Բաժիններ՝

Կծիկը քանդվու՞մ է, թե՞ հերթական շոուն է

Օրերս մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին իր շրջապատի պաշտոնյա անձանց ձերբակալման մասին լուրերը: Քաղաքում ամենուր խոսվում է, թե «նախկին քաղաքապետի մոտիկներին ձերբակալել են», որպես պատճառ էլ նշվում են  «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության հետ կապված խնդիրները:

Հիշեցնենք, որ մամուլում այս օրերին լուրեր էին շրջանառվում, որ ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Կազմակերպության ղեկավարությանը կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու համար: Նշվում էր նաև, որ այդ ընկերությունը իրականում  պատկանում է  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին, ու նրա  ընկերոջը` Արման Բադալյանին: Գյումրիում քաղաքապետի փոփոխությունից հետո շինկազմակերպության բանվորներն իրենց պարտքերը  պահանջում  էին նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանից: Նշենք նաև, որ այս կազմակերպությունը դատի էր տվել Գյումրիի քաղաքապետարանին` պահանջելով  վճարել  427 միլիոն դրամի պարտքը: Ըստ «Առավոտ» օրաթերթի՝ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, ավագանու առաջին նիստի ժամանակ, անդրադառնալով այս ընկերությանը ունեցած  պարտքին, ասել էր. «Զարմանալի պարտք է` 427 միլիոն: Տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն` դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել է այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը ասֆալտապատման աշխատանքնե՞ր է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային  նորոգումներով, և դա եղել է  հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս  ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման: Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի` արդյոք սա իրատեսակա՞ն  է համարվում, թե՞ ոչ, որովհետև ես խիստ կասկածում եմ. հուլիսից հետո  փոսի նորոգում միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիցենզիա, լիցենզիա չենք կարող գտնել, իրավունք  չունեին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից՝ չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոնի է եղել, էդ ինչպե՞ս դարձավ 700 միլիոն»:

Ինչևէ, այս խնդիրները նորություն չեն. դեռևս նախորդ տարվանից կազմակերպության աշխատակիցները բողոքի  մեծ ալիք էին բարձրացրել. «Աշխատել ենք, աշխատանքի դիմաց փող չենք ստացել»,- նշում էին նրանք: Գյումրիում կատարված «իշխանափոխությունն» այնքան էլ անհետևանք չմնաց: Դեռ անցյալ տարվանից այս անհասկանալի քայլերի կծիկը շատ մութ և անբացատրելի կողմեր էր ներառում: Մի ժամանակ Գյումրիի քաղաքապետարանին էին դատի տալիս աշխատավարձեր չվճարելու մեղադրանքով, իսկ հիմա նույնանման իրավիճակում են  «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության աշխատակիցները: Եղե՞լ է  մեծ գումարների յուրացում, թե՞ ոչ: Վերջիվերջո, սա հաշվեհարդա՞ր է, թե՞ չարաշահումների և յուրացումների կծիկն ակամայից սկսվում է քանդվել: Ոմանք էլ թերահավատ են, թե յուրացումներն իսկապես կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն, ու մտածում են՝ գուցե սա հերթական շոո՞ւն  է:

Քաղաքում շրջանառվող լուրերը տարբեր են: Այս գործընթացում օբյեկտիվորեն առաջանում է «ինչուների» երկար շարան. ինչո՞ւ է Գյումրիի քաղաքապետարանը մինչ օրս լռում և ոչ մի պաշտոնական կարծիք չի հայտնում բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության  բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ձերբակալության հարցի շուրջ, որը, ի դեպ, տեղի էր ունեցել Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված համապատասխան ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների պատճառով: Ինչո՞ւ չկա արձագանք  նաև համատարած ձերբակալությունների մասին շրջանառվող լուրերի շուրջ: Ինչու՞ ժամանակին անկախ աուդիտ չի իրականացվել «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության նկատմամբ: Ինչո՞ւ հենց հիմա կրկին հիշվեց նախկին քաղաքապետն ու իր շրջապատը, և ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի հերքող կամ հաստատող պաշտոնական տեղեկատվութուն չկա նշյալ ձերբակալությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Այս կապակցությամբ շրջանառվող լուրերը բազմազան են, սակայն պաշտոնական և ոչ մի տեղեկատվություն ոչ մի կառույց չի ցանկանում տրամադրել: Ճի՞շտ է արդյոք հիմնվել միմիայն շրջանառվող լուրերի վրա: Հարցերի այս շարքի վերջին և թերևս ամենակարևոր հարցն էլ այն է, թե, ի վերջո, ո՞ւր են հոսել միլիոնները:

Գայանե Ավետիսյան
Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս