
Մեղադրող կողմը Հիլալ Մամեդովի համար պահանջել է մինչև 6 տարվա ազատազրկում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի գործով հերթական դատալսումը: Իր ելույթում պետական մեղադրողը պահանջել է Մամեդովին դատապարտել մինչև վեց տարվա ազատազրկման:
Դա հարուցել է դատարանի դահլիճում հավաքվածների բուռն արձագանքը, ինչից հետո դատախազը փաստացիորեն փախել է դատարանի դահլիճից: Մամեդովը կալանավորվել է 2012 թվականի հունիսի 21-ին և մեղադրվել է թմրանյութ պահելու մեջ: Ավելի ուշ նրան մեղադրել են պետական դավաճանության ու ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Amnesty İnternational-ը նրան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ իրեն կալանավորել են Ты кто такой? Давай до свиданья! երգի համար: Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութ են գցել իր գրպանը: