Բաժիններ՝

Գետաշենի ճանապարհներն անանցանելի են. գյուղացին չի կարողանում բերքը շուկա հասցնել

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:

Համայնքի ամենամեծ ու օրակարգային հարցը ճանապարհներն են: Գյուղի տարեցները դժվարանում են հիշել, թե վերջին անգամ երբ են ճանապարհները նորոգվել: Խորհրդային տարիների ասֆալտից գրեթե ոչինչ չի մնացել, եղածն էլ ճանապարհի հետ քերել-տարել են հարևանությամբ գործող ավազի հանքերի բեռնատարները:

Ինչպես գետաշենցիներն են ասում` մարդաբոյ փոսերն ու քարերի կույտն իրենք ստիպված են անվանել ճանապարհ: Միջհամայնքային ճանապարհն էլ առանձնապես լավ վիճակում չէ, սակայն գյուղացիներն այդ մասին չեն խոսում: «Գոնե դեպի մարզկենտրոն տանող ճանապարհ սարքեն, էլի գոհ կլինենք»,- ասում են նրանք:

Getashen-janaparhner

Կարդացեք նաև

Գետաշենից մինչև մարզկենտրոն Արմավիր ընդամենը 20 կմ ճանապարհ է, սակայն գյուղացիները տեղ են հասնում 4-5 ժամում: «Մեքենան հնարավոր չի լինում քշել, կեսից արդեն ջարդվում է: Մարդ ավելի շուտ տեղ կհասնի ոտքով, քան մեքենայով»,- ասում է գյուղացիներից Գառնիկը` ավելացնելով, որ գյուղի բոլոր մեքենաները ճանապարհների պատճառով ջարդված են: Անգամ բեռնատար մեքենաները չեն դիմանում ճանապարհների խորդուբորդին: Երթուղային տաքսիներն էլ հարմար առիթը բաց չեն թողնում ճանապարհներից դժգոհելու և հայտարարելու, որ չեն ցանկանում վնասով քշել: Երթուղային տաքսին մի օր աշխատում է, մեկ շաբաթ չի աշխատում: Տաքսի ծառայություններն էլ առնվազն 5000 դրամ են պահանջում դեպի Արմավիր տանելու համար: «Գյուղացուն որտեղի՞ց էդքան փող, որ 5000 դրամ տա քաղաք հասնելու համար»,- դժգոհում են գյուղացիները, սակայն տաքսիստներին չեն մեղադրում. մի քանի անգամ գյուղ մտնելուց հետո մեքենան արհեստավորի մոտ են տանում, շատ ժամանակ հրաժարվում էլ են ծառայություն մատուցել:

Միայն երթևեկելը չէ, որ գյուղացիներին մտահոգում է: Սարսափելի ճանապարհներն իրենց սև գործը կատարում են հատկապես բերքահավաքի ժամանակ: Նախորդ տարի բնակիչներից Իսահակը ճանապարհների պատճառով կորուստներ է ունեցել: Պոմիդորը քաղաք հասցնելու ճանապարհին ճաքել էր: «Պոմիդորը լխկել էր, տակի արկղերից ջուրը չռռում էր: Բա ի՞նչ կանի, չորս ժամ խորդուրբորդ ճանապարհով տանում էի: Վեց արկղ պոմիդոր էի տանում, երկուսը ջուրը գնաց»,- պատմում է  նա:

Գյուղի կանայք էլ անհանգստացած են. եթե գյուղում հրդեհ բռնկվի, ինչպե՞ս են մարելու: «Գյուղը միանգամից կրակի կմատնվի: Մինչև չորս ժամում հրշեջները հասնեն` Գետաշենից մոխիր կմնա»,- ասում է տիկին Աստղիկը:

Տիկին Ալլայի մտահոգությունն էլ այլ է. նրա հարսը հղի է, առաջին թոռնիկին են սպասում. հարսը ճանապարհը վատ է տանում: «Ամեն անգամ բժշկի գնալիս վատանում է, երկու անգամ ուշքը գնացել է: Բժիշկն ասել է, որ դա շատ վատ է թե’ մոր, թե’ երեխայի համար, բայց մենք ուրիշ ելք չունենք: Նորմալ մարդն է էդ ճանապարհներին վատանում, ուր մնաց՝ հինգ ամսական հղի կինը»,- ասում է  նա:

Գետաշենի տարեկան բյուջեն 18 միլիոն դրամ է: Այդքան գումարով գյուղապետարանը դժվարությամբ կարողանում է ընթացիկ ծախսերը հոգալ: Գյուղապետարանից հավաստիացնում են, որ խնդրի մասին բոլորն են տեղյակ` մարզպետն էլ, ՀՀ տարածքային կառավարման, կապի և տրանսպորտի նախարարներն էլ:

Մարզպետարանից տեղեկացրել էին, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվելու է. անգամ ժամկետ էր նշվել, որն արդեն մի քանի ամիս է՝ լրացել է, սակայն որևէ առաջընթաց չկա: Գյուղապետարանում տեղյակ չեն, թե ինչու սայլը տեղից չի շարժվում, ենթադրում են, որ գումար չի  ճարվել պետական ծրագրով ասֆալտապատում իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս