
Հրայր Թովմասյան. Ես չեմ մեկնաբանում նախագահի որոշումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ հրամանագիր էր ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել ենք` հանձնաժողովի անդամները դեռևս հստակ չգիտեն` ինչ են բարեփոխվելու և ինչպես:
168.am-ը այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ բարեփոխումներ է իրականացնելու ձևավորված հանձնաժողովը: Ի պատասխան՝ նա ասաց. «Եթե այս պահին հանձնաժողովի անդամներից մեկը իմանար՝ ի՞նչ է բարեփոխվելու, տրամաբանական կլիներ, որ նախագահը ոչ թե հանձնաժողով կստեղծեր, այլ՝ արդարադատության նախարարին կհանձնարարեր բարեփոխումներ իրականացնել: Երբ հանձնաժողով է ստեղծված, նշանակում է, որ այն կոլեգիալ մարմին է և որոշումներ կկայացնի, որոնց մասին դուք տեղյակ կլինեք: Այս պահին ինչ-որ հնարավոր համարելուն կամ չհամարելուն անդրադառնալ չեմ կարող: Ես ունեմ իմ կարծիքը, բայց այդ կարծիքը ես չեմ հրապարակի: Կա հանձնաժողով, որը կհրապարակի»:
Բարեփոխման օբյեկտը, փաստորեն, կորոշվի ընթացքում, իսկ հանձնաժողովի նպատակը, Հրայր Թովմասյանի խոսքով՝ մեկն է. «Նպատակը շատ հստակ նախագծի հրամանագրի նախաբանում գրված է՝ իրավունքի գերակայության, իրավունքների առավել արդյունաետ երաշխիքներ, առավել արդյունավետ կառավարում»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն ընդդիմության ներկայացուցիչները, նա նախ պատասխանեց, թե հանձնաժողովը ձևավորված է մասնագիտական սկզբունքով, ապա ավելացրեց նաև. «Ովքեր պետք է լինել հանձնաժողովում՝ որոշում է հանրապետության նախագահը, այլ ոչ թե ես»:
Մեր հարցին, թե ընդդիմադիր մասնագետներ չկա՞ն, նա այսպես արձագանքեց. «Ես չեմ մեկնաբանում նախագահի որոշումները»:
Հիշեցնենք, որ մասնագիտական հանձնաժողովին Սերժ Սարգսյանը նաև ժամանակ է տրվել մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը իրեն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը հավանության արժանացնելու դեպքում տասն ամսվա ընթացքում, պետք է նախագահին ներկայացնել բարեփոխումների նախագիծը: