծվի մաքսային տարիֆը, ինչպե՞ս կարող ենք բանակցել: Եթե սահմանվի մաքսային տարիֆը, իրանական գազի ներմուծումը Հայաստան կարող է կանգնել, իսկ մենք ուզում էինք ունենալ էներգետիկայի դիվերսիֆիկացիա»,- ի պատասխան ասաց Հ. Բագրատյանը:
Այս համատեքստում Հրանտ Բագրատյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև Եվրոպայի հետ համագործակցությանը, որը նախատեսվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման դեպքում: Մասնավորապես, Բագրատյանը մեկնաբանեց իշխանության որոշ ներկայացուցիչների այն փաստարկը, թե Հայաստանի համար առավել շահավետ է Մաքսային միության շուկան, ոչ թե Եվրոպայի ազատ առևտրի գոտին, քանի որ «հայկական ապրանքները չեն կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում»
Այս հարցին Հրանտ Բագրատյանի պատասխանը նույնպես միանշանակ չէր: Նա հիշեցրեց սեպտեմբերի 2-ի իր հարցազրույցը Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարում, որում նշել էր, թե Հայաստանն, իհարկե, պատրաստ չէ ազատ առևտրին, սակայն Եվրոպայի ազատ առևտրի գոտի մտնելու դեպքում կարճաժամկետ հեռանկարում անմիջական էֆեկտ կարող էր լինել եվրոպական հզոր ընկերությունների մուտքը, իսկ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի էֆեկտը գուցե կարողանա գերազանցել եվրոպական էֆեկտին:
«Նույն եվրոպական ընկերությունները երևի կուզենան այստեղ որոշ ձեռնարկություններ դնել: Ասենք` «Ռենոյի» լավագույն մեքենաներն այսօր արտադրվում են Ռումինիայում, և մենք կսկսենք աստիճանաբար շահել, որովհետև Ռումինիան և Բուլղարիան էլ, երբ դարձան ԵՄ անդամներ, սկզբից` 5-6 տարի վատ էր, հետո աստիճանաբար տեղի ունեցավ էֆեկտը, որովհետև վերաբաշխման էֆեկտը միևնույն տնտեսական տարածքում անխուսափելի է»,- ասաց նա:
«Բայց սկզբնական շրջանում նրանք, ովքեր բիզնես չունեն, կարող էին նաև շահել, որովհետև մաքսային տարիֆների իջեցման կամ վերացման շնորհիվ զգալիորեն կէժանանային Եվրոպայից կամ Թուրքիայից ներմուծված ապրանքները: Մի մոռացեք, որ եվրոպական ազատ առևտրի գոտում նաև Թուրքիան է. մենք թուրքերի հետ հայտնվելու էինք միևնույն գոտում և լրացուցիչ լծակ էինք ստանալու, այսպես ասեմ, բարի իմաստով թուրքերի վրա փնթփնթալու` վերջապես սահմանը բացեք, կամ Եվրոպային անընդհատ բողոքելու»,- ավելացրեց նախկին վարչապետը:
Խնդրի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար Հրանտ Բագրատյանը նաև ավելացրեց, որ Մաքսային Միության անդամ երկրների, գլխավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 1, 1 միլիարդ դոլար, որից 750 միլիոնը կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքները, իսկ Եվրոպական միության հետ Հայաստանի առևտուրը կազմում է 1, 7 միլիարդ դոլար, սակայն այս դեպքում Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալն ավելի մեծ է. արտահանումը կազմում է մոտ 600 միլիոն դոլար: