«Ես առողջ բան չեմ տեսնում»
Ասում է Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը
Սեպտեմբերի 10-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը, որն ավելի շատ էքսպերիմենտալ բնույթի է: Թանգարան էին հրավիրվել նաև նկարիչներ, արվեստաբաններ` ուսանողների հետ քննարկումներ, բանավեճեր կազմակերպելու նպատակով: Այլ կերպ ասած` ներկայացվել էր փորձարարական մի ցուցահանդես, որի ընթացքում արվեստագետների ավագ սերունդը պետք է փորձեր իր դիտարկումները ներկայացնելով ՙերկխոսել՚ նոր սերնդի հետ: Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը շատ կարևորում է շրջանավարտների և հեղինակավոր նկարիչների միջև կապի ստեղծումը, քանի որ այդ հանդիպումը ակադեմիայի ուսանողների համար կարող է ճանապարհ բացել դեպի ավագ սերնդի նկարիչների արվեստանոցներ: «Ուսումնասիրելով ակադեմիայի ուսանողների աշխատանքները, տեսնում ենք, որ ցավալի վիճակ է: Բավականին թույլ աշխատանքներ են: Մյուս կողմից էլ` լավ է, որ յոթ հեղինակներից բոլորն էլ տարբեր ձեռագրեր ունեն և չեն կրկնում մյուսներին: Անշուշտ, շատ բան կախված է հեղինակներից, որոնք ցանկալի է` լինեն բաց, ամբիցիաներին տուրք չտան և ընդունեն նկարիչների դիտողությունները:
Երիտասարդները շատ ճանապարհներ ունեն անցնելու, շատ բան սովորելու և ամեն ինչ իրենցից է կախված, մասնավորապես, թե որքանով կընդունեն մասնագետների կարծիքը»,- ասաց Ն. Ավետիսյանը` ընդգծելով, որ իր համար անսպասելի չէր ակադեմիայի ուսանողների ներկայացրած աշխատանքների թույլ որակը: Ի դեպ, նշենք, որ ներկայացված յոթ հեղինակները հիմնականում ներկայացրել են մոդեռն, աբստրակտ ստեղծագործություններ, ինչն էլ իր հերթին թանգարանի տնօրենին զարմացրել է, քանի որ ըստ նրա` բացակայում է ակադեմիականը, այսինքն` հիմքը, որի վրա երիտասարդները պետք է կառուցեն իրենց պատկերացումները, կոմպոզիցիոն որոշումներին ազատություն տալու իրավունքը վաստակեն: «Ցանկացած հեղինակ պետք է ունենա թեմայի ընտրության և ներաշխարհի արտահայտման իրավունք: Դատելով երիտասարդների ներկայացրած աշխատանքներից, ցավով պետք է նշեմ, որ ես առողջ բան չեմ տեսնում: Տեսնում եմ ագրեսիա, անառողջ երևույթներ, բայց ոչ խոր ներաշխարհ, որից մի փոքր նաև դրական լիցքեր կփոխանցվեր»,- ընդգծեց Ն. Ավետիսյանը` ավելացնելով, որ դա հավանաբար 21-րդ դարի ցավն է, ինչն ամբողջ աշխարհում տիրող երևույթ է: Այնուամենայնիվ, թանգարանի տնօրենին անհանգստացնում է երիտասարդ նկարիչների թեմայի ընտրության հարցը, քանի որ կյանքը նաև ունի հետաքրքիր, ներդաշնակ իմաստներ ու դրվագներ: Չնայած դրան` նա նաև ընդգծում է, որ երիտասարդ արվեստագետները փնտրող, ակտիվ և համարձակ են, ինչն առաջընթացի համար կարևորն հատկություն է:
Ժամանակակից արվեստի թանգարանի` էքսպերիմենտալ ցուցահանդես իրականացնելու քայլը, բնականաբար ոչ միայն ողջունելի է, այլ նաևª փաստում է այն մասին, որ նոր սերունդը վերջապես հնարավորություն ստացավ ցուցադրվելու մի տարածքում, որը համարվում է պետական, և որտեղ կան որոշակի պատկերացումներ ժամանակակից արվեստի վերաբերյալ: Անկախ նրանից, թե թանգարանի տնօրենն ինչպես է մեկնաբանում երիտասարդների ստեղծագործությունների որակը, այնուամենայնիվ նույնիսկ քաջություն է 4-5 տարի ակադեմիական կրթություն ստանալուց հետո ունենալ այդքան անկախ և անհատական մտածողություն:
Փաստն այն է, որ նոր սերունդը համարձակ է և անգամ Ժամանակակից արվեստի թանգարան կոչվող սրահը նրանց չի կաշկանդում ներկայացնել այն ամենն, ինչ իրենք են ստեղծել: Եվ վերջապես, նոր սերնդի արվեստագետները համարձակություն ունեն արվեստի միջոցով ներկայացնելու իրականությունը և ոչ թե հորինվածքը, պաթոսն ու կեղծիքը: Ն. Ավետիսյանն ասում է, որ թանգարանի հասցեին հնչում էին քննադատություններ նոր սերնդի առջև փակ լինելու համար: «Շատ էին կարծիքներ հնչում, որ թանգարանն ունի մի շրջանակ, որին մշտապես ցուցադրում է և, որտեղ երիտասարդները ցուցադրվելու հնարավորություն չունեն:
Դրանից բացի, շրջանավարտները շատերին դիմել և մերժվել էին: Որոշեցինք նրանց հնարավորություն տալ: Անկեղծ ասած` իրենց վերաբերմունքն անգամ իրենց գործերին արդեն ինչ-որ բան հուշում է: Նկարներն առանց շրջանակների բերեցին և հետագայում նույնիսկ չեկան տեսնելու, թե ինչ էքսպոզիցիա է արվել: Անտարբերություն կար իրենց աշխատանքների նկատմամբ, մինչդեռ նկարիչը, արվեստագետը պետք է լինի սկզբունքային, բծախնդիր և հետևողական իր ստեղծագործությունների նկատմամբ»,- ասաց թանգարանի տնօրենը` հույս հայտնելով, որ այս ցուցահանդեսը հեղինակների համար ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու իմաստով ինչ-որ տեղ նաև «դպրոց» կդառնա` հետագայում առավել ուշադիր և հստակ կոնցեպցիայով ներկայանալու համար:
«168 ԺԱՄ»