Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները թմրանյութը գցել են իմ գրպանը. Հիլալ Մամեդով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում տեղի է ունեցել թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի գործով հերթական դատալսումը:

Դրանում դիտարկվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով (խոշոր չափի թմրանյութի պահպանում և վաճառք) Մամեդովին ներկայացված մեղադրանքը: Մամեդովը հայտարարել է, որ ցայժմ իրեն թույլ չեն տվել արտահայտվել տվյալ մեղադրանքի շուրջ:

Նա ստացել է ելույթի իրավունք, սակայն դատավոր Ազեր Օրուջը շարունակ ընդհատել է նրան՝ պահանջելով խոսել ըստ էության: Մամեդովի խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութը նետել են իր գրպանը. «Ես գիտնական եմ, դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների պորֆեսոր, լրագրող և իրավապաշտպան:

Իմ բարոյականությունը, հասարակական գործունեությունն ու կրոնականությունը թույլ չեն տալիս գործ ունենալ թմրանյութերի հետ: Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները թմրանյութն օգտագործում են երիտասարդ ու կրոնական ակտվիստների դեմ:

Իմ դեպքում այդ մեղադրանքը հավելվել է այլ մեղադրանքներով ևս: Հետաքննության պնդմամբ՝ ես 1992 թվականից իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով զբաղվում եմ թմրավաճառությամբ և այդ գումարներով Ադրբեջանում պահում եմ թալիշական անջատողականությունը: Այդ ամենն անհեթեթություն է և ամոթ»:

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 21-ին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Մամեդովը կարծում է, որ իրեն հետապնդելը պայմանավորված է իր կողմից համացանցում Ты кто такой, давай, до свидания տեսանյութի տեղադրմամբ:

Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովի մոտ «հայտնաբերվել» է 33.2 գրամ հերոին, իսկ նրա բնակարանի համակարգիչն ու տեղեկատվություն պարունակող մյուս սարքավորումները Մամեդովի կողմից «օգտագործվել են ապօրինի գործունեության» համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս