Հայաստանի որոշումը կոմպլեմենտարիզմի վերջն է. փորձագետ

Երևանը պաշտոնապես չի հայտարարի փոխլրացման արտաքին քաղաքականությունից հրաժարվելու մասին, սակայն դե ֆակտո Եվրասական միության օգտին ընտրությունն արդեն արված է, «Новости-Армения» գործակալությանն ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Կարծում եմ` հրապարակայնորեն դա չի ծանուցվի։ Պաշտոնապես փոխլրացման քաղաքականությունը կպահպանվի, սակայն դե ֆակտո Եվրասիական միության օգտին ընտրությունն արված է, իսկ դա կոմպլեմենտարիզմի ավարտն է»,– նշել է Ալեքսանդրովը` մեկնաբանելով Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի որոշումը։

Ըստ ռուս փորձագետի` Արևմուտքը, իհարկե, դրանով չի հանգստանա և Հայաստանի համար պայքարը չի դադարեցնի, ինչպես չի դադարեցնում պայքարը Բելառուսի համար, թեև այն վաղուց արդեն Մաքսային միության մաս է։

«Միաժամանակ Արևմուտքը կգործի հայտնի մեթոդներով` ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը,  հրահրել զանգվածային անկարգությունների` գործող նախագահին պաշտոնանկ անելու և նրան իր դրածոյով փոխարինելու նպատակով»,– նշել է Ալեքսանդրովը։

Փորձագետը կարծում է նաև, որ Երևանի և Մոսկվայի միջև վստահությունը վերականգնված է, սակայն հարաբերությունների նոր մակարդակի մասին խոսելը դեռ վաղ է։ «Դրա համար Հայաստանը պետք է գործնական քայլեր անի Մաքսային միությանը միանալու ուղղությամբ»,– ասել է Ալեքսանդրովը:

 

Տեսանյութեր

Լրահոս