Ներդրումների մեծ հո՞սք, թե՞ հերթական անհաջողություն. Ինչ սպասել կենսաթոշակային բարեփոխումներից
Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային բարեփոխումներին աջակցելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը նոր՝ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիր (USAID/PRIP) է սկսում: Այսօր Երևանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը նշեց, որ ծրագրի աջակցությունն ուղղվելու է ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և ծառայությունների որակի բարելավմանը:
Ըստ նրա՝ առաջիկայում ԿԲ-ն կհայտարարի ակտիվների կառավարիչների մասին. «Վստահ եմ, որ հատկապես աշխատող քաղաքացիները կկարողանան ընտրել ակտիվների կառավարիչներ և կենսաթոշակային ֆոնդեր: Վստահ եմ, որ ամեն ինչ պատրաստ է լինելու, որ 2014 թ. հունվարի 1-ից նոր կենսաթոշակային համակարգը մտնի ուժի մեջ»:
«Նոր կենսաթոշակային համակարգը, հատկապես կամավոր բաղադրիչը, շատ մեծ ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման համար: Կենսաթոշակային բարեփոխումները, անկախ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հանգամանքից, էապես ազդելու է մեր երկրի նեդրումային միջավայրի վրա, կլինի ներդրումների մեծ հոսք»,- նկատեց Ա.Ղազարյանը:
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում կասկած հայտնեց, որ բարեփոխումները հաջող կընթանան. «Համակարգի հանդեպ թերահավատ եմ՝ տեսնելով իրականությունը, անցած ճանապարհը: Արմատական կերպով պետք է ոչ թե մուրացիկի հոգեբանություն մտցնենք քաղաքացու մեջ, այլ ուրիշ ձևերով օգնենք մարդկանց, օրինակ՝ դիֆերենցելով կենցաղային բարիքները, դրանց արժեքները, գազը բոլորը նույն գնով չպետք է ստանան, այլ ըստ խավերի տարբեր գնով պետք է տրվի»: