Բաժիններ՝

«Հարկային բարեփոխումներ» մեդալի երկրորդ երեսը. Բազմաթիվ տնտեսվարողներ սնանկացման վտանգի առջև են

Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը կոչված հարկային բարեփոխումները հակառակ արդյունք են ապահովում և էլ ավելի բարդացնում գործարարների կյանքը: 168.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր «երկու քարի արանքում» են հայտնվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկում տեղ գտած իրավական «վրիպակի» պատճառով: Դրա հետևանքով հազարավոր տնտեսվարողներ երկու եռամսյակ վճարել են ԱԱՀ՝ վստահ լինելով, որ իրենք հենց ԱԱՀ վճարողներ են, բայց այժմ ենթարկվում են տույժ ու տուգանքի:

 «Այն, որ հարկային փոփոխությունները «բարեփոխում» անվանելը, մեղմ ասած, սխալ էր, դա պարզից էլ պարզ էր արդեն սկզբում, բայց որ «հեղափոխական փոփոխություններն» այս իմաստով կլինեին, կարծում եմ ոչ մեկս չէր պատկերացնի։ Այժմ ՊԵԿ-ը յուրովի է մեկնաբանում օրենքը, ինչը բարդ իրավական ծուղակներով, բայց հնարավոր է հերքել»,- նշում են գործարարները:

 Տնտեսվարողները մի շարք բողոքարկումներ են ներկայացրել ՊԵԿ, որոնցից առաջինի քննարկումը տեղի է ունեցել, բայց դեռ որոշում չի կայացվել:

 168.am-ը ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, բողոքարկումների արդյունքը ե՞րբ պարզ կլինի և ի՞նչ է սպասվում գործարարներին: Մինչ ՊԵԿ-ից պաշտոնական պարզաբանում ստանալը՝ տնտեսվարողները վճռականություն են հայտնում՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Կարդացեք նաև

 Խնդիրն այն է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով՝ «Առևտրային կազմակերպությունները շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 % և ավելի փայաբաժինը պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է ՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 % և ավելի փայաբաժինը»: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրույթը նոր չի և նախկինում կարգավորվում էր «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, որին հարկ վճարողները արդեն 3 տարուց ավելի է ծանոթ են, բոլոր հարկ վճարողները, որոնք հանդիսանում էին ԱԱՀ վճարող, շարունակել են իրենց ԱԱՀ վճարող համարել: Նույնիսկ այս տարվա սկզբին տնտեսվարողները դիմել են իրենց տարածքային հարկային տեսչություններ և ստացել են ԱԱՀ վճարողի հաշվառման համար, դուրս են գրել հարկային հաշիվներ և այլն: Սակայն 2 եռամսյակ անց մի շարք հարկ վճարողներ ծանուցվել են, որ իրենք հանդիսանում են շրջանառության հարկ վճարող, քանի որ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվելու մասին հայտարարություն չեն ներկայացրել իրենց տարածքային հարկային տեսչություն: Շրջանառության հարկի հաշվարկներ չներկայացնելու և հարկերը չվճարելու համար տնտեսվարողների հանդեպ կիրառվել են տույժ ու տուգանքներ, միաժամանակ նրանք զրկվել են նախկինում գոյացած ԱԱՀ-ի գերավճարներից: Այն հարկատուները, որոնք 6-7 ամիս աշխատել են այդ հարկային դաշտում (ԱԱՀ-ով), դուրս գրել հարկային հաշիվներ ու հանձնել հաշվետվություններ, այժմ վերջիններիս պարտադրում են վճարել սխալ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները, այդ գումարների վրա հաշվարկված տույժերն ու վարչական տուգանքները:

 Նախկին տրամաբանությամբ նույն ֆիզիկական անձը չէր կարող միաժամանակ 20% և ավել փայաբաժին ունենալ 2 ընկերություններում, իսկ այդ ընկերությունները չէին կարող լինել Պարզեցված հարկ վճարող (2012թ-ից՝ ԱԱՀ չվճարող)։ Բոլոր դեպքերում էլ նպատակը մեկն էր՝ թույլ չտալ խոշոր բիզնեսը մասնատվի փոքր մասերի և օգտվի Պարզեցված հարկ վճարողների համար նախատեսված արտոնություններից։ Այս տարվա «բարեփոխված» հարկային օրենսդրությամբ այդ պայմանը ենթարկվել էր թեթև կոսմետիկ ձևափոխման, սակայն ըստ էության մնացել էր նույնը։ Չնայած դրան, փոխվել է պատկան մարմինների մեկնաբանությունը «անձ» բառի հետ կապված, որի մասին տնտեսվարողներին հարկ չեն համարել իրազեկել:

 Ընդ որում՝ եթե ՀՀ-ում հարկային օրենսդրության որևէ դրույթ պարունակում է հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին: Բայց մեր օրերում օրենքի այս դրույթը ևս չի գործում, թե ինչո՞ւ՝ պարզ չէ:

 «Ներկայում, երբ ՀՀ կառավարությունը լուրջ խնդիր ունի տնտեսության զարգացման և հիմնական բոլոր ռեսուրսներն ուղղված են ՓՄՁ զարգացմանն ու ՓՄՁ սուբյեկտների համար տնտեսական գործունեության իրականացման թեթևացմանը, նման տեխնիկական ծուղակների և անտրամաբանական իրավական հակասությունների միջոցով նույն կառավարության կողմից ՓՄՁ սուբյեկտներին մի քանի տասնյակ միլիոնի կորուստներ արձանագրելը կարող է անդառնալի լինել և նպաստել էլ ավելի շատ ՓՄՁ-ների սնանկացմանը և արտագաղթին»,- գտնում է տնտեսագետ Գևորգ Պողոսյանը:

 Գործարարները նաև նշում են, որ ստեղծված իրավիճակի պարզաբանման համար բազմիցս դիմել են տարածքային հարկային տեսչություններ, ՀՀ ԿԱ ՊԵԿ, սակայն պատասխան կամ չկա, կամ պաշտոնական պարզաբանման փոխարեն ստանում են «լղոզված իրազեկման նպատակով տեղեկացումներ»։ Տնտեսվարողներն առաջարկում են կազմակերպել քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և վերականգնել օրենքի սխալ կիրառումից տուժած հարկատուների խախտված իրավունքներն և փոխհատուցել կրած վնասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս