
Գևորգ Դանիելյանի պատասխանը, թե ինչու Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնախմբում ընդդիմությունը չկա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ զբաղվող մասնագիտական հանձնաժողովի օրակարգում առայժմ կառավարման համակարգի փոփոխության հարց դրված չէ, բայց չի բացառվում, որ ընթացքում հարցը ներառվի և քննարկման դրվի կազմի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ով նույնպես ընդգրկված է Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի կազմում:
«Բացարձակապես նման հարց չկա դրված, ընդհանրապես ոչ մի հարց հիմա առանձնացված չէ: Ընդհանուր բարեփոխումների հարցն է դրված, որպեսզի Սահմանադրությունն առավել համահունչ լինի միջազգային իրավունքի չափանիշներին՝ հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մասով: Հանձնախումբը նոր է ձևավորվել, քննարկում դեռևս չի էլ իրականացվել: Շտապում եք նման հարցեր բարձրացնելիս»,- նշեց նա: Նորաստեղծ հանձնաժողովի մասին արդեն հրապարակված թերահավատ տեսակետներն էլ, ըստ Գևորգ Դանիելյանի, միայն ենթադրություններ են, այն էլ` անհիմն:
Մեր հարցին, թե հանձնաժողովը ստեղծելուց առաջ ի՞նչ խնդիր է դրվել, որի լուծման տարբերակները քննարկվելու են, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն բազմիցս խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին և ընդհանուր գծերով բարձրաձայնել է այն ուղղությունները, որոնց համատեքստում իրենք պատկերացնում են բարեփոխումները: Հիմա կատարվել է կոնկրետ քայլ` ծրագիրը իրականության վերածելու համար: Ստեղծվում է մասնագիտական հանձնախումբ, որը իր դիրքորոշմամբ, պատկերացումներով, արհեստավարժությամբ, պետք է այդ խնդիրները առարկայական դարձնի: Խնդիր դրվել է, բայց մի բան է խնդիր դնել, մեկ ուրիշ բան է խնդիրները լուծելու համար հստակ ճանապարհներ փնտրելն ու բացահայտելը»:
Մենք ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ խնդիրը, որի մասին խոսում է մեր զրուցակիցը, կոնկրետ ի՞նչն է «բարեփոխվելու»: Ի պատասխան նա նշեց. «Դրա մասին բազմիցս խոսել են` դա նոր ասպեկտ չէ, խոսքն, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման, ինչպես նաև դատական իշխանության համակարգի հարցադրումների բարելավման մասին է, ինչը հնարավորություն կտա ավելի երաշխավորելու իշխանության հիշյալ ճյուղի անկախությունը: Իհարկե Սահմանադրությունը չէ, որ պետք է ամբողջությամբ լուծի այս խնդիրները, բայց այն պետք է լինի այն իրավական-քաղաքական հիմնարար փաստաթուղթը, որն ամուր հող կնախապատրաստի հետագա իրավական, կազմակերպական քայլերի համար: Կա նաև հղկվածության խնդիր` խմբագրական բնույթի, որովհետև իմ համոզմամբ, Սահմանադրությունը պետք է լինի կատարյալ, անխոցելի, իսկ այսօր բարելավման կարիք նաև այս առումով մեր Սահմանադրությունն ունի: Այս խնդիրները նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից են դրվել, ոչ միայն իշխող քաղաքական ուժի, այս տեսանկյունից ևս, կարծում եմ, ակնհայտ է, որ սրանք կարևոր հարցադրումներ են»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչներն ընդգրկված չեն կազմում, նա այսպես արձագանքեց. «Հանձանախումբը մասնագիտական կառույց է և քաղաքական հայացքները պետք է մի կողմ դրվեն: Խոսքը` Սահմանադրության, որպես իրավական փաստաթղթի մասին է, և ներգրաված պետք է լինեն մարդիկ, ովքեր ոչ թե կողմ կամ դեմ են քվեարկում՝ հիմքում ունենալով քաղաքական հայացքները, այլ` մասնագիտական աշխատանք են կատարում: Սահմանադրությունը, անշուշտ, իր մեջ նաև քաղաքական նրբերանգներ ունի, չեմ կարող հերքել, բայց սա չի նշանակում, որ այն պետք է լինի ոչ թե մասնագիտական, այլ` քաղաքական»:
Դիտարկմանը, թե ընդդիմության ներկայությունը բազմակարծություն կապահովի, նա նկատեց. «Համոզված եղեք` ավելի քան բազմակարծություն կլինի, դրա պակասը չի զգացվի: Կազմը տարբեր տեսակետների, մոտեցումների ներկայացուցիչ մասնագետներից է բաղկացած»: