«Եվրոպական կողմը շատ բան է հայտարարել». Գագիկ Մինասյան
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին: Նրա հիմնավորմամբ՝ «ՀԱՊԿ-ի գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ, իսկ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:
Որքան էլ ՀՀ պաշտոնյաները հանգստացնեն, թե ՄՄ անդամությունը չի բացառում ԵՄ հետ համագործակցությունը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, այնուամենայնիվ, Հայաստանի լիիրավ անդամությունը Մաքսային միությանը միանշանակ բացառում է ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորումը, ինչը, մի շարք փորձագետների կարծիքով, էական է ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար:
Ի թիվս ՀՀ իշխանության մյուս ներկայացուցիչների, որոնք նախկինում տարբեր խնդիրներ էին ներկայացնում Մաքսայի միությանը Հայաստանի անդամության ճանապարհին, ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բազմիցս շեշտել է Արցախի խնդիրը, մասնավորապես նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նույն միության մեջ ներգրավման, Հայաստանի անդամակցությունը վիճահարույց է: Այդ իսկ պատճառով Գ.Մինասյանը բերում էր թեզ, որ ՀՀ-ն չի դառնա ՄՄ լիիրավ անդամ, այլ կհամագործակցի ՄՄ հետ տարբեր փոխշահավետ ուղղություններով:
Այս ընթացքում խոսք չի եղել, որ ԼՂՀ-ն նույնպես կարող է անդամակցել Մաքսային միությանը, իսկ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի գծումը միանշանակ մերժելի է (եթե իհարկե Պուտինը չգտնի տարբերակ՝ Սարգսյանին համոզելու, որ այդպես ավելի անվտանգ կլինի Արցախի համար):
Այս օրերին ՀՀ իշխանավորները բավականին ժլատ են դարձել մեկնաբանությունների առումով և գերադասում են լռել ու սպասել, թե հետո ինչ է ասելու երկրի նախագահը: Այդպես և Գ.Մինասյանը: 168.am-ի դիտարկմանը, որ Մինասյանի նախկին հայտարարությունները չեն համընկնում Սերժ Սարգսյանի մատուցած անակնկալի հետ, այսինքն՝ ՄՄ-ին լիիրավ անդամակցություն է լինելու, իր իսկ որակմամբ սպառիչ պատասխանեց. «Տեսնենք»:
Գ.Մինասյանի գնահատականով՝ այսօր էլ Հայաստանը խնդիր չունի ԵՄ և ՄՄ հետ հարաբերությունների զարգացման առումով:
Մեր այն դիտարկումը, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն սպասում է հայկական կողմի բացատրություններին, վրդովեցրեց Գ.Մինասյանին. «Եվրոպական կողմը շատ բան է հայտարարել, Դուք վերջին հայտարարությունը տեսե՞լ եք»:
ԵԽ բավականին հստակ շարադրված երեկվա հաղորդագրությունից հետո երեկ մի դիրքորոշում ևս հնչել է. Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանը բացառել է այն երկրների թվից, որոնց հետ ԵՄ-ը հուսով է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովում: Լիտվայի խորհրդարանում ընթացող ԵՄ-ի միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ միջխորհրդարանական կոնֆերանսի ժամանակ Գրիբաուսկայտեն չի հիշատակել Հայաստանը այն երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ը պետք է նախաստորագրի կամ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մինչդեռ նա հիշատակել է Ուկրաինան (ստորագրում), Վրաստանն ու Մոլդովան (նախաստորագրում): Այս դեպքում լռությունը կարելի է որակել որպես չարագուշակ: