Հիվանդների համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ դա հաստատ ջրից է
Օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզի Օշական և և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր: Հայտնաբերվել էր 58 հիվանդ, որոնց մի մասը բուժօգնություն էր ստացել Աշտարակի բժշկական կենտրոնում, մի քանիսն էլ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդների մի մասն էլ բուժվում էր ամբուլատոր պայմաններում:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
«Վիճակները բավարար են, լավանում են»,- ասաց նա: Լուսինե Պարոնյանը նաև տեղեկացրեց, որ Աշտարակի բժշկական կենտրոնում հոպիտալացված է 4 հիվանդ. նրանց վիճակը ևս բավարար է. «Առաջիկա օրերին հավանաբար դուրս կգրվեն»:
Լուսինե Պարոնյանի խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Առողջապահության նախարարության հաղորդագրությունում նշվում էր, որ նախնական վարկածով վարակի աղբյուրը խմլու ջուրն է եղել: Լուսինե Պարոնյանինց հետարքրքրվեցինք՝ արդյոք հաստատվե՞լ է այդ վարկածը:
«Ջրի հետազոտություններն ամեն օր են արվում: Ամեն օր որոշվում է մնացորդային քլորի առկայությունը և ախտածին մանրէների առկայությունը: Բայց ջուրը միշտ մաքուր է եղել. եթե որևէ վթար է եղել, դա վերացվել է, որովհետև ջուրը մաքուր է եղել, բայց հիվանդների համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ դա հաստատ ջրից է, ուրիշ պատճառ չէր կարող լինել»,- ասաց նա: