Ռուսաստանի կողմից եղել է ուժի կիրառման սպառնալիք
Ասում է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը
– Պարոն Արզումանյան, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին»: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին, և արդյոք այս հայտարարությունը սպասելի՞ էր:
– Նախ պետք է նշեմ, որ ես էլ ծանոթ եմ միայն այն պաշտոնական հաղորդագրություններին, որոնք տարածվեցին այսօր, և ակնկալում եմ պարզաբանումներ և պաշտոնական բացատրություններ (հարցազրույցը կայացել է նույն օրը` սեպտեմբերի 3-ին,- Ա.Ս.): Ո՛չ, սա չի կարելի սպասելի զարգացում համարել, սա անակնկալ էր, որովհետև տարակուսելի է, որ Հայաստանի իշխանությունը մինչև երեկ հայտարարում էր, թե Հայաստանը սահման չունի Մաքսային միության անդամ երկրների հետ: Եվ ի՞նչ պատահեց, որ մի քանի ժամում սահմանը հայտնաբերվեց: Սա որոշում է, որը պետք է կայացվի ոչ թե միանձնյա, այլ իրազեկ հասարակական քննարկումների արդյունքում: Հայաստանն ընտրել էր իր ճանապարհը և 20 տարի ընթանում էր այդ ճանապարհով. եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն էր, և մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը:
Այսպիսի անակնկալ հայտարարություններ, մանավանդ երբ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական ղեկավարը (Գալուստ Սահակյանը.- Ա.Ս.) դրան զուգընթաց այստեղ հայտարարում է, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման պայմանագիրը, տեղիք է տալիս մտածելու, որ եղել է ուժի կիրառման սպառնալիք: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անընդունելի է, որովհետև դա հակասում է ՀՀ սահմանադրությանը և էապես սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, քանի որ, անդամակցելով այդ միությանը, ըստ գործող կարգի, մենք մեր իրավասությունների մի զգալի մասը հանձնում ենք վերպետական կառույցի, այսինքն՝ Մաքսային միությանը:
Սա երկար քննարկելու խնդիր է, գնահատականներ բազմիցս տվել ենք, բայց պետք է Ռուսաստանի մեր գործընկերներին հիշեցնեմ, որ որևէ միություն, որը ստեղծվում է ուժի սպառնալիքի հետևանքով, երկար կյանք չի կարող ունենալ: Եվ այս իշխանությունը լինի, թե մեկ այլ իշխանություն, վերանայելու են այս որոշումները, որովհետև միջազգային հարաբերություններում ընդունված չէ խոսել ուժի դիրքերից, մանավանդ երբ որևէ մեկին համարում ես քո ռազմավարական գործընկերը, ինչպես բազմիցս հայտարարվել է: Ռուսաստանն այսօր ուժի սպառնալիքով հանդես է գալիս թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի նկատմամբ, Վրաստանի դեպքում էլ, հիշում ենք, որ նույնիսկ պատերազմ սանձազերծեց: Ինչ կլինի մեր պարագայում, չգիտենք, նոր զարգացումներ են ի հայտ եկել:
Սա է պատճառը, որ պետք է սպասենք պաշտոնական պարզաբանումների. ի վերջո, կառավարությունը պարտավոր է հստակ բացատրություններ տալ այս անակնկալ շրջադարձի վերաբերյալ: Բացի այդ, մենք պետք է սպասենք մեր եվրոպական գործընկերների արձագանքներին: Բազմիցս հռչակվել է Եվրամիության այն մոտեցումը, որ այս երկու գործընթացները` Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միությունը, չեն կարող համատեղելի լինել, և կան հստակ հակասություններ: Ես չեմ ասում, որ պետք չէ համագործակցել Մաքսային միության անդամ երկրների, ԱՊՀ երկրների հետ: Պարզապես պետք է փորձել առաջնորդվել համաշխարհային առևտրի կողմից ձևավորված հստակ նորմերով և այդ նորմերին հակասող որևէ գործողություն չանել:
– Իսկ «մտադրություն հայտնելը» դիվանագիտության մեջ կարելի՞ է համարել վերջնական որոշում:
– Ո՛չ, դա ամենևին վերջնական որոշում չէ, ի վերջո, սա հո խանություն չէ՞, որ մեկն այդպես միանձնյա որոշում կայացնի: Կա հասարակություն, կա խորհրդարան, մենք պետք է քննարկենք, այս հարցերը պետք է արծարծվեն: Բայց հաշվի առնելով հենց այս հանգամանքը` կարելի էր սահմանափակվել շատ ավելի ընդհանրական ձևակերպումներով, որ հաշվի առնելով մեր շատ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ և անվտանգության ոլորտում մեր համագործակցության խորությունը և այն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Հայաստանն անշուշտ չպետք է անտեսի Ռուսաստանի շահը, բայց նաև չպետք է զոհաբերի մեր ժողովրդի ապագան` այդ շահը սպասարկելու համար, մենք պետք է երկուստեք առաջնորդվենք մեր ազգային շահերով:
Եվ կարելի էր անել հայտարարություն, որ Հայաստանը կշարունակի համագործակցության խորացման ձևեր գտնել Մաքսային միության, հետագայում ստեղծվելիք Եվրասիական միության հետ, և այս գործընթացն ամենևին չի նշանակում, որ մենք խզում ենք մեր կապերը Ռուսաստանի և ԱՊՀ-ում մեր մյուս գործընկերների հետ: Բայց միանշանակ ասելգ Սա ընտրության նման մի բան է, ի վերջո, սա ի չիք դարձրեց «և՛-և՛»-ի մասին բոլոր խոսակցությունները: Փաստորեն, ի՞նչ ստացվեց, «և՛-և՛» խոսելով` մենք գնացինք և հռչակեցինք մի ուղղությանը ստրուկի նվիրվածությամբ մինչև վերջ հավատարիմ մնալու մտադրության մասին:
– Այսինքն` Դուք կարծում եք, որ սա կարող է խոչընդոտե՞լ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, դա՞ նկատի ունեիք:
– Ես չէի ցանկանա Եվրոպական միության գործընկերների անունից խոսել, սպասենք արձագանքներին: Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը, վստահ եմ, որ այս երկու գործընթացները համադրելի չեն, և արձագանքներ կլսենք Բրյուսելից: Բայց, ինչպես հայտնի է, այդ մասին Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, այդ մասին շատ են խոսել հայտնի տնտեսագետներ, և այդ մասին ընդամենը վերջերս խոսել է մեր վարչապետը, արտգործնախարարի տեղակալն էլ մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության հետ, և անհնար է անդամակցությունը:
– Ռուսական կողմնորոշում ունեցող խոսնակներն անընդհատ կարծես համոզում էին, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անհնար է, քանի որ չկա սահման: Սա դիտավորյա՞լ էր արվում:
– Քանի որ ես ինքս իշխանությանը մաս չեմ կազմում, տեղյակ չեմ անցուդարձին և չեմ կարող ասել: Գիտեք, Ռուսաստանի կողմից միջազգային հանրության նկատմամբ քայլերը վերջերս այնպիսի ագրեսիվություն են պարունակում, որ անակնկալ սպասել կարծես հնարավոր չէ, բայց արի ու տես, որ ամեն անգամ մի նոր անակնկալ են մատուցում: Ի՞նչ են խոսել, ինչի՞ մասին են խոսել, ի՞նչ փաստարկներ են բերվել, թերևս մեր սերունդը դժվար իմանա. գաղտնի կպահվի, բայց, այնուամենայնիվ, ես հավատացած եմ, որ օգտագործվել է ուժի կիրառման սպառնալիք: Թե դա ի՞նչ բնույթ է կրել` տնտեսական սանկցիաների, պատերազմի վերսկսման, թե այլ ինչ-ինչ ձևերով, չեմ կարող ասել:
– Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նմանատիպ ցանկացած կարևորագույն որոշում պետք է դրվեր հանրային քննարկման` արդյոք պարզ չէ՞ր, որ Սերժ Սարգսյանը գնալու է Ռուսաստանի հետ զիջման, արդյոք նա ունե՞ր այլընտրանք:
– Նախ ասեմ` այդ քաղաքականությունը կանվանեք հավասարակշման, «և՛-և՛»-ի, կոմպլեմենտար, թե այլ տերմինով, էական չէ: Հայաստանը, լինելով փոքր երկիր և լինելով այս տարածաշրջանում, դատապարտված է ունենալու բազմավեկտորային քաղաքականություն, մենք ունենք հավասարապես լավ և հավասարապես կարևոր հարաբերություններ թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության, թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե Եվրամիության և թե՛ ԱՄՆ-ի հետ: Եվ եթե դու թափանցիկ ես քո գործողություններում և հուսալի գործընկեր ես, կարողանում ես բացատրել քո շահն ու չանել քայլեր, որոնք հակասում են քո գործընկերների շահերին, դա ընկալվում է մյուսների կողմից: Թերևս սա է պատճառը, որ այն երկրները, որոնք շատ լուրջ հակասություններ ունեն Իրանի հետ, սանկցիաներ են կիրառում նրա նկատմամբ, այնուամենայնիվ, ընդունում են, որ մենք Իրանի հետ պետք է ունենանք նորմալ բարիդրացիական հարաբերություններ:
Նույնը` Ռուսաստանի պարագայում, և այդ «և՛-և՛»-ը ենթադրում էր այդ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների շարունակականություն: Սակայն հիմա եկել է մի պահ, որ մենք այդ վեկտորներից մեկը պետք է ընտրենք որպես առաջնայնություն, և այդ ընտրությունը մենք արել ենք անկախության հանրաքվեն անցկացնելուց հետո` հռչակելով, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում և ցանկանում է կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն:
Եվ մենք քայլեր ենք արել այս ուղղությամբ, լավ, թե վատ, բայց մենք այս գործընթացը բերել ենք իր տրամաբանական հերթական փուլի ավարտին, այն է` Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Այս ընթացքում մենք պետք է թափանցիկ գործընթացի միջոցով բացատրեինք մեր բոլոր գործընկերներին, որ սա ուղղված չէ երրորդ երկրի դեմ, և մենք Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք կարևոր փոխադարձ պարտավորություններ: Այսպիսի միանշանակ շրջադարձի հետևանքով բոլորն են կորցնելու, և Ռուսաստանը չի կարող համարել, որ այստեղ հուսալի գործընկեր է ունենալու, որովհետև նորից կրկնեմ` պարտադրված լուծումը երբեք չի կարող երկարաժամկետ լինել: Այստեղ թերևս կա մեր թերացումը, մեր բացթողումն է, որ Ռուսաստանը, փորձելով ամրապնդվել տարածաշրջանում, գործարքներ է կնքում մեր «ոխերիմ բարեկամների» հետ: Այնպես որ, հայ-ռուսական հարաբերություններում լուրջ կնճիռ կար, որը ոչ թե հարթվեց, այլ մեզ, վասալային հարաբերություններին հարիր. հանձնարարեցին նման հայտարարություն անել: Ի՞նչ արձագանք կունենա, հերթն արդեն հասարակությանն է և քաղաքական գործիչներինն ու քաղաքական ուժերինը:
Ես մեկ պարագայում կարող եմ ընդունելի համարել Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես սուվերեն կազմավորում, դառնա Մաքսային միության անդամ, նրա վրա տարածվեն բոլոր այդ տարիֆները, և մենք այդ դեպքում չենք կարող Լեռնային Ղարաբաղի հետ փակ պահել մեր սահմանը, մենք էլ կձգտենք ինչ-որ կերպ ինտեգրվել: Բայց առաջինը պետք է ԼՂՀ-ն լիներ, որ մեզ առաջնորդեր դեպի Մաքսային միություն: Պատրա՞ստ է Ռուսաստանը ճանաչել ԼՂՀ-ն, պատրա՞ստ է նրան, որպես սուվերեն պետություն, տեսնել Մաքսային միության մեջ, սա է հարց:
– Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես մի անգամ շոշափվել է այս հարցի շրջանակներում:
– Այո՛, մինչ օրս մամուլում եղել է մեկ տեղեկատվություն` ոչ պաշտոնական ձևով, որ Ղազախստանը կտրականապես դեմ է, որ ԼՂՀ-ն ինչ-որ կերպ առնչվի Մաքսային միության հետ, որովհետև Ղազախստանը Ղարաբաղն ընկալում է որպես Ադրբեջանի տարածք, ինչը բարեկամ երկրին ոչ հարիր պահվածք է: Ղազախստանն է խոչընդոտել մեր անդամակցությանը, բայց ինչ փոխվեց, ինչ կատարվեց Մոսկվայում այս մի քանի ժամերի ընթացքում, ես չգիտեմ: Իշխանությունը պարտավոր է ժողովրդին տեղյակ պահել:
– Պարոն Արզումանյան, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ լինի ոչ թե ամբողջական համագործակցություն Մաքսային միության հետ, այլ համագործակցություն և՛ Մաքսային միության, և՛ Եվրոպական միության հետ:
– Իմ տեսակետն է, որ Հայաստանը պետք է ստորագրի Ասոցացման պայմանագիրը և դրա բաղկացուցիչը մասը հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, շարունակի իր ինտեգրումը եվրոպական կառույցներին և դրա հետ մեկտեղ Մաքսային միության հետ գտնի «Modus operandi» (գործելաձև), գտնի` ինչպես համագործակցել, ինչպես առևտուր վարել, որ այս ամենը չհակասի Մաքսային միության անդամ երկրների շահերին: Բայց ամբողջական մասնակցություն ես բացառում եմ, որովհետև դա նախ հակասում է Ասոցացման պայմանագրին, երկրորդը, ինչպես արդեն նշեցի, հակասում է մեր Սահմանադրությանը:
– ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարեց. «Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Հայաստանի ավանդական կապերի և համագործակցության վրա, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե այլ անմիջական կամ անուղղակի հարևան»: Ըստ Ձեզ` սա զուտ դիվանագիտակա՞ն հայտարարություն էր:
– Տեսեք, ես շատ եմ ցավում, որ մենք Հայաստանը հասցրել ենք այնպիսի իրավիճակի, որ նայում ենք, թե ով ինչ հայտարարություն կանի, ով ինչ կասի: Մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի ազգային շահով: Ըստ իս` Հայաստանի ազգային շահը լավագույնս կսպասարկի եվրոպական ինտեգրումը և Եվրոպայի հետ լավ հարաբերությունների ստեղծումը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հեռանկարի առումով: Այդ չինովնիկները, որ հայտարարություններ են անում, քաջ գիտակցում են, որ Հայաստանն ընկել է մի այնպիսի ծանր վիճակի մեջ, որ ունի մի անկանխատեսելի հարևան, ով անկանխատեսելի է ամբողջ աշխարհի համար և պատրաստ է բոլորի հետ պատերազմել: Այդ առումով` փորձում են ձև գտնել, մի քանի անգամ հայտարարել են, որ բոլորը քաջ գիտակցում են Հայաստանի անվտանգության սպառնալիքները և հասկանում են ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Բայց նրանք ոչ թե պետք է ասեն` մենք ինչ անենք, այլ նրանք ընդամենը պետք է գնահատական տան:
Դա ակումբ է, և նրանք պետք է ասեն` կարող ես այս ակումբին անդամակցել, կամ էլ չես կարող, սրանք են մեր նորմերը, եթե համապատասխանում ես, բարի գալուստ, եթե ոչ, գնա մտածի: Հարցն այն չէ, թե մենք ճիշտ ընտրություն ենք արել, թե ոչ: Մեզ ուղղակի կասեն` դուք եք արել ձեր ընտրությունը, գնացեք ապրեք այդ ընտրությամբ: Մենք մեր գալիք սերնդի համար ենք կայացնում այս որոշումները, մեր երեխաներն են ապրելու այս տարածաշրջանում, որը գնալով էլ ավելի է կլանվում Ռուսաստանի կողմից:
Չեմ կարծում, որ Եվրամիությունը կշարունակի մեզ համարել հուսալի գործընկեր, ո՛չ, այս գործընթացում մենք մեզ ոչ հուսալի գործընկերոջ պես պահեցինք: Կցանկանա շարունակել, լավ կլինի, կփորձենք, կաշխատենք: Ի վերջո, աշխարհն այս ամենով չվերջացավ: Ասոցացման պայմանագիրը կարելի է նախաստորագրել ոչ թե Վիլնյուսում` նոյեմբերին, այլ, ասենք, Բրյուսելում` հունվարի 6-ին:
«168 ԺԱՄ»