Բաժիններ՝

Լիցենցիան կասեցրած «Երևան-աուդիտ կոնսալտ»-ը դրական եզրակացություն չէր տվել կառավարության «սիրելի» ընկերությանը

Նախորդ շաբաթվա վերջին ՀՀ ֆինանսների նախարարի ս.թ. սեպտեմբերի 13-ի հրամանով կասեցվեց «Երևան-աուդիտ կոնսալտ» աուդիտորական ընկերության լիցենզիան։ Ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ, կասեցման համար հիմք է հանդիսացել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի խախտումը, այն է առնվազն 5 աուդիտորներ ունենալու պահանջը: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել  այդ պահանջի խախտման օրվանից` ս.թ. հուլիսի 31-ից:

«Երևան-աուդիտ կոնսալտ»-ը, որպես այդպիսին, այնքան էլ «դաժան» աուդիտորական ընկերություն չէ։ Պարտադիր ֆինանսական աուդիտից դրական եզրակացություն (ձևափոխված) չստացած 203 ընկերություններից միայն 8-ն են բաժին ընկնում «Երևան-աուդիտ կոնսալտ»-ին։

Թեպետ հանուն արդարության պետք է նշել որ դրանք բավականին հայտնի ընկերություններ են։ Օրինակ, «Երևան-աուդիտ կոնսալտ»-ը դրական եզրակացություն չի տվել «Շարմ հոլդինգ», «Վաղարշ և որդիներ», «Ավշարի գինու գործարան», «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ընկերությունների ֆինանսական հաշվետվություններին։

Վերապահում դրական եզրակացություն է ստացել նաև «Էկոտոմատո ընկերությունը»։ Նշենք, որ վերապահումով դրական եզրակացությունը նույնպես ընկերությանը զրկում է պետական մրցույթներին մասնակցության իրավունքից։ Այն, իհարկե, նոր ընկերություն է (գրանցվել է 2011թ. կեսերին) և նույնքան հայտնի չէ, որքան վերը նշվածները։ Սակայն «Էկոտոմատոյի»՝ բացասական եզրակացություն ստանալը ավելի ուշագրավ է, քան հայտնի ընկերությունների պարագայում։

Կարդացեք նաև

Բանն այն է, որ վարդերի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող «Էկոտոմատո» ընկերությունը գտնվում է կառավարության հատուկ ուշադրության (եթե չասենք՝ հովանավորության) կենտրոնում։

Այսպես, նախ 2011թ. կեսերին ՀՀ կառավարությունը որոշեց «Էկոտոմատո» ՓԲԸ-ի  կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։ Ուշադրություն դարձրեք՝ այդ պահին ընկերությունն ընդամենը մի քանի շաբաթվա պատմություն ուներ։

Դրանից մեկ տարի անց՝ կառավարությունը հավանություն տվեց «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած՝ Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին և Գողթի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա հողամասը կադաստրային արժեքով օտարեց «Էկոտոմատո» ՓԲԸ-ին։
Բացի այդ, ընկերությանը ֆինանսավորում էր տրամադրել «ՎՏԲ-Հայաստան բանկը» ՝ նոր ծաղկային ջերմոցների տնտեսության շինարարության և «Dalsem» հոլանդական ընկերությունից սարքավորումների ձեռքբերման նպատակով: Սա էլ զարմանալի էր, քանի որ հայաստանյան բանկերը համեմատաբար նոր, կամ, ինչպես իրենք են ասում, start-up բիզնեսներին չեն վարկավորում։ Եթե այս ամենին էլ գումարենք այն, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ նախագահից սկսած, այցելել է «Էկոտոմատո», ապա ակնհայտ է դառնում, որ հատուկ ուշադրություն է դարձվում այս ընկերությանը։

Այսինքն, բացասական եզրակացություն տալով մի ընկերության հաշվետվությանը, որը որպես հաջողության ցուցադրական նմուշ,  «Երևան-աուդիտ կոնսալտ»-ը անուղղակիորեն անվստահություն է հայտնել նաև կառավարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս