Ինչու է բարեփոխվում Սահմանադրությունը

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին` ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

Մասնագիտական հանձնաժողովին նաև ժամանակ է տրվել մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը հավանության արժանացնելու դեպքում տասն ամսվա ընթացքում, պետք է նախագահին ներկայացնել բարեփոխումների նախագիծը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, վերջինիս առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը:
Հանձնաժողովի ստեղծման հիմքում, ըստ շրջանառվող տեսակետների, կառավարման համակարգի փոփոխությունն է:

Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է նախագահական կառավարման համակարգի հնարավոր անցումը խորհրդարանական կառավարման: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, Սերժ Սարգսյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ զբաղվող մասնագիտական հանձնաժողովի օրակարգում առայժմ կառավարման համակարգի փոփոխության հարց դրված չէ, բայց չի բացառվում, որ ընթացքում հարցը ներառվի և քննարկման դրվի կազմի կողմից:

Gevorg-Danielyan«Բացարձակապես նման հարց չկա դրված, ընդհանրապես ոչ մի հարց հիմա առանձնացված չէ: Ընդհանուր բարեփոխումների հարցն է դրված, որպեսզի Սահմանադրությունը առավել համահունչ լինի միջազգային իրավունքի չափանիշներին` հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մասով: Հանձնախումբը նոր է ձևավորվել, քննարկում դեռևս չի էլ իրականացվել: Շտապում եք նման հարցեր բարձրացնելիս»,- նշեց նա: Նորաստեծ հանձնաժողովի մասին արդեն հրապարակված թերահավատ տեսակետներն էլ, ըստ Գևորգ Դանիելյանի, միայն ենթադրություններ են, այն էլ` անհիմն: Մեր հարցին, թե հանձնաժողովը ստեղծելուց առաջ ի՞նչ խնդիր է դրվել, որի լուծման տարբերակները քննարկվելու են, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն բազմիցս խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին և ընդհանուր գծերով բարձրաձայնել է այն ուղղությունները, որոնց համատեքստում իրենք պատկերացնում են բարեփոխումները: Հիմա կատարվել է կոնկրետ քայլ` ծրագիրը իրականության վերածելու համար: Ստեղծվում է մասնագիտական հանձնախումբ, որն իր դիրքորոշմամբ, պատկերացումներով, արհեստավարժությամբ, պետք է այդ խնդիրները առարկայական դարձնի: Խնդիր դրվել է, բայց մի բան է խնդիր դնել, մեկ ուրիշ բան է խնդիրները լուծելու համար հստակ ճանապարհներ փնտրելն ու բացահայտելը»:

Կարդացեք նաև

Մենք ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ խնդիրը, որի մասին խոսում է մեր զրուցակիցը, կոնկրետ ի՞նչն է «բարեփոխվելու»: Ի պատասխան` նա նշեց. «Դրա մասին բազմիցս խոսել են` դա նոր ասպեկտ չէ, խոսքն, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման, ինչպես նաև դատական իշխանության համակարգի հարցադրումների բարելավման մասին է, ինչը հնարավորություն կտա ավելի երաշխավորելու իշխանության հիշյալ ճյուղի անկախությունը: Իհարկե, Սահմանադրությունը չէ, որ պետք է ամբողջությամբ լուծի այս խնդիրները, բայց այն պետք է լինի այն իրավական-քաղաքական հիմնարար փաստաթուղթը, որն ամուր հող կնախապատրաստի հետագա իրավական, կազմակերպական քայլերի համար: Կա նաև հղկվածության խնդիր` խմբագրական բնույթի, որովհետև, իմ համոզմամբ, Սահմանադրությունը պետք է լինի կատարյալ, անխոցելի, իսկ այսօր բարելավման կարիք նաև այս առումով մեր Սահմանադրությունն ունի:

Այս խնդիրները նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից են դրվել, ոչ միայն իշխող քաղաքական ուժի, այս տեսանկյունից ևս, կարծում եմ, ակնհայտ է, որ սրանք կարևոր հարցադրումներ են»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչներն ընդգրկված չեն հանձնաժողովի կազմում, նա արձագանքեց. «Հանձանախումբը մասնագիտական կառույց է, և քաղաքական հայացքները պետք է մի կողմ դրվեն: Խոսքը` Սահմանադրության` որպես իրավական փաստաթղթի մասին է, և ներգրաված պետք է լինեն մարդիկ, ովքեր ոչ թե կողմ կամ դեմ են քվեարկում` հիմքում ունենալով քաղաքական հայացքները, այլ` մասնագիտական աշխատանք են կատարում: Սահմանադրությունը, անշուշտ, իր մեջ նաև քաղաքական նրբերանգներ ունի, չեմ կարող հերքել, բայց սա չի նշանակում, որ այն պետք է լինի ոչ թե մասնագիտական, այլ` քաղաքական»:

Դիտարկմանը, թե ընդդիմության ներկայությունը բազմակարծություն կապահովի, Գևորգ Դանիելյանը նկատեց. «Համոզված եղեք` ավելի քան բազմակարծություն կլինի, դրա պակասը չի զգացվի: Կազմը տարբեր տեսակետների, մոտեցումների ներկայացուցիչ մասնագետներից է բաղկացած»:

GagikXazinyanՀանձնաժողովի կազմում ընդգրկված մասնագետներից մեկն էլ` «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե` խոսել հանձնաժողովի անելիքների մասին դեռ վաղ է, որովհետև անելիքները քննարկված չեն: Ըստ նրա` հանձնախումբը դեռ նոր է ձևավորվել և ընթացքում, որպես կանոն, պետք է համատեղ քննարկումներ, կանխատեսումներ իրականացնի, մշակի լուծումներ, մոտեցումներ, համադրի դրանք` ամենահիմնավորվածը գտնելու համար: «Այս պահին խոսել, թե ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովը, ճիշտ չէ: Այս հարցով, համոզված կարող եմ ասել, որ հանձնաժողովի անդամներից և ոչ մեկից, բացառությամբ նախագահի, սպառիչ պատասխան ստանալ չեք կարող: Մենք դեռ չենք հավաքվել, նպատակները չենք պարզվել: Պարզապես առաջարկել են ընդգրկվել»,- նշեց նա:

Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, ով նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, օրինաչափություն է դարձել 10 տարին մեկ Սահմանադրության բարեփոխման աշխատանքը` պայմանավորված պետության զարգացմամբ, որոշակի թերություններ պարունակող նորմերի առկայությամբ, դրանց կատարելագործման անհրաժեշտությամբ և այլն: Մեր հարցին, թե արդյոք «սահմանադրական բարեփոխումներ» հասկացությունը կառավարման համակարգի փոփոխություն ենթադրո՞ւմ է` նախագահականից խորհրդարանական համակարգի անցում, նա պատասխանեց. «Հնարավոր է, որ այս հարցը ևս քննարկվի: Բայց հիմա որևէ հստակ բան չեմ կարող ասել բացի նրանից, որ ինձ առաջարկել են ընդգրկվել և համարելով, որ կան բարելավման նյութեր, ես համաձայնել եմ»:

Նա դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե հանձնաժողովը ե՞րբ է սկսելու աշխատանքները, բայց նկատեց, որ քանի որ նախագահը վերջնաժամկետներ է դրել մինչև 2014թ. ապրիլ, ապա իրենք պետք է հասցնեն կատարել աշխատանքը և հնարավորինս շուտ սկսեն դա. «Ենթադրում եմ, որ գոնե սեպտեմբերի ընթացքում նիստ կլինի, կսկսենք աշխատանքները, որովհետև դրանք շատ ծավալուն են` մանավանդ` հայեցակարգը, որտեղ էլ կլինի ձեր հարցի պատասխանը «ի՞նչն ենք բարեփոխում»»:

Naira Zohrabyan1Իսկ ի՞նչ է ենթադրում «սահմանադրական բարեփոխումներ» ասվածն` ըստ քաղաքական ուժերի ու արդյո՞ք այն հասկանալի է քաղաքական ուժերի համար: «Իսկ ինչ-որ մեկի համար հստա՞կ է, թե ինչն է դրվելու բարեփոխման: Եթե չկա օրակարգ, կա ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, ապա ի՞նչն է դրվելու հանրաքվեի»,- մեր հարցադրմանն այս կերպ արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, ապա ավելացրեց, որ երբ կլինեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունը հստակ կհայտնի իր դիրքորոշումը` ինչն է ընդունելի, ինչը` ոչ: «Թե չէ` օդում ինչ եզրակացություններ անենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ ցանկացած սահմանադրական բարեփոխման նպատակը պետք է լինի երկրի կառավարման մեխանիզմներն առավել ժողովրդական դարձնելը, որպեսզի իշխանութան թևերի միջև լինեն իրական գործուն և ոչ թե իմիտացիոն մեխանիզմներ:

«Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում կառավարման համակարգի մոդելը փոխելու նպատակով, այն է` խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրելուն, ես որքան հասկանում եմ` իշխող կուսակցության մեջ այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: ՀՀԿ-ի ներկայացուցիչը` Դավիթ Հարությունյանը, ասում է, որ նման քննարկում կա, երեկ էլ Գալուստ Սահակյանը կտրականապես հերքեց խորհրդարանական համակարգի անցնելու քննարկման առկայությունը: Երբ իշխող կուսակցությունը կհստակեցնի, թե ի՞նչ հարցեր են դրվելու Սահմանադրական հանրաքվեի, կներկայացնի օրակարգը, այդ ժամանակ առավել առարկայական կխոսենք այս հարցի մասին: Եթե նպատակը երկրի կառավարման մեխանիզներն առավել ժողորդավար դարձնելն է, իշխանության թևերի հակակշիռները իրական և ոչ թե իմիտացիոն դարձնելն է, իհարկե, հարցը քննարկման արժանի է: Իսկ եթե նպատակը եղանակներ, ձևեր, տարբերակներ փնտրելն է` իշխանությունը պահելու համար, ապա մեզ համար նման քննարկումներն ընդունելի չէն: Երբ կլինի հստակ քաղաքական օրակարգ` ինչ են պատրաստվում անել, ինչ հարցեր են պատրաստվում բարձրացնել, ինչ են դնելու հանրաքվեի, այն ժամանակ կարելի կլինի այդ մասին խոսել»,- հավելեց նա:

Անդրադառնալով հանձնաժողովի կազմին, Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն ընդգրկված չեն հանձնախմբում: Ի պատասխան` նա նշեց. «Բացարձակ անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչներ չկան, որովհետև սահմանադրական հանրաքվեն չի վերաբերում իշխող կուսակցությանըգ դա վերաբերում է բոլորին, ու կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեին»:

Vahagn XachatryanՀայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ էլ` հրապարկվել է «ոչինչ չասող» որոշում, որն իր համար անհասկանալի է. «Ամենակարևոր փոփոխությունը, որի մասին խոսվում էր` նախագահական կամ խորհրդարանական համակարգին անցնելը, հերքվեց Դավիթ Հարությունյանի կողմից. նա բացառել էր այդ տարբերակը: Դրա համար ինձ համար անհասկանալի է դառնում, թե ի՞նչն են ուզում փոխել»: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` Հայաստանում սահմանադրական ճգնաժամի առկայություն չկա, որը պահանջում է «բարեփոխումներ»: Ըստ նրա` Մահմանադրությունը չի կարող գործել համակարգի ճգնաժամի ու Սահմանադրությունը խախտելու պատճառով:

«Ես կարծում եմ, որ իշխանությունը փորձում է քաղաքացիներին շեղել` այս հարցը հիմա բարձրացնելով: Բարեփոխում կոչվածը դրա համար է հիմա ներկայացվում, բայց այն էլ շատ անհաջող է` բավոնադակության առումով: Սրա կարիքը չկա, պետք է պարզապես օրենքների կիրառելիությունը ապահովել, ոչ թե ամեն մեկը իրա ցանկությամբ անի` առավոտյան վեր կենա կարմիր գիծ գծի, շուկա քանդի, շենք կառուցի: Անտերության դեպքում, նման նախաձեռնությունները ավելորդ են»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած Սերժ Սարգսյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումը կապվա՞ծ է որոշման հետ: «Կապ կարող ենք փնտրել: Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում»,- պատասխանեց նա:

Armen Martirosyan12Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» ավագանու խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, թե Հայաստանում սահմանադրական բարեփոխումների կարիք կա, բայց հանձնաժողովի ուղղվածությունը «պարզ չէ»: Նրա խոսքով, թեև կազմում մասնագետներ են ներառված, այնուամենայնիվ, խումբը ստերիլիզացված է` քաղաքական գործընթացներից դուրս լինելու պատճառով: «Այն, որ կազմում քաղաքական գործիչներ չկան, կարող է հանգեցնել ստերիլիզացված սահմանադրության կազմանը, որը ոչինչ չի տա իրավիճակին»: Այն, որ կազմում ընդդիմության ներկայացուցիչներ չկան, Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ բոլոր տեսակի իրավական փաստաթղթերը, այդ թվում` Սահմանադրությունը, տվյալ պահի քաղաքական իրավիճակի արտացոլումն են, ուստի չեն կարող չքաղաքականցվել:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս