Բաժիններ՝

Բուհերը կընդառաջե՞ն սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին

Ինչպես հայտնի է՝ այս տարի Հայաստանի հինգ համալսարաններ բարձրացրել են ուսման վարձավճարները: Չնայած համալսարանների ռեկտորները տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին վարձավճարների բարձրացման վերաբերյալ, մի խումբ ակտիվիստներ սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով չեղյալ համարել վարձավճարների բարձրացման մասին որոշումը: Մի քանի օր առաջ ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հայտարարություն տարածեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Վերջինս նշել էր, որ մտավախություն ունի, թե նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:

«ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը պետության կողմից: Չնայած որ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները կարող են ստանալ ուսման վճարի զեղչ, այս արտոնությունը գործում է միայն երկրորդ կիսամյակից, մինչդեռ առաջին կուրսի ուսանողը ստիպված է լինում վճարել առաջին կիսամյակի վարձը ուսումնական տարվա սկզբում»,- նշված էր Կ. Անդրեասյանի հայտարարության մեջ: Ելնելով նշվածից` ՄԻՊ-ն առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցումը պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը: «168 ժամը» ուսման վարձավճարները բարձրացրած 5 համալսարաններից հետաքրքրվեց, թե արդյոք ընդունելո՞ւ են Կարեն Անդրեասյանի առաջարկը և հետաձգելո՞ւ են ուսման վարձավճարների վճարման վերջնաժամկետը:

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ ԵՊՀ-ում վարձերի գանձման ժամկետը մինչև սեպտեմբերի 6-ն է. «Սեպտեմբերի 6-ին կամփոփենք տվյալները, այնուհետև կտեսնենք՝ մինչև ե՞րբ է պետք հետաձգել»: Կ. Գրիգորյանն ասաց, որ Կ. Անդրեասյանի առաջարկն ընդունելի է, քանի որ ԵՊՀ-ում լիբերալ մոտեցում են ցուցաբերում այդ հարցին. «Եթե անցյալ տարիներին մեզ մոտ ժամկետը եղել է մինչև սեպտեմբերի 10-15-ը, ապա այդ վարձավճարի գանձումը տևել է մինչև հոկտեմբեր, նույնիսկ դեպքեր են եղել մինչև նոյեմբերը՝ կախված նրանից, որ ուսանողները դիմում են գրել կամ անապահով են եղել:

Կարդացեք նաև

Այսինքն՝ ուսանողներին միշտ էլ ընդառաջվել է: Այս տարին բնականաբար բացառություն չէ: Կարեն Անդրեասյանը ինչ որ ասել է, ճիշտ է ասել: Խնդիրն այն է, որ մենք վարձավճարի գանձումը սահմանել ենք մինչև սեպտեմբերի 6-ը, մենք հեռու ենք այն մտքից, որ առաջին կուրսում սովորող բոլոր 3414 ուսանողներն էլ պետք է մի մարդու նման բերեն և ուսման վարձը վճարեն: Բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն կարողանա մինչև սեպտեմբերի 6-ը վճարել: Այդ դեպքում մենք տվյալները կամփոփենք, նոր որոշում կկայացնենք, կտեսնենք, 5 օրով է, 10 օրով է, ժամկետը կհետաձգենք»,- ասաց նա:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ կապված` բուհում կանոնակարգ է մշակվել, որը ներառում է ուսանողների ուսման վարձերի թեթևացման, կրթաթոշակների նշանակման և այլ հարցեր: «Այդ մասով այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա: Գ. Գևորգյանն ասաց, որ ՀՊՏՀ-ում վարձավճարների վճարման օր նշանակված է սեպտմեբերի 25-ը:

«Այդ նույն սոցիալական փաթեթով և այդ ձեռնարկվելիք քայլերով այնպես է, որ չվճարողների համար էլ կլինի որոշակի մոտեցում, վերաբերմունք»:

«Մեր բուհում երբեք, 90 տարվա պատմության ընթացքում, այն օրվանից սկսած, երբ ծնվեց վճարովի համակարգ հասկացողությունը, չի եղել, որ, ենթադրենք, ուսանողը 10 օր կամ 1 ամիս հետո ուզել է վճարել, ասենք՝ չէ՛, այսօր վճարեցիր, վճարեցիր, չվճարեցիր, ուրեմն դուրս ես մնում: Չի եղել նման բան»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Նա նշեց, որ ասվածը վերաբերում է նաև այս տարվան: Շ. Շահինյանը բացատրեց, որ ուսման վարձավճարների մուծման որոշակի ժամկետ սահմանելը որոշակի նպատակ է հետապնդում. «Մեր համալսարանում ամբողջությամբ անհատական ուսուցում է, այսինքն՝ մեկ ուսանողից կախված է 10-12 դասախոսի աշխատանք: Որքան շուտ նրանք վճարեն, հրամանագրվեն որպես ուսանող, այդ դասախոսների հաստիքները մենք կկարողանանք հրամանագրել, ամրագրել, որ այս դասախոսն ունի այսքան ժամ, որպեսզի նրանք աշխատավարձ ստանան»:

Շ. Շահինյանի տեղեկացմամբ՝ վարձերի մուծման ժամկետը կոնսերվատորիայում սահմանված է սեպտեմբերի 10-ը. եթե ԲՈՒՀ ընդունված բոլոր ուսանողները վճարեն և հրամանագրվեն, վճարովի համակարգ ընդունված ուսանողների թիվը կկազմի 68: Ուսման նվազագույն վարձավճարն այս տարի ԲՈՒՀ-ում կկազմի 700.000 դրամ:
Երևանի Կոմիտասի անվան պետակաը կոնսերվատորիայի ռեկտորից հետաքրքվեցինք նաև, թե բարձրացած վարձավճարների որքա՞ն մասը կուղղվի դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացմանը:

«Բոլոր ԲՈՒՀ-երի հետ համեմատած՝ մեզ պետությունն ամենաշատն է վճարում: Պետության հաշվարկներով՝ մեր 1 ուսանողն արժե մոտ 1 մլն դրամից մի փոքր ավելի: Սակայն նույնիսկ բարձրացված վճարով ընդունվածները 30-35 տոկոսով ցածր են վճարում նրանից, ինչ պետք է լինի: Վճարովի համակարգը ֆինանսական առումով վնասակար է կոնսերվատորիայի համար: Այլ ԲՈՒՀ-երի համար վճարովի համակարգը լավ բան է, ֆինանսական օգնություն է ցույց տալիս. այնտեղ լսարանում կլինի 80, թե 120 ուսանող, դասախոսն իր աշխատավարձն է ստանում, նույն ժամն է գրվում: Մեզ մոտ ամեն մի ուսանող իր հետ բերում է 7-10 դասախոսի աշխատանք: Եթե մենք ընդհանուր առմամբ ունենք մոտ 950 ուսանող և նրանցից 35 տոկոսը մի քանի տարի առաջ պետպատվերի շրջանակներում էր, 65 տոկոսը վճարովի համակարգում էր, ապա հիմա այդ ամենը փոխվում է և, իհարկե, կառավարության օժանդակությամբ: Այս տարի, օրինակ, մեզ մոտ 60-65 տոկոսն ընդունվեցին պետպատվերի, 35 տոկոսը՝ վճարովի համակարգ: Մոտ 90 ուսանող պետպատվերի համակարգում ընդունվեց: Վերջիվերջո, ունենք 900 ուսանող, և եթե ընդամենը 60 ուսանող (ընդհանուր ուսանողների 7-8 տոկոսը) նոր վարձավճար պետք է վճարեն, ապա դրա արդյունավետությունը շատ ցածր է՝ հաշվի առնելով նաև վճարովի համակարգում սովորող ուսանողների համար արվող զեղչերը: Ենթադրենք` 2-3 տոկոսով համալսարանի բյուջեն կմեծանա, այդ 2-3 տոկոսը 100 տոկոսով կգնա մեր դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը: Ունենալով յուրահատուկ իրականություն՝ ունենք այնքան աշխատող, ինչքան ուսանող»,- ասաց նա:

«Սոցիալապես անապահով խավի ուսանողների համար մենք միշտ կիրառում ենք ու կիրառելու ենք այս զեղչերը և բացի այդ զեղչերից, իրականացվում են սոցիալական այլ ծրագրեր, որոնք ուսումնական գործընթացի ժամանակ թեթևացնում են շատ հոգսեր»,- ի պատասխան հարցի, թե արդյոք Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ընդունելո՞ւ է Կարեն Անդրեասյանի առաջարկը և հետաձգելո՞ւ է ուսման վարձավճարների վճարման վերջնաժամկետը, ասաց համալսարանի մամուլի քարտուղար Հասմիկ Բիլյանը:

Իսկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից մեզ փոխանցեցին, որ հարցին կպատասխանեն այսօր:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս