Տարոնիկի գյուղապետի ընտրություններում հաղթած թեկնածուն մեկ քվե ավելի է ստացել, քան մյուս երեքը միասին
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում նախօրեին կայացել է գյուղապետի արտահերթ ընտրություն: Քվեարկության նախնական արդյունքներով ինքնաառաջադրված անկուսակցական 4 թեկնածուներից հաղթել է Արմեն Խլղաթյանը: Նրա օգտին քվեարկել է 567 ընտրող, իսկ նրա երեք մրցակիցները միասին ստացել են 566 քվե: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արձանագրության՝ մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Գևորգ Զաքարյան՝ 259, Մովսես Սահակյան՝ 217, Կարապետ Խաչատրյան՝ 90: Տարոնիկի 1 644 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 152-ը: 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 20-ին: Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, այս համայնքում գյուղապետի արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Ալբերտ Խաչատրյանի հրաժարականի հետևանքով լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Ըստ նրա՝ ինքը հրաժարական տված մի շարք գյուղապետերի նման Հայաստանից հեռանալու մտադրություն չունի: «Ուղղակի չեմ ուզում աշխատել, հոգնել եմ, ծերացել եմ»,-ասել էր նա: