Լավ կլինի՝ Սերժ Սարգսյանը վտարանդի մնա Մոսկվայում (տեսանյութ)

«Ոչ սովետական միության վերադարձին», «Սե´րժ, քանիսով ծախեցիր Հայաստանը» և նմանատիպ այլ պաստառներով ՀՀ ակտիվ քաղաքացիների մի խումբ այսօր բողոքի ակցիա անցկացրեց Բաղրամյան 26-ի դիմաց՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Նախագահական նստավայրի դիմացի մայթին ընթացող խաղաղ ցույցը վերածվեց քաշքշուկի, երբ քաղաքացիներից ոմանք անցան փողոցն ու մոտեցան նստավայրի դարպասներին: Ոստիկանները՝ շղթա կազմած ետ հրեցին մարդկանց, այդպիսով խցանում ստեղծելով պողոտայում և խանգարելով երթևեկությանը, իսկ ակտիվիստների 7-8 հոգու բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանական բաժանմունք:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ոստիկանների գործողությունը որակեց որպես «անօրինական քայլեր»: Ըստ նրա՝ ժողովուրդը, ընդվզողները պայքարում են ազատության համար, իսկ ազատությունը բարձր է ազգային և պետական շահերից. «Ոստիկանները չեն հասկանում ազատությունն ինչ է, եթե իմանային ազատութունն ինչ է, նման բան չէին անի»:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ ոստիկանները ընդունակ են ծառայել միայն իրենց պետին՝ մոռանալով, որ հասարակական կարգի պահապանն են. «Մարդիկ խաղաղ բողոքի ցույց էին անում, իրենք սկսեցին քաշքշել, աղջիկներին հրել: Անհնարին է որ իրենք փոխվեն, համակագը երբ փոխվի, իրենք էլ կփոխվեն»:

Նրա որակմամբ՝ առանց հանրաքվեի Հայաստանի անունից հայտարարություններ անելու Սերժ Սարգսյանի քայլը հակասահմանադրական է: Բարսեղյանի խոսքով՝ անհնար է, որ Սերժ Սարգսյանը նախօրոք չիմանար, թե ինչ է լինելու Մոսկվայում, իսկ այդ դեպքում Սարգյանը պետք է մի բուռ հող տաներ, փռեր իր ոտքերի տակ ու «բանակցեր Վալոդի հետ»: Մինչդեռ 4 տարի շարունակ ՀՀ ԱԳ փոխանախարարը բանակցում էր եվրոպացիների հետ. «Չի բացառվում, որ եվրոպան ասի՝ ապեր, դու կրկնակի ստանդարտներով ապրող ժողովուրդ ես, քո հետ ինչ խոսենք»:

Կարդացեք նաև

«Լավ կլինի՝ ինքը վտարանդի մնա այնտեղ, ետ չգա»,- նկատեց Լ.Բարսեղյանը:

ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի խոսքերը գրոշի արժեք չունեն, Մաքսային միությունը Վլադիմիր Պուտինի կամակորությունն է:

«Թույլ չենք տալու, որ լինի չընտրված նախագահ կամ մեկ այլ ոք, որ զիջի Հայաստանի սուվերենությունը: Մենք եկել ենք զգուշացնելու, որ նման քայլի չգնան: Եթե փորձեն մաքսային միություն, Եվրասիական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր անեն, մեզնից կակնկալեն շատ ավելի լուրջ, հուժկու հակահարված»,- ասաց Սանասարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս