Բաժիններ՝

«Մենք և ուսանողները նույն սոցիալական բեռի ծանրությունն ունենք՝ ոչ մի տարբերություն»

Ասում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Դումանյանը

– Մեր նախնական զրույցում նշեցիք, որ որակյալ կրթությունը վճարովի է: Անվճար հնարավոր չէ՞ ստանալ որակյալ կրթություն:

– Որակյալ կրթությունը վճարովի է: Օրինակ, շատերն այսօր էլ գնում են Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ և հազարավոր դոլարներ են վճարում այնտեղ կրթություն ստանալու համար, և, բնականաբար, այդ ուսանողներից ոչ բոլորն ունեն հնարավորություններ` վճարելու նման գումարներ, ոչ ոք ինքը դա չի վճարում: Մի դեպքում, օրինակ` «Լույս» հիմնադրամն է վճարում գումարի մի մասը, մյուս դեպքում` տվյալ համալսարաններում գործող տարբեր հիմնադրամները: Այսինքն՝ ի վերջո, որևէ մեկը վճարում է այդ գումարը:

Անվճար բան գոյություն չունի, եթե ուսանողն ինքը չի վճարում՝ սա այլ խնդիր է, և կարող է դիմել տարբեր կազմակերպությունների կամ պետությունից պահանջել, որպեսզի լինեն նման հիմնադրամներ, որոնք կօգնեն վճարել այդ գումարը: Դրանք տարբեր խնդիրներ են, և չի կարելի այդ ամենը թողնել և գալ համալսարանի աշխատողին` դասախոսին ասել, որ դու պետք է, օրինակ` արժանավայել չապրես, որովհետև մենք չենք կարող անձամբ վճարել այդ գումարը: Դա ընդունելի չէ:

Կարդացեք նաև

Իրականում պետք է պետությունից պահանջել, և պետությունը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, որովհետև դա իր հասարակությունն է: Հիմա, սակայն, շահարկվում է այս հարցը, տրիվյալ շահարկում է գնում: Եթե չբարձրացվեին վարձավճարները, ապա նույն դասախոսն ինչպե՞ս պետք է վարվի, երբ երկրում բարձրանում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գները… Եթե այդպես է, եկեք խանութ գնանք և անվճար վերցնենք այն ամենը, ինչ մեզ պետք է, թող անվճար լինեն նաև գազը, լույսը և այլն, ինչի՞ դա չի կարելի, իսկ դա կարելի է…

Չէ՞ որ նույն այդ դասախոսը ևս արժանավայել ապրելու իրավունք ունի, հակառակ դեպքում հեռանում են ԲՈՒՀ-ից, իսկ երիտասարդները պարզապես չեն ուզում բուհերում աշխատել, քանի որ դրա փոխարեն կարող են մի քանի անգամ բարձր վարձատրվող աշխատանք գտնել որևէ մասնավոր ընկերությունում: Այս հարցում մենք և ուսանողները նույն խնդիրն ունենք, նույն սոցիալական բեռի ծանրությունն է, ոչ մի տարբերություն: Ես էլ ունեմ սոցիալական խնդիր: Չնայած ես համալսարանի, համեմատաբար, ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներից եմ, սակայն ես ևս ունեմ սոցիալական խնդիր, ինչպես բոլորը:

Չգիտես ինչո՞ւ՝ ուսանողն այսօր եկել է համալսարանի դասախոսի դեմ է ըմբոստանում, թե դուք ինչո՞ւ եք կողմ քվեարկել վարձավճարների բարձրացմանը: Է, եղբայր, այդ մարդն աշխատավարձ է ուզում, դու ինչո՞ւ ես ըմբոստանում: Կա՞ այնպիսի լավ մասնագետ, ով պատրաստ է գալ և աշխատել անվճար հիմունքներով կամ չնչին աշխատավարձով: Կա՞, թող գան աշխատեն: Իհարկե, չկա: Խնդրի հասցեատիրոջը փոխել են, և այն հայտնի հարցը պետք է տալ, թե ո՞ւմ է դա ձեռնտու, ում է ձեռնտու, որ ուսանող և դասախոս վատ հարաբերություն լինի, կարո՞ղ եք ասել: Համենայն դեպս, ոչ ուսանողին և ոչ էլ դասախոսին:

– Ինչ-որ երրորդ կողմի՞ է ձեռնտու:

– Միանշանա՛կ: Համալսարանը պրոֆեսիոնալ հիմնարկ է և իր խնդիրներն ունի, իսկ սոցիալական խնդիրներով զբաղվող հազար ու մի կազմակերպություններ կան: Կասե՞ք, այդ ինչպե՞ս եղավ, որ այս ֆակուլտետում, որտեղ վարձավճարը, կարելի է ասել, ամենաշատն է բարձրացել, այդ ինչի՞ ուսանողները չեն գալիս բողոքելու: Միանշանակ, մեր նորմալ, լավ ուսանողը ոչ մի խնդիր չունի վճարելու հետ, ուզո՞ւմ եք երեք անգամ թանկացրեք վարձերը, որովհետև նա ծայրահեղ դեպքում կարող է կրթական վարկ վերցնել, քանի որ միանշանակ գիտի, որ շատ բարձր վարձատրվող աշխատանք է գտնելու: Նա գիտի, որ իր դասախոսից 5 անգամ բարձր վարձատրվող աշխատանք կարող է գտնել հետագայում:

Այն, որ ասում են, թե տաղանդավոր, խելացի ուսանողները դուրս են մնում՝ մեզ մոտ նման բան չկա: Մեր ուսանողներին հազար ու մի աշխատանքային առաջարկ է լինում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ ընդունելի չէ, երբ ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմին համարձակվում են ասել, որ դուք իրավունք չունեք արժանավայել ապրելու հայտ ներկայացնել: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարող ենք լուծել այս հարցը, սակայն մի բան հստակ է՝ խնդրի հասցեատերը սխալ է ընտրված, քանի որ տվյալ դեպքում երկու կողմերն էլ՝ և ուսանողը, և դասախոսը, նույն սոցիալական խնդիրներն ունեն:

Եթե գտնում են, որ այստեղ գումարները վատնվում են՝ դա այլ հարց է, թող գան, թող խոսեն, բայց չկա նման բան և չի կարող լինել, քանի որ բյուջեի մասին ողջ տեղեկատվությունը տեղադրված է մեր կայքում, այն կարող եք նայել տողերով: Համալսարանի բյուջեի ճնշող մեծամասնությունը աշխատավարձերի վրա է ծախսվում, բայց այս հիմնարկը պետք է նաև զարգանա, չէ՞: Ես խորին հարգանք ունեմ ուսանողների հանդեպ և ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ և կրկին հայտնում եմ. խնդրեմ, եկեք նստենք առողջ խոսենք, ոչ ոք չի ուզում գալ առողջ զրույցի, ես նույնիսկ հստակ չգիտեմ՝ իրենք ի՞նչ են ուզում: Իհարկե, ընդհանուր առմամբ գիտեմ, վարձավճարները բարձր են, և ասում են, որ չեն կարողանում վճարել, սակայն իրենց պահանջների որևէ հստակ ձևակերպված փաստաթուղթ մինչ օրս չեմ տեսել: Գուցե կա՞, տեղյակ չեմ:

Տարիներ շարունակ գիտխորհրդում և համալսարանի խորհրդում բարձրացրել եմ այդ հարցը, ես, որպես լիազոր ներկայացուցիչ, մեր կոլեկտիվի կողմից ներկայացրել եմ համալսարանի խորհրդի նախագահին, ով հանրապետության նախագահին է փոխանցել մեր աշխատակազմի պահանջը` աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Եղածը քանդվում է, մարդիկ չեն կարողանում, ստիպված մի քանի տեղ են փորձում աշխատել, ինչը, բնականաբար, զարգացման չի տանում, այլ հակառակը, տանում է դեպի անկում:

Մենք չենք ցանկանում բարձր աշխատավարձ` այլ բուհերից բարձր, սակայն ուզում ենք, որ մեր համալսարանականների աշխատավարձերը չլինեն ցածր, ավելի ցածր, քան մյուս պետական բուհերում է աշխատավարձը: Իսկ այդ գումարները կամ պետությունը պետք է տրամադրի` պետբյուջեից, կամ այն վճարովի ծառայությունը, որը մատուցում է, բուհը պետք է փոխվի, այսինքն` պետք է վարձավճարներից գոյանա. այլ տարբերակ պարզապես չկա:

– Որքանո՞վ է Ձեզ մոտ բարձրացել ուսման վարձը:

– 150 հազար դրամով:

– Սակայն նշվում էր, որ մինչև 100 հազար դրամի բարձրացում է սպասվում համալսարանում:

– Դա վրիպակ է եղել:

– Այսինքն` այժմ վարձավճարը որքա՞ն է կազմում:

– 500 հազար:

– Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը առաջատար և հեռանկարային ոլորտ է, այս տարի վարձավճարների բարձրացման արդյունքում Ձեզ մոտ նկատվե՞լ է ընդունելության ցածր ցուցանիշ:

– Բացարձակապես ո՛չ: Մեզ մոտ դեռ մի բան էլ համալրվել են: Ընդունվել է 240 ուսանող. մենք այս ցուցանիշը ունեցել ենք մեկ էլ խորհրդային տարիներին: Այս ամենը կապված է մասնագիտության տարածվածության և հայտնի լինելու հետ, սակայն, բացի այդ, մեր երկիրը փոքր է, և բոլորը գիտեն, թե որտեղ՝ ինչ է կատարվում, ուստի մարդիկ տեղյակ են, որ մենք որակյալ կրթություն ենք տալիս և գիտեն, որ եթե այստեղ նորմալ սովորեն, ապա իրենք հետագայում աշխատանքի խնդիր չեն ունենալու` թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

– Վարձավճարի բարձրացումը Ձեր ֆակուլտետում արդյոք կապվա՞ծ է որակյալ դասախոսներ բերելու հետ:

– Այս բարձրացումը ոչ մի որակական փոփոխություն չի բերելու, սա շատ չնչին բարձրացում է, և, ըստ էության, սա հարցի լուծում չէ: Հարցն այս ճանապարհով լուծում չունի, քանի որ եթե այս ճանապարհով լուծումը լինի, ապա ուսման վարձավճարները առնվազն պետք է տասնյակ անգամներ ավելանան, և արդյունքում կրկնապատկվի, եռապատկվի կամ քառապատկվի դասախոսների աշխատավարձը: Միայն այդ դեպքում կարող ենք այստեղ առողջացման, այսինքն` դրական, որակական փոփոխությունների նշույլներ տեսնել: Միայն այդ դեպքում այստեղ կարող է մրցակցային դաշտ ձևավորվել: Միայն այդ դեպքում կարող է երիտասարդը երազել աշխատել համալսարաններում, ինչպես ժամանակին մենք էինք երազում:

– Տեխնոլոգիական ընկերություններից այստեղ աշխատող դասախոսներ ունե՞ք:

– Կան, իհարկե, կան: Այ նրանք գալիս են, բայց ոչ թե դրամի համար, քանի որ նրանք մասնավոր ընկերություններում շատ բարձր վարձատրվող հիմնական աշխատատեղ ունեն, և իրենց համար հաճելի է, և ինչ-որ իմաստով նաև պատվաբեր է պետական համալսարանում դասավանդելը` համատեղության կարգով: Սակայն մենք չենք կարող համալսարանը միայն համատեղողներով պահել:

Մեր հիմնարկի ծանրությունը մնում է հիմնական աշխատողների վրա, որոնք ամբողջ դրույքով են աշխատում: Բայց, ցավոք, այդ մարդիկ էլ շատ քիչ են վարձատրվում, նրանք ունեն լուրջ խնդիրներ, և մենք չենք կարողանում պահել նրանց: Կոպիտ ասած՝ մնում են նրանք, ովքեր ճակատագրով միացած են համալսարանին, իսկ երիտասարդը չի գալիս նման պայմաններում աշխատելու:

Կրթական ոլորտը բավականին նուրբ ոլորտ է: Եվ այն, ինչ հիմա շրջանառության մեջ է դրված` ուսանող- դասախոս, վարձավճար-աշխատավարձ տարաձայնությունները, կարծում եմ՝ ոչ մի կապ չունեն կրթության բարելավման հետ, դրանք արհեստածին զրույցներ են: Իսկ այն, որ ասում են, թե բուհերը չպետք է բարձրացնեին վարձավճարները՝ անլուրջ խոսակցություններ են:

Անլուրջ են այն իմաստով, որ դա միտված չէ ուսանողության կամ դասախոսների շահերին: Հասկացեք, խնդրում եմ, մենք նույն խնդիրն ունենք, և խնդրի հասցեատերը սխալ է ընտրված: Ես կրկին կոչ եմ անում, չեմ խուսափում, պարզապես ես չգիտեմ՝ ո՞ւմ դիմեմ, որովհետև ընդգծված լիդեր չունի այս շարժումը, եթե լիներ ընդգծված լիդեր, միգուցե մենք փորձեինք նրանց հրավիրել և միասին լուրջ զրուցել ու հասկանալ, թե ի՞նչ են ուզում իրենք: Ինչո՞ւ են միայն այդ ցուցադրական բաներն անում և չեն ուզում կոնտակտի մեջ մտնել մեզ հետ, զրուցել…

– Իսկ չե՞ն ուզում:

– Չգիտեմ, ո՞ւր է, որ ուզում են…
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս