Ո՞ւմ հրաժարականն է պահանջում Դաշնակցությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնում (ԳՄ) այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեցին, որ կուսակցության սկսել է նոր գործընթաց և Հայաստանի գլխավոր հիմնահարցի` արտագաղթի խնդիրը լուծելու համար ձգտելու է իրականացնել նոր ծրագիր`  «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այս ծրագրի առաջին կետը վերաբերում է   բիզնեսի ու քաղաքականության տարանջատման հարցին, ինչպես նաև պետության կողմից կադրային քաղաքականության բարեփոխմանը. ՀՅԴ-ն պահանջում է  «վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն»։

«Մենք առաջարկում ենք, որպեսզի պաշտոններից ազատվեն այն անձինք, ովքեր դրսևորում են հակաքրիստոնեական, հակամարդկային վարքագիծ և հասարակության մոտ առաջացնում են ակնհայտ բացասական դրսևորումներ` թե´ կոռուպցիոն, թե´ թմրամոլությամբ, թե´ տարբեր ուղղություններով: Մենք կարծում ենք, որ, վերլուծություններն էլ են դա ապացուցել, հասարակության շրջանում արտագաղթի չորս հիմնական պատճառներից մեկը հոգեբանական գործոնն է, երբ անվստահություն կա թե´ առօրյայի, թե´ ապագայի նկատմամբ, կա արդարության նկատմամբ սասանված հավատ, պետական պաշտոնյայի նկատմամբ անվստահություն, խոսքի նկատմամբ անհավատ վերաբերմունք և այլն»,- ասաց Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով գլխավորել է ծրագրի իրականացման աշխատանքները:

Հարցին` «ո՞ւմ կառանձնացնեք պաշտոնանկության արժանի պաշտոնյաների առաջին հնգյակում», Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ծրագիրը կազմելիս` մասնագիտական խումբը երկու կարծիքի է բաժանված եղել այս հարցի վերաբերյալ` արդյոք պե՞տք է հրապարակել անուններ, թե՞ անհրաժեշտ է զերծ մնալ անուններ հնչեցնելուց:

«Մենք որոշեցինք չհրապարակել անուններ, որովհետև այս ծրագրի կատարման հիմնական պատասխանատուն իշխանությունն է, իսկ իշխանությունն ունի մի հատկություն` երբ անուն ես հրապարակում, նա սկսում է պաշտպանել այդ անձին: Այդ պատճառով` անունները թողել ենք, երբ համախոհության հիման վրա ձևավորված ամբողջական ծրագրի քննարկման վերջնական փուլում այն կներկայացվի իշխանությանը, այն ժամանակ իշխանությանը կներկայացվի նաև պաշտոնների և անունների փաթեթ, թե ովքեր են իրենց գործունեությամբ բացասական լիցքեր հաղորդում հայ հանրությանը»,- բացատրեց Արծվիկ Մինասյանը:

Կարդացեք նաև

Իսկ որքանո՞վ է Դաշնակցությունը համատեղելի համարում ծրագրի իրականացման ֆոնի վրա համագործակցությունն իշխանության հետ և միաժամանակ ամբողջական իշխանափոխության նպատակը, որի մասին այսօր նշեցին դաշնակցականները: Այս մասին էլ դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասաց, թե ցանկացած ծրագրի իրագործումը ենթադրում է համագործակցություն:

«Համագործակցություն, որն ամենևին չի նշանակում վերադարձ կոալիցիա»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

«Եթե մենք նպատակ ենք դնում, որ պետք է բարձրացնել երկրի կառավարման համակարգի արդյունավետության մակարդակը, և վերահսկողության լծակները պետք է տալ ընդդիմությանը, դա էլ է համագործակցություն, համագործակցություն է հանուն պետության զարգացման, բայց ոչ թե կոալիցիոն կառավարման սկզբունքով»,- ավելացրեց նա:

Իսկ Արմեն Ռուստամյանն էլ, ընգծելով, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստը, թե ինչպես կարող է ընդդիմադիր կուսակցությունը իշխանության հետ սկսել ինչ-որ համաքայլ գործընթաց, իր հերթին նշեց, որ պետք է կարողանալ «այս վիճակից դուրս գալու համար ձևավորել ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ»:

Տեսանյութեր

Լրահոս