Բաժիններ՝

Ի՞նչ են թաքցնում Կարեն Ավագյանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը

Պարզվում է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) անշեղորեն հետևում է Սերժ Սարգսյանի «պատվիրանին»՝ կարգին ու անթերի վիճակում է պահում իր փաստաթղթերը, բայց միաժամանակ տարօրինակ կերպով խուսափում է որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց: Վերջերս մամուլի ուշադրությունը գրաված հիմնադրամի բյուջեի աստղաբաշխական չափերն ու իրականացված ծրագրերն իսկապես զարմանք են հարուցում (այս թմեային անդրադարձել էր մասնավորապես  ilur.am-ը:

168.am-ը փորձեց ՀԵՀ-ից պարզել, թե իրականացված ծրագրերից յուրաքանչյուրի համար որքան գումար է ծախսվել: Սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, թե ծրագրերին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքից (heh.am), որտեղ ըստ ոլորտների ներկայացվում են իրականացվող բոլոր ծրագրերը, իսկ ֆինանսական հաշվետվությունը, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի (հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը), հրապարակվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացի այդ հրապարակվում է  ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտի եզրակացությունը։

Սակայն ո´չ տարեկան հաշվետվության մեջ և ո´չ էլ աուդիտի եզրակացությունում առանձին ծրագրերով կատարված ծախսերի չափը չի նշվում: Հիմնադրամի աշխատակիցները մերժեցին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել, թե բուհերի կողմից ուսանողներից հավաքված գումարներից ՀԵՀ-ի բյուջե փոխանցված միլիոնավոր դրամներն ինչպես են ծախսվել: Նրանք պնդեցին, թե «օրենքով սահմանված կարգով արդեն պաշտոնապես պատասխանել են» մեզ, իսկ 2012-ին իրականացված մոտ 160 ծրագրերի ծախսերն առանձնացնելը բարդ ու ժամանակատար աշխատանք կլինի: Սա այն դեպքում, երբ ՀԵՀ-ում, ըստ աուդիտի, աշխատում են ոչ ավել, ոչ պակաս 122 հոգի: Երբ կարդում  ենք ՀԵՀ-ի ծրագրերը, տարակուսանք է առաջանում, թե ինչով են զբաղվում այդքան մարդիկ, որոնց վարձատրության համար տարեկան ծախսվում է 119.5 մլն դրամ:

ՀԵՀ-ը համակարգում է ՀՀԿ-ական փուչիկների պայթյունից հանրության շրջանում առանձնահատուկ կերպով հայտնի դարձած Կարեն Ավագյանը, ում կուսակցական պաթոսը տարածվում է ՀԵՀ-ի բոլոր աշխատանքների վրա: Հավանաբար հենց Ավագյանն է հրահանգել իր աշխատակիցներին ոչ մի բառ ավելի չասել ԶԼՄ-ներին՝ առաջնորդվելով «մի «չէ»-ն հազար գլխացավից կազատի» ժողովրդական խոսքով:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀԵՀ-ի հաշվետվության մեջ հիմնադրամի ծախսերը ներկայացված են միայն տոկոսային հարաբերակցությամբ՝ ըստ ուղղությունների: Ըստ այդմ՝ 2012-ին ծախսված 518.3 միլիոն դրամի 42.7%-ը ուղղվել է երիտասարդների հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակության, 25.5%-ը՝ կրթական և գիտական ծրագրերին, 15.1%-ը՝ սոցիալ­տնտեսական և զբաղվածության խնդիրների, 10.3%-ը՝ առողջ ապրելակերպի, 6.2%-ը՝ միջազգային և համահայկական համագործակցության ծրագրերին:

Հասկանալու համար, թե Հայաստանի համար որքան կարևոր հայրենասիրական ծրագրեր է ՀԵՀ-ն իրականացնում, բերենք դրանցից 1-2 օրինակ: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ «Հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակության» շրջանակներում 2012 թ. մարտի 20­ից մայիսի 20­ն իրականացվել է «Ես գիտեմ, որ հավատամ՝ կփոխվի» ծրագիր: Կազմակերպված համերգից բացի ծրագրի շրջանակներում «Ես գիտեմ, որ հավատամ՝ կփոխվի» մակագրությամբ պաստառներ են փակցվել ԵՊՀ մասնաշենքերում և գրադարանային համալիրում: Անխոս՝ նախընտրական այդ տարում խիստ կարևոր էր ամեն կերպ երիտասարդներին հավաքել ՀՀԿ ազդեցության գոտում:

Մեկ այլ օրինակ. դեկտեմբերի 15­16-­ը կազմակերպվել էր «Պայքար առցանց ատելության դեմ» ազգային սեմինար, որի մասնակիցները մշակելու են հերթական Ազգային ռազմավարությունը, թե ինչպես պայքարել առցանց ատելության դեմ, այդ թվում ռասիզմի: Ու մինչ վեհ նպատակների համար ռազմավարություն կմշակվի, նախընտրական շրջանում, մասնավորապես, տարբեր սոցիալական ցանցերում զանգվածաբար ավելանում էին կեղծ օգտատերերը, որոնք «պատերազմում» էին մղում կուսակցական շահերի համար:

ՀԵՀ-ի գործունեությունը նաև «ստվերում» են պաշտոնական վիճակագրական ցուցանիշները. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, մեր հայրենիքի երիտասարդների 78.5%-ը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս