ՄՄ անդամակցության դեպքում գինեգործությունը կշեղվի եվրոպական չափանիշներից
«Խաղողի համար շատ լավ սեզոն է սկսվում, շատ լավ ու որակով բերք ունենք: Անցումային շրջանի վերջին տարին է, երբ գյուղացին է խնդրում, որ իր խաղողը վերցնեն: Հաջորդ տարվանից մենք կխնդրենք, որ մեզ խաղող տան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի սպասվում է 160 հազար տոննա տեխնիկական սորտերի խաղող, մթերում իրականացնում են մոտ 45 սուբյեկտներ: 10 ընկերություններ արդեն 10 հազար տոննա մթերել են, սեպտեմբերի 20-ից մյուսները ևս կմիանան գործընթացին: Մթերման գինը սկսվում է 145 դրամից, իսկ գինու համար կարմիր խաղողը ավելի թանկ է՝ 170 դրամ և ավելի: Ըստ Հարությունյանի՝ խաղողի ինքնարժեքը մոտ 100 դրամ է, բայց քանի որ գյուղացիները 0.5 հա այգի ունեն, ընդհանուր եկամուտը փոքր է ստացվում:
Միության նախագահի կարծիքով՝ ստացվող ընդհանուր բերքի ու խաղողի այգիների տարածքների ցուցանիշներն իրար չեն համապատասխանում, քանի որ, եթե հավատանք պաշտոնական թվերին, ապա ստացվում է, որ ՀՀ-ում 1 հեկտարից 200 ցենտներ բերք է ապահովվում, մինչդեռ այդ քանակի բերք զարգացած երկրներում չի ստացվում:
168.am-ի հարցին՝ Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնել էր արբանյակային եղանակով չափել ՀՀ-ում այգիների տարածքները, արդյունքները դեռ չկա՞ն, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ աշխատանքները մի քիչ ուշանում են, այս տարի պետք է դրանք իրականացվեին 2 եղանակով՝ տեղում շրջելով հաշվառումների միջոցով, որը թույլ կտար նաև գրանցել խաղողի սորտերը և այլ տվյալներ, և արբանյակային եղանակով, որը միայն տարածքները կհաշվառի:
Անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Ա.Հարությունյանը նշեց, որ կոնյակի դեպքում էական փոփոխություն չի լինի, քանի որ խաղողի բերքի մեծ մասը ուղղվում է կոնյակի արտադրությանը, իսկ կոնյակի 93%-ը արտահանվում է Ռուսաստան: Միաժամանակ, ըստ նրա, ՀՀ-ն մտնում է խաղի մեջ, որի հանգուցալուծումը հայտնի չէ՝ «կոնյակ» արտադրելու իրավունքը Ֆրանսիայինն է, որը ՀՀ-ին թույլատրել է ևս 10 տարի (մինչև 2023 թ.) խմիչքը մեր տարածքում վաճառել «կոնյակ» անվան տակ, իսկ անցած տարի ՌԴ-ն դարձավ ԱՀԿ անդամ և այժմ ՌԴ տարածքում խնդիրը կարող է կարգավորվել ՌԴ-Ֆրանսիա համաձայնագրերով:
«Գինու առումով մի քիչ բարդ է»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ ՄՄ տարածքում արտահանման աճ կլինի, բայց դա չի տա այն արդյունքը, որը կտար, եթե մենք շարժվեինք ԵՄ չափանիշներով. «Կունենանք շեղում եվրոպական չափանիշներից, իսկ դա նշանակում է՝ 1 շիշ գինուց ունենալ ավելի շատ եկամուտ, քան 1 շիշ կոնյակից»:
Ներկայումս, նրա խոսքով, ՀՀ-ն արտահանում է 1.5 մլն շիշ գինի, որից 1 մլն-ը՝ ՌԴ: Ընդհանուր ներուժը գնահատվում է 3 մլն շիշ, որը ԵՄ հետ հարաբերությունների զարգացման դեպքում խնդիր չէր լինի արտահանել եվրոպական շուկա: