Բաժիններ՝

«Եթե «Ֆեյսբուքում» մեծ-մեծ խոսացողների 20%-ը գնար այդ հավաքներին, ապա փոփոխությունն ավելի արագ տեղի կունենար»

«Լավ էլի» խմբի համահիմնադիր Գոռ Մխիթարյանն արդեն երկար տարիներ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գտնվելով օվկիանոսից այն կողմ և գործելով որպես անհատ երաժիշտ` Գոռն այս տարիների ընթացքում շարունակաբար հետևել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխություններին, մշակույթի և այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին: 168.am-ը Գոռի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական նորությունների մասին, այլև անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

– Գոռ, սկզբում Snack, հետո՝ «Լավ էլի», բայց արդեն երկար տարիներ հանդես եք գալիս որպես անհատ կատարող: Ի՞նչ դեր ունեցան այս երկու խմբերը Ձեր ստեղծագործական կարիերայի վրա:

– Ես անցյալ ժամանակով չէր խոսի «Լավ էլի»-ի հետ իմ ունեցած փուլի մասին: Ես դեռ շարունակում եմ աշխատել, չնայած նախկինի համեմատ ավելի պասիվ ենք: Եվ, իհարկե, չժխտելով Snack-ի դերը, հենց «Լավ էլի»-ն, հատկապես Մհեր Մանուկյանը` խմբի հիմնական երգահանն ու երգիչն են մեծ դեր խաղացել իմ անհատական գործունեության հաջողության վրա:

– Այսինքն` հետևո՞ւմ եք խմբի գործունեությանը:

Կարդացեք նաև

– Իհարկե՛: Մեկ ամիս առաջ Հայաստանում էի և ութ համերգ ունեցանք Հայաստանի տարբեր անկյուններում գտնվող ճամբարներում` Դիլիջանում, Քարակերտում, Շենիկում, Հանքավանում, Վանաձորում, Փամբակում, Գետամեջում և Երևանում: Մի խոսքով` զուտ «Լավ էլի»-ի հետ կապված հագեցած երաժշտական այց էր:

Gor1

– Իսկ ինչո՞վ եք հիմա ԱՄՆ-ում զբաղված:

– Հիմա անհատական ձայնասկավառակի նյութերի վրա եմ աշխատում, որը, հուսով եմ, 2014 թվականին կթողարկվի: Դրան զուգահեռ «Լավ էլի»-ի հետ նոր ալբոմ ենք պլանավորում թողարկել: Այստեղ ես նաև կիթառի ստուդիա ունեմ, որտեղ երեխաներին կիթառ եմ դասավանդում, ինչպես նաև մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների համար երաժշտություն մատակարարում:

– Որպես երգիչ-երգահան` ԱՄՆ-ում գործունեություն ծավալելիս ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

-Հիմնական դժվարություններն իմ ժանրում միշտ ֆինանսական են եղել, քանի որ շուկայական իմաստով մեծ պահանջարկ չունեցող երաժշտություն եմ նվագում։ Դե, ավելի մեծ նախագծերի համար այդպես էլ ֆինանսավորում չի գտնվում և հավանաբար չի էլ գտնվի։ Չեմ բողոքում, իհարկե, որովհետև վերջին հաշվով միշտ մի բան ստացվել է:

– Հետաքրքիր է, որ հոգևոր երաժշտությունը ներկայացնում եք ժամանակակից գործիքավորմամբ: Նպատակն ինչ-որ առումով նաև հայ մարդուն իր արմատներին մոտեցնե՞լն է:

– Նաև դա: Հիմնական միտքը հոգևոր երաժշտությունը նոր ձևով ներկայացնելն ու այդ ժանրի մեջ նոր երգեր գրելն էր: Մենք սիրում ենք «բարբաջել» հոգևորից և քրիստոնեությունից՝ առանց դույզն ինչ հավատք ունենալու: Սա մեր մասին հայտնի փաստ է: Իմ արածն ուղղակի մի փոքրիկ առիթ էր, որ մի քանի ունկնդրի մոտ Աստծո հանդեպ հետաքրքրություն և կապ առաջանա: Ստացվե՞ց, թե՞ չստացվեց, արդեն ուրիշ հարց է: Ես, համենայնդեպս, ինձ մի քիչ բավարարված եմ զգում:

Gor2

Gor5

Gor7

– 2003 թվականից ԱՄՆ-ում եք բնակվում… արդեն տասը տարի է: Մի երգ ունեք, որում երգում եք հայրենիքից հեռանալու մասին: Ասում եք` «ես ու իմ հայրենիքը ոչինչ չունենք իրար ասելու»: Դեռևս ոչինչ չունե՞ք իրար ասելու:

– Այդ ժամանակ հիասթափված էի, քոչարյանական ռեժիմն էր իշխում և խեղդուկ էր տիրում: Հիմա երևի ավելի շատ բան ունեմ ասելու: Իսկ Դուք նկատե՞լ եք, որ այդ երգի մեջ նաև հեգնանք կա: Սփյուռքահայերն ասում են` «որ մեռնեմ, տարեք հայրենիք»: Իմ երգում ասում եմ`«Բայց երբ կգա պահը վախճանի, տարեք ինձ այնտեղ, ուր ես եմ ծնվել»…

– Եթե անդրադառնանք կրկներգին, «Ծեր հայրենիք՝ հոգնած բոլորից, իր պատմության նեխահոտ էջերից, արված-չարված կիսատ գործերից, որ կարող էինք անել, բայց ուզում ենք քնել»: Մեզ մոտ դեռևս քնելու ցանկությո՞ւնն է առաջնային:

– Մենք սիրում ենք խոսել և ոչինչ չանել։ Դա, իհարկե, մի քիչ փոխվեց սկսած 2007 թվականից և քաղաքացիական գիտակցության զարթոնքով մինչև հիմա շարունակվում է (բնապահպանություն, կանանց իրավունքներ, և այլն)։ Սա ինձ հույս է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։

– Հիմա որքանո՞վ եք հետաքրքրվում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններով: Մենք այսօր փայլուն երիտասարդություն ունենք, ով պայքարում է, ընդդիմանում, փորձում է ինչ-որ բան փոխել: Այս փոփոխությունները նկատելի՞ են դրսից:

– Միանշանակ նկատելի են։ Ես ապրում եմ Հայաստանով` գտնվելով Հայաստանից դուրս, հետևում եմ բառացիորեն ամեն ինչին, մշակույթից մինչև քաղաքականություն: «Փայլուն երիտասարդությունը»՝ լավ է ասված: Հենց նրանք են, որ բերում են այդ փոփոխությունները, որից այդքան վախենում է գործող համակարգը: Եվ ես դրանով եմ կարևորում 2007-ին ծնված պատմական շարժումը, որի օրգանական շարունակությունն այսօր է: Էստաֆետը շարունակվում է:

– Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞վ, ի վերջո, կավարտվեն հասարակություն-իշխանություն այս բախումները, իշխանությունը կզիջի՞ իր դիրքերը:

– Դժվար է ասել, հուսով եմ, որ իշխանությունն, ի վերջո, տեղի կտա: Կարծես թե աշխատող ձեռքերի (անձանց) պակաս կա: Այսինքն, եթե պայքարող զանգվածի քանակ լինի՝ տեղի կտան: Եթե «Ֆեյսբուքում» մեծ-մեծ խոսացողների 20%-ը գնար այդ հավաքներին, ապա փոփոխությունն ավելի արագ տեղի կունենար, իշխանությունն ուզեր-չուզեր կընկրկեր: Այս պահին, իրոք, ռեսուրսի պակաս կա:

– Անդրադառնանք կրկին Ձեր երգերին: Կպատմեք` ինչպե՞ս են ստեղծվում երգերը, ի՞նչ միջավայրում:

– Ոնց պատահի (ժպտում է,-Գ.Ա.): Հատուկ չեմ նստում երգ գրելու, պահի տակ կիթառ նվագելիս հետաքրքիր գաղափար է ծնվում և հուզող թեման էլ դառնում է տեքստ: Հետո ժամանակի ընթացքում վերամշակվում է՝ մինչև ինձ բավարարի: Վերջում, իհարկե, միշտ դժգոհ եմ մնում, բայց դա երբեք չվերջացող զգացում է: Ինչ-որ մի պահի պիտի որոշես, որ վերջնական տարբերակը դա է:

Gor4

Gor6

– Իսկ այդտեղ համերգներ ունենո՞ւմ եք:

– Այո, վերջին համերգը հունիսի 22-ին էր: Հաջորդը, հավանաբար, նոյեմբերի վերջին կլինի:

– Հանդիսատեսի շարքերում ավելի շատ հայե՞ր են, թե՞ արտասահմանցիներ:

– Նայած՝ որտե՞ղ ենք նվագում: Հիմնականում հայախոս լսարան է: Հայալեզու երգեր են ու դա բնական է: Չնայած հայկական գաղութներից դուրս էլ բազմաթիվ լսողներ ունեմ, քանի որ չնայած լեզուն հայերենն է, երգերի ձևաչափը ավելի շատ արևմտյան է:

– Այսինքն՝ տեղի հայերի հետ նաև շփում կա…

– Անպայման, ընկերներս հիմնականում հայեր են:

– Գոռ, իսկ Հայաստանում անհատական համերգ ունենալու մտադրություն չկա՞:

– Կա, հավանաբար դա կհամընկնի նոր CD-իս թողարկման հետ:

– Կսպասենք նորություններին, շնորհակալություն զրույցի համար:

Շնորհակալություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս