Բաժիններ՝

Փնտրվում են «օրինապահ» հարկ վճարողներ

Այս տարվա սկզբին ՊԵԿ հարկային ծառայության taxservice.am կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում ստեղծվել էր ««Օրինապահ» հարկ վճարողների գրանցում» ենթաբաժինը. հարկ վճարողները կարող էին գրանցվել ինքնուրույն` մինչև այս տարվա հունիսի 1-ը: Ենթադրվում էր, որ հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող այս նորարարությունը պետք է վարչարարական եղանակներով խրախուսի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին, որոնց նկատմամբ կկիրառվի վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն, որով հարկային հսկողության կիրառվող մեթոդները կսահմանափակվեն ռիսկերի բացահայտմանն ուղղված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններով: Այսինքն՝ «օրինապահ» հարկ վճարողների ցանկում ընդգրկված հարկատուների նկատմամբ կկիրառվի առավել մեղմ հարկային վարչարարություն, իսկ «ոչ բարեխիղճ» հարկ վճարողների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի:

Մոտ 1 ամիս առաջ «օրինապահ» հարկ վճարողների ցանկը տեղադրվել է հարկային ծառայության կայքում: Արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Թեև չի նշվում, թե որքան ընկերություն է հայտ ներկայացրել «օրինապահի» կարգավիճակ ստանալու համար, այնուամենայնիվ, ՊԵԿ-ի կողմից այդ «կոչումը» շնորհվել է ընդամենը 32-ին: Ուշագրավ է, որ դրանց մեջ առանձնապես հայտնի անուններ չկան՝ 32-ից 19-ն ընդհանրապես անհատ ձեռնարկատերեր են, իսկ մնացածներից միայն երկուսն են անցած տարի հայտնվել խոշոր հարկ վճարողների ցուցակում: Մասնավորապես՝ «Գալիք» համալարանը կրթական հաստատություն է, իսկ «ՊՐՈՖ-ԻՄՊՐՈՏԵՔՍ»-ը բեռնափոխադրող ընկերություն է:

Փաստորեն, կամ մեր տնտեսավարողների ինքնագնահատականն է ցածր և նրանք չեն էլ փորձել հայտ ներկայացնել «օրինապահ» ճանաչվելու համար, կամ էլ ՊԵԿ-ն է չափազանց խիստ մոտեցում դրսևորել և չի հաստատել նրանց «օրինապահությունը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս